Մոհսեն Ռեզայի. ԱՄՆ-ը պետք է վերջ տա պատերազմին
https://parstoday.ir/hy/news/iran-i248836-Մոհսեն_Ռեզայի._ԱՄՆ_ը_պետք_է_վերջ_տա_պատերազմին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում անկայունության ստեղծման պատճառը։
(last modified 2026-08-12T07:06:49+00:00 )
Օգոստոս 12, 2026 09:48 Asia/Tehran
  • Մոհսեն Ռեզայի. ԱՄՆ-ը պետք է վերջ տա պատերազմին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում անկայունության ստեղծման պատճառը։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանում Չինաստանի դեսպան Ցոնգ Պեյվուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թեհրանին պատերազմ պարտադրելով՝ ԱՄՆ-ն վտանգի տակ է դրել ամբողջ տարածաշրջանը։

Անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված կառուցողական և կայուն հարաբերություններին, Ռեզային ասել է, որ երկու երկրների միջև գործում է ռազմավարական համաձայնություն։ Նա ընդգծել է նաև, որ Իրանը և Չինաստանը անդամակցում են այնպիսի կարևոր միջազգային կառույցների ու նախաձեռնությունների, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը, ինչը մեծ ներուժ է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Ռեզային դրական է գնահատել նաև Չինաստանի դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «հակաիրանական և անօրինական» բանաձևին չաջակցելու հարցում։

Նա ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի։

«ԱՄՆ-ը պետք է վերջ դնի պատերազմին, վերադարձնի Իրանի սառեցված միջոցները, իսկ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, պատերազմը պետք է ավարտվի։ Կան նաև այլ պայմաններ, որոնք միջնորդների միջոցով փոխանցվել են նրանց»,– ասել է Ռեզային։

Նա հավելել է, որ եթե Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավերի ու այլ փոխադրամիջոցների անցման երթուղու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, դա առանձին հարց է և չի նշանակում, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը դադարեցվել է։ Նրա խոսքով՝ այդ երկու հարցերը պետք է տարանջատել։

Չինաստանի դեսպան Ցոնգ Պեյվուն իր հերթին ընդգծել է Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Պեկինի աջակցությունը և Իրանը ու Չինաստանը անվանել ռազմավարական գործընկերներ։

Նա հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։

Դեսպանը, անդրադառնալով Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Պեկինի պատրաստակամությանը, ասել է, որ Չինաստանի համոզմամբ՝ Իրանը, ուժից բացի, օժտված է նաև խոհեմությամբ ու իմաստությամբ և կարող է կառավարել ստեղծված իրավիճակը։

Ցոնգ Պեյվուն նաև նշել է, որ Չինաստանը մշտապես ողջունում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։