Իրանի մշակութային դիվանագիտության զարգացումը՝ Հայաստանի առանցքայնությամբ․ Ներկայացվել են զբոսաշրջային երեք նախաձեռնություններ
Իրանի զբոսաշրջության հարցերով փոխնախարարը հայտարարել է «Իրանի զբոսաշրջային քարավան» նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է ընդլայնել մշակութային դիվանագիտությունը և զարգացնել զբոսաշրջային համագործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով «Միրաս Արիա» գործակալությանը, Անուշիրվան Մոհսենի Բանդփեյը զբոսաշրջային երեք նախաձեռնությունների, այդ թվում՝ «Իրանի և Հայաստանի մշակույթի և գաստրոնոմիական զբոսաշրջության հինգերորդ համատեղ միջոցառման» բացման հանդիսության ժամանակ հայտարարել է, որ այս ծրագրերն իրականացվում են մշակութային փոխգործակցությունն ամրապնդելու, Իրանի միջազգային վարկանիշը վերականգնելու և 15 հարևան երկրների հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Նա, կարևորելով մասնավոր հատվածի դերը զբոսաշրջության զարգացման գործում, տեղեկացրել է տարածաշրջանի երկրների հետ համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև «Իրանի անվանի գործիչների այգի-թանգարանի» բացման մասին, որը նախատեսվում է իրականացնել Շիրազի գրական զբոսաշրջության ծրագրերին զուգահեռ։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունները կնպաստեն մշակութային դիվանագիտության ամրապնդմանը և Իրանի զբոսաշրջային ներուժի առավել լայն ներկայացմանը։