Հանդիպումներ Ջաբերի Անսարիի հետ
Թեհրանում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իտալի դեսպանները և Գերմանիայի հավատարմատարը երկուշաբթի օրը հանդիպել են քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականի հետ: Հանդիպմանը քննարկվել է Եմենում տիրող ծանր իրավիճակը և կողմերը բանակցել են այդ երկրի ճգնաժամը կարգավորելու համար Եվրոպայի հետ համագործակցության շուրջ:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Հոսեյն Ջաբերի Անսարին շեշտել է.«Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի և այն հնարավոր է կարգավորել միմիայն քաղաքական բանակցության միջոցով»:
Նրա խոսքերով, հարձակումներն ագրեսորների համար ոչ մի ձեռքբերում չեն ունեցել: «Նրանք պետք է իրենց նպատակներն ու շահերն իրականացնեն խաղաղության ուղղությամբ և քաղաքական միջոցներով».-ասել է Ջաբերի Անսարին:
«Չի կարելի խոսել խաղաղության ու մարդու իրավունքների մասին և միաժամանակ Եմենի պատերազմի մասնակից երկրների հետ միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի վաճառքի համաձայնագիր ստորագրել».-հավաստիացրել է ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը:
Եվրոպական երկրների դեսպանները ևս մտահոգություն հայտնելով Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ, կարևորել են քաղաքական լուծումներով ճգնաժամի կարգավորումը: