Իսլամական հեղափոխության առաջնորդ․ Լիբանանի «Հեզբոլլահին» աջակցելը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունն է
Իսլամական հեղափոխության առաջնորդը, պատասխանելով Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի և շարժման մարտիկների հավատարմության ու նվիրվածության մասին նամակին, բարձր է գնահատել սիոնիստական ռեժիմի նկատմամբ շարժման դիմադրությունն ու հաստատակամությունը և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակելու է աջակցել «Հեզբոլլահի» մարտիկներին՝ որպես իր ռազմավարական քաղաքականության անբաժանելի մաս։
Նա նաև նշել է, որ Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը և սիոնիստական ռեժիմի ագրեսիայի լիակատար ու անվերապահ դադարեցումը պատերազմի ավարտին ուղղված ցանկացած համաձայնության հիմնական նախապայմաններն են։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ այաթոլլահ Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին իր ուղերձում «Հեզբոլլահի» դիմադրությունը բնութագրել է որպես ոգեշնչման աղբյուր աշխարհի ազատասեր ժողովուրդների համար՝ անարդարության և բռնատիրության դեմ պայքարում։ Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի հարձակումներին դիմակայելու գործում շարժման դերին՝ նա շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին, հատկապես երկրի հարավային շրջանների բնակիչներին՝ համբերության, անձնազոհության և աջակցության համար։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է, որ այսօր աշխարհի ժողովուրդները հոգնել են ԱՄՆ-ի քաղաքականությունից և սիոնիստական ռեժիմի գործողություններից, իսկ ջիհադի և դիմադրության ուղին համարել է անարդարության դեմ պայքարի և հաղթանակի հասնելու միակ ճանապարհը։ Նա նշել է, որ այս ճանապարհին հաստատակամ մնալը կդառնա աստվածային խոստման և հավատացյալների հաղթանակի իրականացման հիմքը։
Ուղերձում նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հեզբոլլահի» մարտիկների պաշտպանությունը դիտարկում է իր ռազմավարական քաղաքականության շրջանակում՝ միաժամանակ ընդգծելով Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի ագրեսիայի լիակատար դադարեցման անհրաժեշտությունը։
Իսլամական հեղափոխության առաջնորդը, հարգանքի տուրք մատուցելով Դիմադրության առանցքի նահատակներին, հատկապես սեյեդ Հասան Նասրալլահին և մյուս հրամանատարներին, աղոթել է, որ Ամենակարող Աստված Լիբանանի մարտիկներին, վիրավորներին, նահատակների ընտանիքներին և դիմադրող ժողովրդին պարգևի արժանապատվություն, հաղթանակ և իր ողորմությունը։