Ռոհանի. ՀԳՀԾ-ի խաթարվելը դիվանագիտության պարտությունն է լինելու
ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ին հասցված ցանկացած վնաս համազոր է համարել միջազգային ասպարեզում դիվանագիտության կրած պարտության հետ:
Երեքշաբթի երեկոյան, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ն այն ուղերձն էր պարունակում, որ միջազգային բարդ հարցերը հնարավոր է կարգավորել երկխոսության միջոցով: Հետևաբար բոլոր երկրները պիտի դրա պաշտպանության ու գործադրման ուղղությամբ ջանք գործադրեն,: ՀԳՀԾ-ին հասցված ցանկացած վնաս կարող է վտանգավոր ուղերձ հղել աշխարհին այն մասին, որ դիվանագիտությունն անկարող է կարգավորել բարդությունները»:
«Իրանը որպես ահաբեկչության զոհ, տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է գտնվում և Ֆրանսիան կարող է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև կայունության պահպանման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունենալ»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին նշել է, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և միայն քաղաքական միջոցներով է կարող կարգավորվել: «Միևնույն ժամանակ պաշտպանելով տարածքային ամբողջականությունը, պիտի շարունակվեն հումանիտար օժանդակությունների առաքումն ու այդ երկրի վերկառուցումը, ինչպես նաև ահաբեկչական խմբերի, հատկապես ԻԼԻՊ ու Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի դեմ պայքարը». ասել է նա:
Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն նշել է, որ բոլորը պիտի պահպանեն միջազգային նվաճում համարվող ՀԳՀԾ-ն,: «ԵՄ-ն ՀԳՀԾ-ի ձեռքբերումների պաշտպանության ուղղությամբ ընդհանուր ռազմավարություն ունի». ասել է նա: