Իրանի արտգործնախարարությունը հակադարձել է Պոմպեոյի արած հայտարարություններին
Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռիադում կատարած հայտարարություններին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունն ապակայունացնում է տարածաշրջանը»:
Կիրակի օրը, Ռիադում կայացած մամլո ասուլիսում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և իր սաուդցի պաշտոնակից Ադել Ալ-Ջոբայրը քննադատել են Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները:
Երկուշաբթի օրը, Բահրամ Ղասեմին ասել է.«Ռիադի հետ ԱՄՆ-ի համագործակցությունն ապակայունացնում է տարածաշրջանը և թափ է հաղորդում սաուդցի անփորձ ու ռազմամոլ դիվանագետների ծայրահեղականությանն ու սպառազինական մրցակցությանը»:
Նշելով, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը մինչ օրս ավերիչ հետևանքներ է ունեցել տարածաշրջանում, այդ թվում ավելացել են բռնությունը, անվստահությունը, անապահովությունն ու անկայունությունը և սրվել են ճգնաժամերը, Ղասեմին ասել է.«Քանի դեռ այս անսուրբ համագործակցությունը շարունակվում է, տարածաշրջանի ժողովուրդները չեն ճաշակելու անվտանգության, խաղաղության, մարդկային ու տնտեսական զարգացման համը»:
Ղասեմին նշել է, որ Իրաքում ու Սիրիայում խորհրդատուի դերում Իրանի ներկայությունն այդ երկրների օրինական կառավարությունների խնդրանքով է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: