Հայաստանն ու Իրանը աջակցում են «3+3» տարածաշրջանային հարթակին
Իրանը և Հայաստանըաջակցում են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակին։ Այս մասին ասվում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները աջակցել են տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների, այդ թվում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջխաղացմանը։
Միևնույն ժամանակ, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Փեզեշքյանը կրկին նշել է, որ Իրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումները պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում՝ անդամակցող երկրների որոշած հերթականությամբ։
Հիշեցնենք, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի վերջին հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տեղի է ունեցել Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերին։