Նորդուզի լոգիստիկ ենթակառուցվածքները կզարգանան՝ Իրանի ցամաքային առևտրի ամրապնդման նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i248810-Նորդուզի_լոգիստիկ_ենթակառուցվածքները_կզարգանան_Իրանի_ցամաքային_առևտրի_ամրապնդման_նպատակով
«Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպությունը, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և բարձրացնել երկրի առևտրային ցանցի դիմակայունությունը, նախատեսում է զարգացնել Նորդուզի սահմանային անցակետի լոգիստիկ ենթակառուցվածքները։
(last modified 2026-08-11T12:55:27+00:00 )
Օգոստոս 11, 2026 16:23 Asia/Tehran
  • Նորդուզի լոգիստիկ ենթակառուցվածքները կզարգանան՝ Իրանի ցամաքային առևտրի ամրապնդման նպատակով

«Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպությունը, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և բարձրացնել երկրի առևտրային ցանցի դիմակայունությունը, նախատեսում է զարգացնել Նորդուզի սահմանային անցակետի լոգիստիկ ենթակառուցվածքները։

 Նպատակն է տարածաշրջանը վերածել Իրանի՝ Եվրասիայի և Հարավային Կովկասի հետ ցամաքային առևտրի հիմնական հանգույցներից մեկի։
Հղում անելով Tinn News-ին Pars Today-ը հաղորդում է, որ «Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպության գլխավոր տնօրեն Հադի Մոքադամզադեն, անդրադառնալով Իրանի ծովային մատակարարման և բաշխման ցանցի սահմանափակումներին, ընդգծել է ցամաքային տարանցման հնարավորությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Այս շրջանակում Իրանի և Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզի 15 հեկտար տարածքով լոգիստիկ համալիրն առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Դրա առաջին՝ 7 հեկտար տարածքով փուլն արդեն շահագործվում է և ապահովում է բեռնաթափման ու բեռնման, պահեստավորման, բեռնատարների կայանման և սահմանային հերթերի կառավարման ծառայություններ։
Ծրագրի ամբողջական ավարտից հետո Նորդուզի լոգիստիկ համալիրի տարեկան կարողությունները կհասնեն 750 հազար տոննա ապրանքների միջանկյալ վերաբեռնման, 45 հազար տոննա պահեստավորման և 32 հազար բեռնատարի սպասարկման։ Ակնկալվում է, որ այս հնարավորությունները կնպաստեն բեռնատարների կանգառների ժամանակի կրճատմանը և արտահանման ու տարանցիկ փոխադրումների դյուրացմանը։
Միաժամանակ զարգացվում են «Արաս» ազատ տնտեսական գոտու ևս 227 և 16 հեկտար տարածքներով լոգիստիկ համալիրները։
«Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ տարածաշրջանի գտնվելը Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք և Հարավային Կովկասի տրանսպորտային միջանցքների խաչմերուկում, Իրանի համար կարևոր հնարավորություն է ստեղծում՝ մեծացնելու իր մասնաբաժինը տարածաշրջանային առևտրում և ամրապնդելու կապերը ԵԵՏՄ-ի հետ։