Իրանի բալիստիկ հրթիռների հարցը բանակցելի չէ, իսկ Ուրանի հարստացումը կշարունակվի․ Քամալ Խարազի
-
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին CNN-ի հետ հարցազրույցում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների պայմանը պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին CNN-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների անհրաժեշտ պայման է համարել հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանումը և ընդգծել. Որպեսզի բանակցությունների թեման և գործընթացը հստակ լինեն, նախապես պետք է համաձայնեցվի բանակցությունների օրակարգը։
Խարազին հավելեց, որ նրանք պետք է առաջին քայլը անեն և ցույց տան, որ պատրաստ են մեզ հետ փոխգործակցել մեր կողմից սահմանված պայմանների հիման վրա: Նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը «տեղական» է, նա ասաց. «Այս կարողությունը հիմնված է մեր գիտնականների և ինժեներների հմտությունների ու գիտելիքների վրա և չի կարող ոչնչացվել ուժով»:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը ուրանի հարստացման դադարեցումը անընդունելի անվանեց՝ նշելով. «Մենք պետք է շարունակենք ուրանի հարստացումը: Որովհետև մենք պետք է վառելիք արտադրենք մեր էլեկտրակայանների ու նաև մեր բժշկական ակտիվությունների համար: Այսպիսով, մենք չենք կարող դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն հարստացման աստիճանը կարող է բանակցությունների առարկա լինել»:
Խարազին Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը անքննարկելի համարեց՝ ասելով. «Միակ հարցը, որի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել Միացյալ Նահանգների և ուրիշների հետ, միջուկային հարցն է: Մենք չենք բանակցելու ուրիշների հետ այլ հարցերի, այդ թվում՝ մեր հրթիռային ակտիվությունների շուրջ, և բաց չենք թողնի այն, ինչ կարող ենք անել մեր հրթիռները բարելավելու համար»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նաև ասել է. «Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական մոտեցում ցուցաբերի, ապա նա անպայման կտեսնի մեր փոխադարձ վերաբերմունքը: Դրա համար նրանք պետք է զերծ մնան Իրանի դեմ ուժի կիրառումից: Նրանք արդեն դա փորձել են, և հիմա գիտեն, որ ուժը արդյունքվետ չէ»: