Խոշռու. Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի քայլը նպատակ ունի օրինականություն փոխանցել զավթողականությանը
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Պաղեստինի բռնազավթումը տարածաշրջանի բոլոր ճգնաժամերի արմատն է: Նա ընդգծել է. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը նպատակ ունի օրինականություն փոխանցել զավթողականությանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը «Խաղաղության մշակույթը» խորագրով ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում խստորեն դատապարտելով Թրամփի այդ քայլը, այն միջազգային բանաձևերի կոպիտ ոտնահարում է որակել:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Պաղեստինի ժողովրդի անվիճարկելի, այդ թվում Ղոդս սրբազան քաղաքի կապակցությամբ ունեցած իրավունքները մերժող որևէ քայլ, միայն ավելի է սրելու իրավիճակը: «Միջազգային հանրությունն ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին համարում է անպատասխանատու և անօրինական այս քայլի վտանգավոր հետևանքների պատասխանատուն»:
Խոշռուն Թրամփի այս որոշումը Միջին Արևելքում խաղաղության ու կայունության կապակցությամբ ԱՄՆ-ի երկդիմի ու պառակտիչ քաղաքականությունների ապացույցը համարելով, հավելել է. «Միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքների և Պաղեստինի ժողովրդի իրավունքների հանդեպ ԱՄՆ-ի անուշադրությունը ծառայություն է մատուցում Սիոնիստական ռեժիմին»:
Անտեսելով միջազգային ու տարածաշրջանային ծավալուն հակառակությունները, Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք է ճանաչում և այդ երկրի պետքարտուղարությունից պահանջեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ նախապատրաստական քայլեր ձեռնարկել:
Իրանն առաջին երկրներից էր, որ դատապարտեց ԱՄՆ նախագահի այդ քայլը: ԻԻՀ ԱԳ նախարարությունը չորեքշաբթի գիշեր հրապարակված հաղորդագրությամբ ընդգծեց. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի քայլը միջազգային բանաձևերի կոպիտ ոտնահարում է համարվում»:
Շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Թրամփի այդ քայլը: