ԱՄՆ-ի տնտեսության վրա Իրանի ճնշման լծակները
-
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, պատասխանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հռետորաբանությանը, որը պնդել էր, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրանի տնտեսությունը կփլուզվի, ներկայացրել է ԱՄՆ-ի տնտեսության նկատմամբ Իրանի ճնշման լծակները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով IRIB-ին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում հրապարակած գրառման մեջ, անդրադառնալով Բեսենթի խոցելի վիճակին, գրել է, որ ԱՄՆ կառավարությունը նախկինում մեծածավալ վարկեր է վերցրել գրեթե զրոյական տոկոսադրույքներով, իսկ այժմ այդ վարկերի մարման ժամկետը հասել է, և կառավարությունը ստիպված է դրանք մարելու համար կրկին նոր վարկեր վերցնել՝ զգալիորեն ավելի բարձր տոկոսադրույքներով։
Նա հավելել է. «Մյուս կողմից, պարտատոմսերի գնորդների հնարավորություններն ու կարողությունները նույնպես շարունակաբար նվազում են։ Օրինակ՝ ԱՄՆ պարտատոմսերի խոշոր գնորդները, ինչպիսիք են Չինաստանն ու Ճապոնիան, ավելի քիչ հետաքրքրված են նոր պարտատոմսեր գնելու կամ նախկինում ձեռք բերված պարտատոմսերը պահելու հարցում, ինչի հետևանքով պարտատոմսերի եկամտաբերությունը աճում է»։
Ղալիբաֆը Բեսենթին հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ պահելու և էներգակիրների գները բարձր մակարդակի վրա պահելու, ինչպես նաև պարտատոմսերի եկամտաբերության աճի վրա ազդելու հարցում Իրանի դերը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կանգնեցրել է խորացող ճգնաժամի առջև և սրել նրա բոլոր խնդիրները։ Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն կարողանա հաղթահարել այս տնտեսական խնդիրները, քանի դեռ դրանք չեն լուծվել՝ հարգելով Իրանի ժողովրդի իրավունքները։
Նա նշել է, որ ԱՄՆ կառավարության 30-ամյա պարտատոմսերի տոկոսադրույքը նախօրեին հասել է 2002 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, և ներկայիս միտման պահպանման դեպքում հնարավոր է վերադարձ 1990-ականների և դրանից առաջ եղած տարիների տոկոսադրույքներին։
Ղալիբաֆն իր գրառմանը կցել է Բեսենթի՝ նախօրեին նշանակված նոր խորհրդական Դեյվիդ Զերվոսի լուսանկարը, գրելով, որ Զերվոսը հայտնի է արտասովոր հայտարարություններով։
Ղալիբաֆը գրել է․ «Օրինակ՝ Զերվոսը տարիներ առաջ հայտարարել էր, որ հրաժարվելու է մազերն ու մորուքը կտրելուց այնքան ժամանակ, քանի դեռ Դաշնային պահուստային համակարգը չի նվազեցրել տոկոսադրույքները»։
Զերվոսի՝ Բեսենթի խորհրդական նշանակվելը ֆինանսական շուկաների մասնակիցների շրջանում դարձել է հումորի և ծաղրի առարկա։