Մամուլի տեսություն- 20.01.2023 թ.
Իրանի իսլամական խորհրդարանը մտադիր է հակադարձել Եվրամիության անդամ բոլոր երկրներին, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ընդգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Ջավան
Իրանի խորհրդարանի նախագիծը՝ հակազդելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Եվրախորհրդարանի վերջին գործողությանը
Հաշվի առնելով ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպություն հռչակելու Եվրամիության որոշումը, Իսլամական խորհրդարանի նախագահության կազմի անդամ Ահմադ Նադերին հայտարարել է հակաքայլերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի իրագործման մասին:
Նախագծի համաձայն, այս օրենքն առնչվելու է Եվրամիության բոլոր անդամ երկրներին, որոնք որոշել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը հայտարարել որպես ահաբեկչական կազմակերպություն, Եվրամիության անդամ երկրներին առնչվող բոլոր ռազմական ուժերին և այդ ուժերի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին ու հաստատություններին:
Համշահրի
Ռոնալդուի դեմ 5 միլիոն մարդու որոշումը՝ անսպասելի իրադարձություն Սաուդյան Արաբիայում գտնվելուց հետո
Սաուդյան Արաբիայում պորտուգալացի գերաստղի ներկայությունից հետո նրա ժողովրդականությունը կարծես թե նվազում է։
Տվյալների վերլուծության CLV ինստիտուտը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Ալ-Նասր թիմին միանալուց հետո կորցրել է Instagram-ում իր մոտ հինգ միլիոն հետևորդներին։
Ավելի քան 600,000 բրազիլացիներ անֆալո են արել Ռոնալդուին, ինչը ռեկորդային ցուցանիշ է պորտուգալացի և իսպանախոս երկրների միջև: Այնուամենայնիվ, Ռոնալդուի հետևորդների թիվը, ովքեր երկրպագում են «Մանչեսթեր Յունայթեդին», մի փոքր ավելացել է:
Քեյհան
Իրանի ֆինանսական աջակցությունը՝ տարածաշրջանում իսլամական դիմադրության խմբերի նկատմամբ
Իրանի ներկայությունն ու ակտիվությունը տարածաշրջանում, այդ թվում Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում, օկուպացված տարածքներում և այլն, ընտրություն չէ, այլև դա անխուսափելի և ռազմավարական անհրաժեշտություն է։
Չնայած Արևմտյան Ասիայից 12,000 կիլոմետր հեռավորությանը, ԱՄՆ-ի կառավարությունը ուժեղ ներկայություն ունի այս տարածաշրջանում։ Չնայած նման իրավիճակին, արդյոք Իրանի համար խելամիտ է սահմանափակվել իր ազգային և տարածքային սահմաններով։ Եթե Սառը պատերազմի տարիներին աշխարհում երկու ճամբար կար (խորհրդային և ամերիկյան) և յուրաքանչյուրը պետք է ամրանար ըստ պահանջների և անհրաժեշտության, ապա այսօր աշխարհում ընդամենը երկու երկիր կա. ԱՄՆ և Իրան. Գոյություն ունի գերիշխող համակարգ՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ և դիմադրության շարժում՝ Իրանի Իսլամական Հանրապետության առանցքայնությամաբ:
Իրան
40 տարի կալանքից հետո, ազատ է արձակվել ամենատարեց պաղեստինցի բանտարկյալը:
Պաղեստինցի բանտարկյալն ազատ է արձակվել Սիոնիստական ռեժիմի բանտերում 40 տարվա գերությունից:
Պաղեստինցի բանտարկյալների ասոցիացիան հայտարարել է, որ 62-ամյա պաղեստինցի բանտարկյալ Մհեր Յունեսը (հինգշաբթի) ազատ է արձակվել Սիոնիստական ռեժիմի բանտերում 40 տարվա գերությունից հետո։
Չնայած Սիոնիստական ռեժիմի ուժերի մեծ ներկայությանը նրա ընտանիքի տան շուրջ՝ տոնակատարությունները կանխելու համար, մեծ բազմություն էր հավաքվել նրան ողջունելու համար:
News.am
Շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է. Արցախի ԱԳՆ
Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։
Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում։
Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։ Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը։
armenpress.am
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարյուրավոր զրահամեքենաներ, ինչպես նաև հրթիռներ և հրետանային արկեր կուղարկի Ուկրաինա՝ որպես 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Փաթեթը ներառում է 59 Bradley մարտական մեքենաներ, 90 Stryker զրահափոխադրիչներ, 53 ականակայուն մեքենաներ, 350 բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Bradley-ն 1980-ականների կեսերից օգտագործվել է ԱՄՆ բանակի կողմից՝ մարտադաշտերում զորքեր տեղափոխելու համար:
armenpress.am
Արևմուտքը կզղջա Ուկրաինային զենք մատակարարելու համար. Պեսկով
ՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:
«Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին:
Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար», - հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Պեսկովը նաև անդրադարձել է այն հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ շարունակում է գործել:
Պեսկովը հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում անհրաժեշտ թվով մարդ Է հավաքագրվել: Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝ Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին:
«Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», - մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։
Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում մեկնարկել է արևմտյան պետությունների պաշտպանության նախարարների հերթական՝ 8-րդ հանդիպումը, որում քննարկվում է Կիևին ցուցաբերվող հետագա օգնությունը, առաջին հերթին՝ Leopard տանկերի մատակարարման հարցը։
Նման մատակարարումներ կարող են տեղի ունենալ միայն այդ տանկերն արտադրող երկրի՝ Գերմանիայի համաձայնությամբ, սակայն Բեռնլինն առայժմ համաձայնություն չի տալիս դրան:
tert.am
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով. Տեղեկատվական շտաբ
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:
Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։
tert.am
Մինչ այս պահը միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Շուրջ 40 օր է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղեկացնում ենք, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։
Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։
Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերատեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ: