Իրանի բանակի խոսնակ․ ԱՄՆ-ն հայտնվել է ռազմավարական մեկուսացման մեջ
Իրանի բանակի խոսնակը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն հայտնվել է ռազմավարական մեկուսացման մեջ։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ ապօրինի պատերազմ սանձազերծելու՝ ԱՄՆ-ի նպատակը իրանական-իսլամական քաղաքակրթության ոչնչացումն է։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ը, Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Աքրամի Նիան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մյուս երկրների զինված ուժերից տարբերվում է աստվածային հավատքի և հոգևոր արժեքների վրա հիմնված լինելու հանգամանքով։ Նրա խոսքով՝ գաղափարաքաղաքական կառույցը կարևոր դեր է ունեցել բանակում հոգևոր մթնոլորտի և համապատասխան գաղափարախոսության ձևավորման գործում։
Անդրադառնալով վերջին պատերազմում Իրանի դեմ թշնամիների անարդար ագրեսիային՝ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կանխել թշնամու կեղծ քարոզչությունը, որի նպատակն է սեփական գործողությունները որպես հաղթանակ ներկայացնելը։ Նրա խոսքով՝ այս հարցում մշակութային գործիչները կարևոր առաքելություն ունեն։
Խոսելով ուժի, հատկապես՝ փափուկ ուժի ձևավորման կարևորության մասին՝ Աքրամի Նիան նշել է, որ փափուկ ուժի հայեցակարգը ռազմական և միջազգային հարաբերությունների ոլորտներում կիրառության մեջ է մտել 20-րդ դարի վերջին։ Այն լրացնում և ամրապնդում է կոշտ ուժը, իսկ բանակում փափուկ ուժի զարգացումը մեծ նշանակություն ունի։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հունաստանի Ակրոպոլիսում ունեցած վերջին ելույթին՝ Իրանի բանակի խոսնակն ասել է, որ այն Իրանի փափուկ ուժի հիմքերը թուլացնելու թշնամու ջանքերի շարունակությունն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները բացահայտել են այդ երկրի կեղծավոր էությունը։ Եթե նախկինում Վաշինգտոնը պնդում էր, թե դեմ է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին և ոչ թե ժողովրդին, ապա այժմ, ըստ Աքրամի Նիայի, ԱՄՆ-ն բացահայտել է իր հակաքաղաքակրթական բնույթն ու գերիշխանական նկրտումները։
Նա ընդգծել է, որ պատերազմը սանձազերծելիս ԱՄՆ իշխանությունների նպատակը ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի տապալումն է, այլև իրանական-իսլամական քաղաքակրթության ոչնչացումը։
Ըստ Իրանի բանակի խոսնակի՝ ԱՄՆ ղեկավարները կարծում էին, որ Իսլամական հեղափոխության առաջնորդին և ռազմական հրամանատարներին սպանելով՝ կկարողանան ահաբեկել Իրանի ժողովրդին և պարտադրել հանձնվել, սակայն Իրանի իրազեկ և խիզախ ժողովուրդը պատմական դիմադրությամբ զարմացրել է հակառակորդներին և ձախողել նրանց ծրագրերը։