Ռոհանի. Իրանը ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատումը
ԻԻՀ նախագահը նշել է, որ Թեհրանը ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատումը: «Պիտի զգուշանալ, որպեսզի հրադադարի շրջանում ահաբեկիչների հզորացման համար առիթ չստեղծվի». ասել է նա:
Սիրիայում հրադադարը սկսվեց ուրբաթ օրվա առաջին ժամերից: Հրադադարը չի տարածվում ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի ու նրանց կապված այլ խմբավորումների վրա:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ երեկոյան՝ Թեհրանում, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոաալեմի հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով ահաբեկչության դեմ պայքարում ու հատկապես Հալեպում Սիրիայի կառավարության, բանակի ու ժողովրդի արձանագրած հաղթանակի կապակցությամբ, ընդգծել է. «Հալեպում հաղթանակն այն ուղերձը հղեց ահաբեկիչներին, որ ոճրագործության ու արյունահեղության ուղղությամբ ընտրած սխալ ճանապարհում չեն հաջողելու»:
Ռոհանին նշել է, որ Հալեպում արձանագրված հաղթանակից հետո Սիրիայում կայունության ու անվտանգության վերականգնման նպատակով քաղաքական ակտիվության ու ահաբեկիչների դեմ քայլեր ձեռնարկելու համար լավ պայմաններ են ստեղծվել: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ապագա քայլերն ու խաղաղության բանակցությունները կհանգեցնեն Սիրիայի ամբողջ տարածքում Դամասկոսի իշխանության տարածմանը, ժողովրդի համար անվտանգության ստեղծմանն ու նաև այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը:
«Դիմադրության բնագավառում ու քաղաքական տարբեր ասպարեզներում Իրանը շարունակ կանգնած է եղել Սիրիայի ժողովրդի կողքին և ապագայում էլ կշարունակի այդ հովանավորությունը և ի վերջո հաղթանակը Սիրիայի ժողովրդինն է լինելու»,-ընդգծել է Ռոհանին:
Սիրիայի ԱԳ նախարարն այս հանդիպման ժամանակ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ողջույնները փոխանցելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին, ասել է. «Անկասկած, ԻԻՀ համակողմանի հովանավորությունն ազդեցիկ դերակատարություն է ունեցել և շարունակելու է ունենալ ահաբեկիչների դիմաց Սիրիայի ժողովրդի դիմադրության հարցում»: