Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչության» դրսևորում են
https://parstoday.ir/hy/news/iran-i249234-Իրանի_ԱԳՆ_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցները_տնտեսական_ահաբեկչության_դրսևորում_են
ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները՝ այդ քայլը որակելով «տնտեսական ահաբեկչության» և «մարդկության դեմ հանցագործության» դրսևորում։
(last modified 2026-08-21T07:08:29+00:00 )
Օգոստոս 21, 2026 10:14 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչության» դրսևորում են

ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները՝ այդ քայլը որակելով «տնտեսական ահաբեկչության» և «մարդկության դեմ հանցագործության» դրսևորում։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է

«ԱՄՆ-ի իշխանությունները, Իրանում 1953 թ․ օգոտսոսի 19-ի ամոթալի հեղաշրջման տարելիցին, հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ լայնածավալ տնտեսական և առևտրային պատժամիջոցներ կիրառելու մասին։ Այս քայլը ոչ միայն Իրանի ժողովրդի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը մշակողների 73 տարի շարունակվող հակակրանքի և թշնամանքի հերթական դրսևորումն է, այլև վկայում է ԱՄՆ-ի իշխանությունների հակամարդկային, օրենքը խախտող և գերիշխանական էության մասին։

Անկասկած, Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, որոնք թիրախավորում են Իրանի յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար մարդկային իրավունքները, «տնտեսական ահաբեկչության» և «մարդկության դեմ հանցագործության» դրսևորում են, և այդ պատժամիջոցների մշակողներն ու գործադրողները նման նողկալի հանցագործություններ կատարելու համար պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն։

Այս պատժամիջոցները, որոնք սահմանվում են Իրանի դեմ վերջին մեկուկես տարվա ընթացքում ամերիկա-սիոնիստական պարտադրված պատերազմներից և Իրանի ժողովրդին իրենց անօրինական ու հակամարդկային նպատակներին ենթարկելու նպատակով գործադրված չարամիտ ծրագրերի ձախողումից հետո, միայն երկարացնում են Իրանի դեմ ԱՄՆ-ի գործած հանցագործությունների ցանկը։ Սակայն, անկասկած, դրանք որևէ ազդեցություն չեն ունենա Իրանի անկախությունը, արժանապատվությունն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու իրանցիների վճռականության վրա։

Պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումը պատերազմի և ագրեսիայի մյուս կողմն են, և դրանցից ԱՄՆ-ի հիվանդագին կախվածությունը ոչ միայն համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունն է ենթարկում իրական սպառնալիքի, այլև մարդկային քաղաքակրթությունը հասցրել է աննախադեպ բարոյական անկման։ Հետևաբար, ցանկացած պետություն, որը հավատում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին, այդ թվում՝ պետությունների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքին, չի կարող անտարբեր մնալ միջազգային հիմնարար նորմերի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակական օրենքազանցության և բացահայտ թշնամական գործողությունների հանդեպ։

Նոր պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի աղմկոտ հայտարարությունը, միաժամանակ, մարդկության դեմ հանցագործություն կատարելու բացահայտ խոստովանության վկայություն է և այն քաղաքականության շարունակությունն է, որը նախկինում ձախողվել է։ Այդ քաղաքականությունը կրկին փորձելն, անկասկած, որևէ այլ արդյունք չի տա, քան անցյալի ձախողումների կրկնությունը և այդ քաղաքականության մշակողների ու իրականացնողների վարկաբեկումը։ Միևնույն ժամանակ, դրա հետևանքների և արդյունքների պատասխանատվությունը կրելու են ԱՄՆ-ի կառավարությունը, ինչպես նաև այս քաղաքականության մշակողներն ու իրականացնողները։

Իրանի ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով Իրանի ժողովրդի նկատմամբ անօրինական և հակամարդկային պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԱՄՆ-ի քայլը, ընդգծում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատուն և վճռական է սեփական անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմական, տնտեսական, քաղաքական և հոգեբանական հարձակումներին ու ճնշումներին դիմակայելու հարցում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով իր ազգային աննախադեպ կարողությունների և ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ ճնշման, միջամտության, ռազմական ագրեսիայի և պետական ահաբեկչության քաղաքականությանը յոթ տասնամյակ շարունակ համակողմանիորեն դիմակայելու փորձի վրա, կօգտագործի բոլոր միջոցներն ու հնարավորությունները՝ ամերիկա-սիոնիստական թշնամու չարագործությունները կանխելու և Իրանի ազգային շահերը պաշտպանելու համար»։