Արդյո՞ք Իրանն Արևմտյան Ասիայում առաջատար է պորտալարի արյան ցողունային բջիջների ոլորտում
Իրանի «Ռոյան» հետազոտական ինստիտուտի դասախոսը նշել է, որ «Ռոյան էմբրիոնալ տեխնոլոգիաների ընկերության» ներկայիս ամենակարևոր ծրագիրը պորտալարի արյան ցողունային բջիջների պահպանումն է։
Պորտալարի արյունը, որպես ցողունային բջիջների արժեքավոր աղբյուր, կարևոր դեր է խաղում արյան հիվանդությունների բուժման գործում:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Մորթեզա Զարաբին ասել է․ «Մեր կենտրոնի բանկն այժմ ունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պորտալարի արյուն պահելու ամենամեծ հզորությունը»:
Զարաբին նշել է, որ պորտալարի արյան ցողունային բջիջները կարող են օգտագործվել արյան հիվանդությունների, այդ թվում՝ արյան քաղցկեղի տարբեր տեսակների, բնածին անեմիաների, թալասեմիայի և իմունային համակարգի անբավարարությունների բուժման մեջ։
Նրա խոսքով․ «Այս բջիջները կարող են փոխարինել ոսկրածուծի փոխպատվաստումը արյան հիվանդություններով հիվանդների մոտ»:
Զարաբին ասել է. «Մենք տարեկան պահում ենք պորտալարի արյան ավելի քան 20 հազար նմուշ»:
Անդրադառնալով այլ երկրներից նմուշների պահպանմանը՝ Իրանի «Ռոյան» հետազոտական ինստիտուտի դասախոսն ասել է. «Տեղական նմուշներից բացի, Իրանում պահվել են նաև այլ երկրներից ստացված բազմաթիվ նմուշներ։ Մենք այս պահին կարողացել ենք պահպանել պորտալարի արյան մոտ 250 հազար նմուշ։ Սա արժեքավոր ռեսուրս է փոխպատվաստման կենտրոնների համար»։