ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ փոխարտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասի վերջին զարգացումների մասին և նշել, որ Երևան-Թեհրան հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար։
Նա նշել է. «Հայաստանն Իրանի հետ իր հարաբերությունները համարում է ռազմավարական և Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և հաղորդակցության ուղիների վերաբերյալ ցանկացած համաձայնագրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս լուրջ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությանը, Իրանի և Հայաստանի փոխադարձ շահերին, ինչպես նաև Իրանի անվտանգության և աշխարհաքաղաքական մտահոգություններին»։
Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Մասւդ Փեզեշքյանի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցներին, Կոստանյանը պարզաբանումներ է տվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մշակման և նախաստորագրման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման տարբեր ասպեկտների վերաբերյալ։
Խոսելով Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում շատ լավ հարաբերությունների և լայնածավալ համագործակցության մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների իշխանությունների վճռականությունն ու կամքը՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները՝ երկու ժողովուրդների փոխադարձ շահերին, ինչպես նաև Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը համապատասխան։
Ընդգծելով ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հարգելով տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, Արաղչին ասել է, որ երթուղիների ապաշրջափակման ոչ մի ծրագիր չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության կամ տարածաշրջանի մյուս երկրների հաղորդակցության ուղիների խաթարման։
ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների կողմից ցանկացած խաղաղության համաձայնագրի առավելություններից համատեղ օգտվելու կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների կողմից լուծելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ 3+3 մեխանիզմի շրջանակներում՝ առանց տարածաշրջանային դերակատարների միջամտության։