Իրանի ԱԳ նախարար․ ճնշումների ներքո Իրանը չի հրաժարվի դիմադրության ուղուց
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ընդգծելով արտաքին ճնշումներին դիմակայելու մոտեցման շարունակականությունը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած բոլոր ճնշումներին, հավատարիմ է իր խոստմանը և կշարունակի ընթանալ այս ճանապարհով։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ՝ Աբբաս Արաղչին, կիրակի օրը ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին, նշել է․ «Չնայած բազմաթիվ զոհերին, Իրանի ժողովուրդը դիմակայել է այդ հարձակումներին և հաստատակամորեն պաշտպանել իր արժանապատվությունն ու անկախությունը»։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ պատմությունը դժվարին հանգրվաններում փորձության է ենթարկում ժողովուրդներին։ Նրա խոսքով՝ նման պայմաններում ժողովուրդները պետք է ընտրություն կատարեն՝ ենթարկվե՞լ անարդարությանը, թե՞ դիմակայել՝ սեփական արժեքներն ու անկախությունը պահպանելու համար։
Պատմությունը ցույց է տալիս, որ այն ժողովուրդները, որոնք հրաժարվում են իրենց անկախությունից և ազգային կամքից, կորցնում են ոչ միայն իրենց տարածքի մի մասը, այլև վտանգի տակ են դնում իրենց հավաքական ինքնությունն ու սեփական ապագան որոշելու կարողությունը։
Արաղչին հավելել է․ «Հենց այս գաղափարական և, իհարկե, ռազմավարական ընկալմամբ է, որ Իրանը, չնայած բոլոր ճնշումներին, հաստատակամորեն հավատարիմ է մնացել դիմադրության իր ուղուն և, Աստծո կամոք, կշարունակի մնալ այդ ուղու վրա»։
Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով վերջին հարձակումների հետևանքով զոհվածներին, նշել է․ «Թույլ չենք տա, որ այդ զոհերի արյունը մոռացվի կամ անտեսվի։ Ո՛չ մոռանալու ենք, ո՛չ էլ ներելու»։