Ռոհանի. Իրանը կրոնների բարեկամության ու խաղաղության երկիր է
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ԻԻՀ-ն պատմության ընթացքում մշտապես ձգտել է խաղաղության ու բարեկամության հաստատման»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը՝ Թեհրանում, զբոսավարների համաշխարհային կոնվենցիայի նստաշրջանին ունեցած ելույթում ասել է. «Իրանում մզկիթի ու եկեղեցու կողքին աստվածային կրոնների հետևորդների միջև առկա է խաղաղ համակեցություն, իսկ խորհրդարանում մուսուլման պատգամավորների կողքին ներկա են զրադաշտական, քրիստոնյա և հրեա պատգամավորներ»:
«Տարածաշրջանում ու աշխարհում 7000-ամյա քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող Իրանի ժողովրդի երկարաժամկետ նպատակներից մեկը ժողովուրդների միջև կապեր հաստատելն է»,-հավելել է Ռոհանին:
Նա նշել է. «Այսօր պատեր կառուցելու ժամանակը չէ ու եթե մի տեղ ժողովուրդների միջև պատեր կան դրանք պիտի վերցնել: Պետք է վերացնել նաև ժողովուրդների միջև եղած տարածությունը»:
«Բարեբախտաբար այսօր ահաբեկչությունը տարածաշրջանում թուլանում է»,-հայտարարել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը նշելով, որ Թեհրանը պատրաստ է աշխարհի ցանկացած կետում աջակցել ահաբեկչության դեմ պայքարին:
Ակնարկելով ահաբեկչության դիմաց տարածաշրջանի անմեղ ժողովրդին պաշտպանելու Իրանի ջանքեին, Ռոհանին ասել է. «Եթե չլիներ Իրաքի ու Սիրիայի բանակին ու ժողովրդին Իրանի օժանդակությունն, այսօր Դամասկոսում ու Բաղդադում իշխելու էին ահաբեկիչները»: