Ղասեմի. Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը պետք է առաջնորդվի տարածաշրջանի իրականություններով
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը չորեքշաբթի գիշեր Պարսից ծոցի համագործակցության խորհրդին հորդորել է գործել՝ տարածաշրջանի իրականությունների ճիշտ ըմբռնմամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հակազդելով Քուվեյթում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրությանն, ընդգծել է. «Այս հաղորդագրությունը տարածաշրջանի իրականությունները չըմբռնելու և այդ խորհրդի անգործունակության բացահայտ ապացույցն է»:
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը երեքշաբթի գիշեր Քուվեյթում գումարված գագաթնաժողովի ավարտին մի հաղորդագրությամբ ԻԻՀ-ին մեղադրել է ծայրահեղության ու տարածամոլական քաղաքականություններ որդեգրելու մեջ:
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն այս հաղորդագրության մեջ Պաղեստինի հարցին ու Եմենի ճգնաժամին անդրադարձ կատարելու և Երուսաղեմի մասին Թրամփի որոշումը դատապարտելու փոխարեն վերահաստատել է ԱՄՆ-ի հետ համագործակցության հանդեպ խորհրդի հանձնառությունը:
«Տարածաշրջանում լարվածությունների մեղմացման և խնդիրների կարգավորման նպատակով ԻԻՀ-ն շարունակ ընդգծել է խորհրդի անդամների հետ բանակցության ու խորհրդակցության համար իր պատրաստակամությունը և հավատացած է, որ բռնի ուժի կիրառումը, ժողովուրդներին կոտորելն ու օտարներին կառչելը չեն կարող խթան հանդիսանալ խնդիրների կարգավորմանը և տարածաշրջանի պատմությունը լեցուն է նման դառն ու ձախողված փորձերով»,-ընդգծեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: