Մամուլի տեսություն 08․10․2023
Սիոնիստական ռեժիմի անպարտելիության հավակնություն ունեցող բանակի դեմ Գազայում պաղեստինցիների հաջող գործողությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում։
Քեյհան
Պաղեստինի Դիմադրության ցուցադրած ուժը՝ պատմական ամենածանր հարվածը
Իսրայելի օկուպանտ և հանցավոր ռեժիմի վրա Պաղեստինյան Դիմադրության գումարտակների զանգվածային հարձակումը մեծապե ցնցել է զավթիչներին և նրանց կողմնակիցներին։ Լուրերի ամփոփումը ցույց է տալիս, որ այս գործողության ընթացքում սպանվել է ռեժիմի ավելի քան 250 զինվոր, 100-ից ավելին գերի է ընկել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Պաղեստինի Դիմադրությունը բարդ ու բազմակողմ հետախուզական, հեռահաղորդակցական և օպերատիվ գործողությամբ այնպիսի հարված հասցրեց այս զավթիչ ռեժիմին,որի հայտնի լրատվամիջոցներն այն անվանեցին սարսափելի,որին հնարավոր չէ հակադարձել:
Պաղեստինյան գումարտակների համատարած ներթափանցումը Գազայի շրջակայքի քաղաքներ և ավաններ, ինչը հանգեցրեց յոթ քաղաքների ու ավանների ամբողջական գրավմանը, մի կողմից ցույց տվեց պաղեստինցիների լիակատար պատրաստվածությունը, մյուս կողմից՝ ռեժիմի քաղաքական ու հետախուզական համակարգի և ռազմական ուժերի անակնկալի գալն ու ճարահատյալ վիճակում հայտնվելը: Անշուշտ ռեժիմը պետք է իր նենգ ու խայտառակ պատմությունը բաժանի երկու մասի՝ մինչև շաբաթ և շաբաթ օրվան հաջորդող ժամանակների և սպասի բացարձակ և ամբողջական փլուզման։
Շարղ
ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում/Իրանը մարտական պատրաստվածության վիճակում
Միևնույն ժամանակ, երբ լարվածությունը սրվում է Ղարաբաղում, մի խումբ դիտորդներ կարծում են, որ ԱՄՆ-ն Երևանի հետ կդառնա համընթաց հակամարտության հարցում,ինչը բնականաբար կբարդացնի իշխող գործընթացը և, հնարավոր է, ճանապարհ հարթի Իրանի՝ տարածաշրջան հզոր մուտք գործելու համար։
Դիտորդների կարծիքով՝ ռուսների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ նրանց ներկայությունը մեծապես կկանխի Հայաստանում բազա հիմնելու ԱՄՆ-ի ցանկացած լուրջ փորձը։
Իհարկե սա նաև բխում է Իրանի շահերից, քանի որ նրանց պնդմամբ՝ նման բազան ուղղակիորեն սպառնալու է Թեհրանին։ Եթե ռուսները որոշեն նահանջել, դա նշանակում է, որ Իրանն ավելի շատ ուժերով ասպարեզ դուրս կգա:
Ջավան
Իրանի և Ռուսաստանի էներգետիկ բլոկը ազդեցիկ է համաշխարհային շուկայում
Հաշվի առնելով,որ համաշխարհային արդյունաբերությունը հիմնված է հանածո վառելիքի վրա, Էներգիայի ապահովման և արտադրության քննարկումը հիմք է ստեղծել նոր տեսակի գլոբալ ուժային հաշվեկշռի ձևավորման համար: Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից և հակամարտության մեջ ներգրավված երկրների դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառվելուց հետո, պարզ է դարձել էներգիայի արտադրության և բաշխման ցիկլին տիրապետելու կարևորությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նավթի և գազի հարուստ պաշարներ ունենալու և էներգակիրների գլոբալ մատակարարման գործընթացում գլխավոր և ռազմավարական դեր ունենալու շնորհիվ կարող են վճռորոշ դեր խաղալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում,իհարկե հաշվի առնելով իրենց ազգային շահերը:
Վաթանե Էմրուզ
Իսրայելի նվաստացումը
Անպարտելիության հավակնող բանակի նվաստացումն անշուշտ ծանր հետևանքներ կունենա սիոնիստների համար, որոնց հիմնական բաղադրիչի` անվտանգության ապակին փշրվելուց բացի, նրանք կբախվեն նաև քաղաքական ահռելի հետևանքների։Պաղեստինցի մարտիկների դիմաց անակնկալի գալը, որոնք տեխնիկայի , զենքերի և հետախուզական գործունեության առումով համեմատելի չեն սիոնիստների հետ, պարզ խնդիր չէ, որից հնարավոր լինի հեշտությամբ անցնել:
News.am
ՄԱԿ-ը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել։ Մարդասիրական ծրագիրը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Ժնևի կենտրոնակայանից։
«ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կոչ է անում 97 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ փախստականներին, ինչպես նաև նրանց մեծահոգաբար հյուրընկալողներին, հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Օգնության արտակարգ ծրագիրը, որը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, ներառում է 60 գործընկերների համատեղ գործողություն, այդ թվում՝ 43 ազգային հասարակական կազմակերպություններ։ Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի 136 հազար փախստականների և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95 հազար բնակիչների։
Armenpress.am
Իսրայելի հարավում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:
«Մենք ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։
Iravaban.net
Պաղեստինի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարգադրել է կառավարությանը անհապաղ սկսել Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին հրատապ օգնություն տրամադրելու աշխատանքները, ինչպես նաև կոչ է արել միջազգային հանրությանը միանալ այդ գործին։ Պաղեստինի առաջնորդի հայտարարությունը մեջբերում է WAFA լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդի ջրի, էլեկտրաէներգիայի և սննդի հիմնական մատակարարումները դադարեցնելու համար։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել և պահանջել օկուպացիոն իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները օկուպացված ժողովրդի նկատմամբ»,- ասել է Աբասը։
Նա ընդգծել է, որ «միջազգային հանրությունը նույնպես պետք է կրի Պաղեստինի ժողովրդին անհապաղ օգնություն ցուցաբերելու իր պատասխանատվությունը»։
«Մեր ժողովուրդը Գազայում ենթարկվում է լայնածավալ ագրեսիայի, հարձակումների և սպանությունների իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից: Հրամայական է, որ մենք տրամադրենք այն ամենը, ինչը կթեթևացնի նրանց տառապանքը, լինի դա պետական, մասնավոր կամ հանրային և բարեգործական մակարդակներում»,- գործակալությունը մեջբերում է պաղեստինցի առաջնորդի խոսքերը։
WAFA-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական բանակը արգելափակում է անցակետերը Գազայի հատվածի հետ սահմանին՝ կտրելով անկլավի մատակարարման ուղիները առաջին անհրաժեշտության պարագաներով, դեղորայքով և վառելիքով։
News.am
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձել է ստանալ եվրոպական աջակցություն «Թուրանական միջանցքի» համար․ Ոսկանյան
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։
Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհ, իսկ Թեհրանը հրաժարվում է սեփական գումարների հաշվին դրան զուգահեռ կառուցել որևէ այլ ենթակառուցվածք՝ այդ թվում երկաթուղի, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է»,- գրել է նա։
News.am
Ալիեւը հայտարարում է Վրաստանում ՀՀ հետ բանակցությունների հնարավորության մասին
Այսօր մենք պետք է ակտիվ աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կհասնենք դրան և դրա հիման վրա Հարավային Կովկասում կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ, որտեղ եռակողմ համագործակցություն կկայանա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ Ալիևի, «եթե Հայաստանը իր համաձայնությունը տա, ապա Վրաստանում անմիջապես կսկսվեն երկկողմ և եռակողմ հանդիպումներ»։
«Ինչպես գիտեք, այսօր մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ կարգավորման գործընթացում ֆասիլիտատորների դեր են կատարում, Վրաստանն ու Ադրբեջանն ընկալունակ դիրքորոշում են զբաղեցնում, սա անաչառ դիրքորոշում է մեր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք ընդունում ենք ցանկացած օգնություն, բայց իմ պատկերացումն այն է, որ ամենաճիշտ ընտրությունը՝ լինի դա պատմական, թե որևէ այլ, աշխարհագրական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է, որ Վրաստանը ներքաշվի այս իրավիճակի մեջ, և ես շնորհակալ եմ պարոն վարչապետին այս հարցում մեզ օգնելու և միջնորդի դեր առաջարկելու պատրաստակամության համար։ Սա պատրաստակամ երկիր է, և մենք նույնն ենք ակնկալում Հայաստանից։ Եթե Հայաստանը տա իր համաձայնությունը, մենք անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով»,- ասել է Ալիևը։