Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Փարիզ
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը մեկնել է Փարիզ, «Euromoney»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու և ֆրանսիացի պաշտոնատարների հետ քաղաքական ու տնտեսական ոլորտներում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
«Euromoney»-ն բանկային, կապիտալ և ներդրումային շուկաներում միջազգայնորեն ճանաչված հաստատություն է:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին , Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը ,Կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին և Սաման բանկի ղեկավար կազմի նախագահ Վալի Զարաբիեն ելույթով հանդես կգան Փարիզում կայանալիք «Euromoney» երկրորդ համաժողովում:
Եվրոպայի ավելի քան 250 խոշոր բանկերի ու ֆինանսական հաստատությունների տնօրեններ, փորձագետներ ու ներկայացուցիչներ մասնակցելու են մեկօրյա համաժողովին:
«Euromoney» համաժողովում քննարկվելու են միջազգային առևտրի, բանկային հարաբերությունների , միջազգային սկզբունքներին իրանական ընկերությունների ու բանկերի համապատասխանեցման հետ կապված հարցեր:
Համաժողովի գլխավոր նպատակներից մեկը Իրանում օտարերկրյա ներդրումների հնարավորությունների նման հարցերի քննարկումն է: