Փեզեշքյան․ Իրանի ժողովուրդը միասնական է թշնամիների դավադրությունների դիմաց
Pars Today- Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի ժողովրդի համերաշխությունն ու միասնականությունը բոլոր ոլորտներում եղել են երկրի անվտանգության և կայունության դեմ ուղղված թշնամիների ծրագրերի գլխավոր խոչընդոտը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը չորեքշաբթի օրը հեռուստատեսային ուղերձով խոսել է Իրանի ժողովրդի հետ՝ անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին և առաջացած մարտահրավերներին։ Անդրադառնալով «Ձգանի մեխանիզմի » գործարկմանը, 12-օրյա պատերազմին, ինչպես նաև դեկտեմբերի 18-19-ի անկարգություններին՝ նա նշել է, որ թշնամիները մշակված սցենարներով նպատակ ունեին կարճ ժամանակում վերահսկողություն հաստատել Իրանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ հետագա զարգացումները, այդ թվում՝ վերջին պատերազմը, Իսլամական հեղափոխության առաջնորդի և հրամանատարների նահատակությունը, ավելի են մեծացրել ճնշումները, սակայն երբ պետությունն ու ժողովուրդը միասնական են, որևէ ուժ չի կարող կաթվածահար անել Իրանին։
Իրանի նախագահը հավելել է, որ գործադրվող ճնշումներն ու մշակված ծրագրերը նպատակ ունեն դժգոհություն առաջացնել ժողովրդի շրջանում և մղել մարդկանց բողոքի, սակայն Իրանի ժողովուրդը արժանապատվորեն կանգնած է Իրանի, իր երկրի ու ապագայի կողքին։
Փեզեշքյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների թեմային և ռազմական իրադարձությունների նկատմամբ միջազգային վերաբերմունքին՝ նշելով, որ խաղաղ բնակիչների և երեխաների դեմ իրականացվող գործողությունները որևէ տրամաբանական արդարացում չունեն և համաշխարհային հանրային կարծիքում թողնում են բացասական ազդեցություն։ Նա նաև ընդգծել է, որ գիտական կենտրոնների, գիտնականների և ազդեցիկ անձանց թիրախավորումը Իրանի դեմ իրականացվող ճնշումների մի մասն է։
Փեզեշքյանը նաև խոսել է լարվածության կառավարման գործում երկրի առաջնորդի աջակցության մասին։ Անդրադառնալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ իր ծանոթությանը՝ նա նշել է, որ իր գնահատմամբ՝ վերջինս բարոյականության, տրամաբանության և համեստության տեսանկյունից բացառիկ անձնավորություն է։ Փեզեշքյանի խոսքով՝ առաջնորդի հետ զրույցներում վերջինս միշտ դրսևորել է աջակցող, բարեհամբույր և պատշաճ վերաբերմունք, ինչի շնորհիվ ինքը կարողացել է անկեղծորեն արտահայտել իր մտքերը և փոխարենը ստացել է տրամաբանության ու փոխադարձ հարգանքի շրջանակում տրված պատասխաններ։