Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումը՝ Սաադի հիմնադրամի մշակութային դիվանագիտության առաջնահերթությունն է
Իրանի Սաադի հիմնադրամի ներկայացուցիչները, անդրադառնալով Հայաստանում մշակութային գործունեության փորձին, ընդգծել են տեղացի դասավանդողների վերապատրաստման և տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պարսկերենի ուսուցման ընդլայնման կարևորությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr-ը, Սաադի հիմնադրամի քարտուղար Ղահրաման Սոլեյմանին պարսկերեն լեզուն և գրականությունը համարել է Իրանի մշակույթն ու քաղաքակրթությունն աշխարհում ներկայացնելու կարևորագույն միջոցներից մեկը։ Նա ընդգծել է պարսկերենի ուսուցման միջոցով մշակութային դիվանագիտության ամրապնդման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Սադի հիմնադրամի մարդկային ռեսուրսների զարգացման գծով փոխնախագահ Մոհամմադալի Քիանին, անդրադառնալով Հայաստանում իր նախկին մշակութային գործունեությանը, նշել է, որ այս երկրում և այլ մշակութային առաքելությունների շրջանակում ձեռք բերած փորձը կարող է օգտագործվել հիմնադրամի միջազգային ծրագրերի առաջմղման նպատակով։
Սաադի հիմնադրամի կրթության և հետազոտությունների գծով փոխնախագահ Ահմադ Ռամեզանին նույնպես տեղացի դասավանդողների վերապատրաստումը համարել է հիմնադրամի առաջնահերթություններից մեկը։ Նրա խոսքով՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում պարսկերեն լեզու սովորող աշակերտներն ու ուսանողները, շարունակելով կրթությունը և ձեռք բերելով անհրաժեշտ մասնագիտացում, կարող են իրենց երկրներում դառնալ պարսկերեն լեզվի դասավանդողներ։
Նա նաև հայտնել է առցանց ուսուցման ընդլայնման, ուսումնական նյութերի մշակման և պարսկերենի ուսուցման միասնական համակարգի գործարկման մասին, ինչը հնարավորություն կտա Իրանից դուրս գտնվող պարսկերեն լեզուն ուսումնասիրող ուսանողներին ավելի լայն հասանելիություն ունենալ կրթական ծրագրերին։