Ջոզեֆ Բորել. ԱՄՆ-ի ղեկավարած համակարգը փլուզվում է
2017թ հունվարի 20-ին Թրամփի երդման արարողությունից հետո, ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը վերածնվեց:
«Նախ՝ Ամերիկան» կարգախոսով առաջ տանելով իր քաղաքականությունը, և այդ երկրի շահը գերադասելով աշխարհի շահին, Թրամփը պնդում է, որ իր քաղաքականության շնորհիվ, Վաշինգտոնն ամրապնդել է իր ուժը և համաշխարհային առաջնորդի դերը: Սակայն այս պնդումները ներկայումս լուրջ կասկածի տեղիք են տվել:
Երկուշաբթի օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել ռազմավարական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, հավելելով, որ մոտենում է ԱՄՆ-ի ղեկավարած համակարգի ավարտը: Նա ասել է. «Վերլուծաբանները վաղուց են խոսում ամերիկացիների կողմից ղեկավարվող համակարգի փլուզման և ասիական ժամանակաշրջանի մեկնարկի մասին: Իսկ հիմա, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի ուժի անկումն ավելի ակնհայտ է դարձել ու ավելի արագ է տեղի ունենում»:
Կորոնավիրուսի ճգնաժամն աշխարհում լուրջ փոփոխություններ է առաջացրել, այդ թվում՝ աննախադեպ տնտեսական, սոցիալական ու առողջապահական խնդիրներ ստեղծելով ԱՄՆ-ի կառավարության համար:
Հաշվի առնելով այս փաստը, արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դիտվել որպես շրջադարձային պահ ՝ ուժի հավասարակշռությունն արևմուտքից արևելք փոխելու համար: Նա հավելել է. «Եվրամիության վրա գործադրվող ճնշումը՝ կողմերից մեկի կողքին լինելու համար, աճում է»:
Արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփը հստակ և միանշանակ ոչնչացնում է բազմակողմանիության բոլոր հնարավորությունները և առաջ տանում միայն ԱՄՆ-ի շահը: Դա նվազեցնում է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ և ավելի է մեծացնում այդ երկրի մեկուսանալու հավանականությունը:
ԱՄՆ վիճահարույց նախագահը խախտել է բազմակողմանիության սկզբունքը, դուրս գալով մի շարք համաշխարհային ու միջազգային համաձայնագրերից: Թրամփի օրոք, ԱՄՆ-ը դուրս եկավ Փարիզի կլիմայական համաձայնագրից ու ՀԳՀԾ-ից, իսկ հիմա կոչ է անում չեղարկել զենքի վերահսկման պայմանագիրը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT) և Բաց երկնքի պայմանագիրը: Թրամփի օրոք ԱՄՆ-ն դուրս եկավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:
Նման իրավիճակում, ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցներ Ռուսաստանը և Չինաստանը՝ համապատասխանաբար ռազմական ու տնտեսական ոլորտներում, քննադատում են միջազգային շրջանակներում Թրամփի գործողությունները:
ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը Ռուսաստանի կողմից քննադատության է արժանացել: Չինաստանը նույնպես համոզված է, որ Թրամփի միակողմանի քաղաքականությունը հանգեցրել է համաշխարհային առևտրային պատերազմի, և առաջացրել տնտեսական անկում ու լուրջ խնդիրներ: