Մեկնաբանություն- Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում զգուշացրել է Ղազախստանի կապակցությամբ
(last modified Tue, 11 Jan 2022 08:40:37 GMT )
Հունվար 11, 2022 12:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում զգուշացրել է Ղազախստանի կապակցությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահների արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.« Որոշ ներքին և արտաքին խմբեր փորձեցին օգտվել Ղազախստանում ստեղծված իրավիճակից, մենք երբեք թույլ չենք տա, որ սասանվի այս պայմանագրի անդամ երկրների ներքին իրավիճակը և կյանքի կոչվի գունավոր հեղափոխությունների սցենարը»:

Անդրադառնալով Ղազախստանի վերջին զարգացումներին, Պուտինն ասել է.«Պատրաստված ահաբեկչական ուժերը նպատակ են ունեցել անկարգություններ ստեղծել Ղազախստանում և ազդել երկրի ներքին անվտանգության վրա»:

Ռուսաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենակարևոր անդամ, Ղազախստանի վերջին բողոքի ցույցերն ու անկարգություններն անվանել է երկիրն ապակայունացնելու կազմակերպված արտաքին փորձ: Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ապակայունացնելու Արևմուտքի փորձերի մասին, որոնք հայտնի են որպես գունավոր հեղափոխություններ:

Ռուս բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաները համոզված են, որ ժողովրդավարության և գունավոր հեղափոխությունների արտահանման ջանքերը Ռուսաստանի շրջակայքում անկայունության հիմնական պատճառներից մեկն են: Ռուսաստանի նախագահ Պուտինը նույնպես մտահոգված է հարևան երկրներում հասարակական-քաղաքական բողոքի ակցիաների միջոցով իշխանությունների տապալման փորձի կապակցությամբ:

Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների գործողությունները, նախկին Խորհրդային միության երկրներում գունավոր հեղափոխություններ առաջացնելու համար, միշտ քննադատության և բողոքի են արժանացել Ռուսաստանի կողմից: Սակայն Ղազախստանի դեպքում բողոքի ցույցերը դուրս են եկել քաղաքացիական բախումներից և փաստորեն, լայնածավալ զինված ապստամբության վերածվել:

Ռուս պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն է կանգնած Ղազախստանի իրադարձությունների հետևում: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ Ղազախստանում համընդհանուր անկարգությունները համընկել են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում ծայրահեղական միտումների տարածման հետ:

«Իրավիճակը Ղազախստանում անկայուն է դարձել այն բանից հետո, երբ ամերիկացիները շտապեցին դուրս գալ Աֆղանստանից, և ծայրահեղական միտումները տարածվել են այդ երկրում ու ամբողջ Կենտրոնական Ասիայում»,- ասել է Անտոնովը։

Միևնույն ժամանակ, Մոսկվան արձագանքել է որոշ արևմտյան պաշտոնյաների, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խորհուրդներին Ղազախստանում ցուցարարների հետ բանակցելու կապացությամբ, հայտարարել է, որ նրանք ահաբեկիչներ են, և ոչ թե սովորական մարդիկ: Մոսկվան հույս է հայտնել, որ Ղազախստանի պետական մարմինները կկարողանան վերահսկել իրավիճակը:

Հաշվի առնելով Ռուսաստանի տեսակետը Ղազախստանում անկարգությունների և համատարած ապստամբության մեջ օտար երկրների դերի և գործոնների կապակցությամբ, Մոսկվան, կարծես, ցանկանում է ՀԱՊԿ-ի երկրներում գունավոր հեղափոխություններին դիմակայելու շրջանակում, ճնշել զինված ապստամբներին և կանխել անկայունության տարածումը Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկրում: