Մեկնաբանություն- Էրդողանի դեմ ուղղված մարտահրավերները՝ անարդյունավետ տնտեսությունից մինչև քրդական հարց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134124-Մեկնաբանություն_Էրդողանի_դեմ_ուղղված_մարտահրավերները_անարդյունավետ_տնտեսությունից_մինչև_քրդական_հարց
Թուրքիայի քրդական շրջաններում կառավարման անարդյունավետ քաղաքականությունը հանգեցրել է այդ տարածքներում իշխող կուսակցության առաջնորդ, նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմնակիցների գրեթե 8 տոկոս նվազելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2021 15:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  Էրդողանի դեմ ուղղված մարտահրավերները՝ անարդյունավետ տնտեսությունից մինչև քրդական հարց

Թուրքիայի քրդական շրջաններում կառավարման անարդյունավետ քաղաքականությունը հանգեցրել է այդ տարածքներում իշխող կուսակցության առաջնորդ, նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմնակիցների գրեթե 8 տոկոս նվազելուն:

Այդ առնչությամբ, քաղաքական և սոցիալական ոլորտի ուսումնասիրությունների կենտրոնը վերջերս սոցհարցում է անցկացրել Ուրֆայի, Դիարբեքիրի, Մարդինի, Մուշի, Բիթլիսի, Կարսի, Բինգյոլի և Վանի նահանգներում, ինչպես նաև այս նահանգների քաղաքներում և շրջաններում՝ 1,507 ընտանիքների շրջանակում: Հարցման մասնակիցներին ուղղված առաջին հարցն է եղել «Ո՞րն է Թուրքիայի ամենամեծ խնդիրը»: Հարցվողների 61.4 տոկոսը տնտեսական ճգնաժամն ու գործազրկությունը, իսկ 16.9 տոկոսը քրդական հարցը` ներկայացրել են որպես հիմնական խնդիրներ:

Քրդական քաղաքներում մի շարք քուրդ պաշտոնյաների աշխատանքից ազատելը և նրանց փոխարեն թուրք պաշտոնյաների նշանակելը լուրջ վնաս է հասցրել Թուրքիայի նախագահի հեղինակությանը: Ակնհայտ է, որ տնտեսական խնդիրները և գործազրկությունը նույնպես նոր մարտահրավերներ են Անկարայի կառավարության առջև՝ իշխանության ղեկին մնալու համար:

Այս կապակցությամբ, թուրք քաղաքական և տնտեսական փորձագետները նախկինում ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներում կամ հեռուստատեսային ցանցերին տված հարցազրույցներում խոստովանել էին, որ Թուրքիայում տնտեսական անբարենպաստ պայմանները հանգեցրել են երկրում շատ բիզնեսների փակմանը, և որ շուտով գործազրկության մեծ ալիք է առաջանալու: Իրականում, թուրք փորձագետների կանխատեսումները իրականացել են երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում:

Օրինակ տնտեսական հարցերի փորձագետ Օյգուր Ջյուլեքն ասել է.«Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կհանգեցնի Թուրքիայի ներսում ապրանքների գների բարձրացմանը, և այդպիսով երկրի տնտեսությունը կկանգնի ինֆլյացիայի առջև»:

Փաստորեն, գնաճի կրկնապատկումը և Թուրքիայի ազգային արժույթի կտրուկ անկումը հանգեցրել են արտադրության ծախսերի սանձարձակ աճի: Ինչպես հաղորդվում է թուրքական լրատվամիջոցների ամենօրյա լուրերում, Թուրքիայում ավելի շատ բիզնեսներ են փակվում, քան բացվում: Քանի որ աշխատողների աշխատավարձերի վճարումը, առանց վաճառքից գոյացող եկամտի, թուրք գործատուների համար դարձել է անլուծելի խնդիր, և նրանք ստիպված են դադարեցնել արտադրությունը և փակել իրենց բիզնեսը:

Միևնույն ժամանակ, Էրդողանի կառավարության զբաղվածության ստեղծման քաղաքականությունը ձախողվել է, և այսօր բիզնեսների փակվելը և աշխատողներին հեռացնելը վտանգավոր խնդիր է դարձել, և մոտ ապագայում Թուրքիայում գործազրկության ճգնաժամ է առաջանալու: Անբարենպաստ տնտեսությունն ու գործազրկության աճը Թուրքիայում հասարակության հիմնական խնդիրներն են: Անկասկած, այս գործընթացը շարունակվելով, ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցության ձայները նվազելու են:

Այս բոլորն այն դեպքում, երբ քաղաքային խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես Թուրքիայի մեծ քաղաքներում, ապացուցել են այն փաստը, որ քրդերի ձայները կարևոր դեր են ունենալու Թուրքիայի ընտրություններում: Շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը որոշելու են քրդերը,  ինչպես տեղի ունեցավ քաղաքային խորհուրդների տեղական ընտրություններում: