Իրանը մտադիր է վերականգնել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ներկայումս Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններում նկատվում է լարվածություն, և դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով տեղի ունեցած հակամարտությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«40-օրյա պատերազմի ընթացքում մենք հարվածներ էինք հասցնում տարածաշրջանում և անգամ դրա սահմաններից դուրս գտնվող ամերիկյան բազաներին, ինչպես նաև ամերիկյան ռազմական օբյեկտներին և ամերիկյան զորքերի հավաքման վայրերին։ Մենք կարծում ենք, որ այդ գործողությունները ձեռնարկվել են բացառապես ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
Մենք մշտապես կապ ենք պահպանում տարածաշրջանի երկրների հետ և նրանց բացատրում ենք, որ թշնամանք չենք տածում այդ երկրների նկատմամբ։
Կարծում եմ՝ տարածաշրջանային մակարդակով կա ընդհանուր ըմբռնում, որ Իրանի գործողությունները պայմանավորված չեն տարածաշրջանի երկրների նկատմամբ թշնամանքով, այլ բխում են այլ պատճառներից, որոնք բոլորին հայտնի և հասկանալի են։
Իմ կարծիքով, լարվածության թուլանալուց հետո մենք պետք է անցնենք այդ երկրների հետ վստահության ամրապնդման փուլին։ Ես նրանց մեջ տեսնում եմ այդ վստահությունը վերականգնելու ձգտում։ Ի վերջո, մենք հարևաններ ենք և կմնանք հարևաններ։ Մենք պետք է կարողանանք միասին ապրել խաղաղության մեջ։
Տարածաշրջանում այժմ ձևավորվել է հավաքական ըմբռնում, որ անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն հավաքականորեն։ Երկրները չեն կարող անվտանգություն ապահովել միայն իրենց համար, հատկապես հենվելով օտար տերությունների վրա, այն դեպքում, երբ նրանց հարևանները բախվում են անկայունության կամ տնտեսական խնդիրների»,- նշել է նա։