ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդի հավանությամբ. Փեզեշքիան
Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիակատար հավանության և համակարգման ներքո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Այս բանակցություններն ընթանում են գերագույն առաջնորդ՝ Ալի Խամենեիի լիակատար համակարգմամբ և հավանությամբ։ Մեր նպատակն է լուծել խնդիրները, այլ ոչ թե պարզապես բանակցել հանուն բանակցությունների: Մենք լրջորեն ձգտում ենք արդյունքի հասնել։ Հուսով ենք, որ բանակցային գործընթացն իսկապես շոշափելի արդյունքի կհանգեցնի», - ասել է Փեզեշքիանը․հաղորդում է IRNA գործակալությունը։
Այսօր Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում, տեղի են ունեցել իրանական միջուկային դոսյեյի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը:
Արաղչին բանակցությունները անվանել է «կառուցողական» և «լուրջ»: Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնցով կաշխատեն հետագա գործարքի վրա։ Առայժմ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա աշխատելու համար, այնուհետև կփոխանակվեն տեքստերով և ըստ այդմ կորոշեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը:
Հիշեցնենք, որ բանակցությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացման հեռանկարներին: 2018 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և պատժամիջոցների վերսկսումից հետո համաձայնագիրը փաստացի դադարել էր գործել: Հետագա շփումներն ուղղված էին կարգավորման նոր բանաձևի որոնմանը, որը հաշվի կառնի երկու կողմերի շահերը։