Բաղայի․ Իրանի հզորությունը պայմանավորված է ժողովրդի դիմադրությամբ և զինված ուժերի հզորությամբ
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը՝ նշելով, որ ժամանակակից շրջանում Իրանը երբեք այնքան հզոր չի եղել, որքան այսօր, և այդ հզորությունը ժողովրդի դիմադրության ու զինված ուժերի կարողությունների արդյունքն է։
Հղում անելով IRIB-ին Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային «Հատուկ լրատվական զրույց» հաղորդման ընթացքում ասել է, որ թշնամիները կարծում էին՝ Իրանը մի քանի օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում կհասցնեն փլուզման, սակայն ժողովրդի միասնությունն ու դիմադրությունը ձախողեցին նրանց հաշվարկները։
Բաղային անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին՝ նշելով, որ այդ ջրային ուղին գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես առափնյա պետություն, միջազգային իրավունքի համաձայն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Նա Հորմուզում ստեղծված անապահովությունը համարել է ԱՄՆ-ի ապօրինի գործողությունների հետևանք և ընդգծել, որ Իրանը պատասխանատու չէ ստեղծված իրավիճակի համար։
Անդրադառնալով զինված ուժերի դերին, նա նշել է, որ թշնամու յուրաքանչյուր հարվածի ավելի հզոր պատասխան է տրվել, իսկ դիվանագիտությունը, հենվելով ռազմական կարողությունների վրա, տարածաշրջանի երկրներին մղել է երկխոսության և համագործակցության՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության։
Բաղային նշել է, որ Իրանը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում, հավելելով, որ տնտեսական պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը տնտեսական պատերազմի մաս են կազմում։ Նա ընդգծել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, իսկ իր գործողությունները կրում են պաշտպանական բնույթ։
Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի գագաթնաժողովներին Իրանի մասնակցությանը, նա նշել է․ «Թեհրանը, հենվելով ներքին կարողությունների և ժողովրդի աջակցության վրա, միաժամանակ դիվանագիտական հարթակում ջանքեր է գործադրում ազգային շահերի և տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման ուղղությամբ»։