Մեկնաբանություն - Նախագահ Ռայիսիի այցը Տաջիկստան՝ հարեւանության քաղաքականության շրջանակում
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմամալի Ռահմանի պաշտոնական հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այսօր (չորեքշաբթի) այցելել է այդ երկիր։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել են Իրանի և Տաջիկստանի տնտեսական ակտիվիստների և գործարարների համատեղ հանդիպմանը։ Այս այցի ընթացքում Իրանի և Տաջիկստանի պաշտոնյաները ստորագրել են նաև համագործակցության մի քանի փաստաթղթեր։
Այս ուղևորությունից հետո Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիոյևի պաշտոնական հրավերով կմեկնի Տաշքենդ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության( ECO) 16-րդ գագաթնաժողովին։
Սա նախագահի 11-րդ արտասահմանյան այցն է այս տարվա ընթացքում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը 13-րդ շրջանի կառավարության գործունեության սկզբից ի վեր այցելել է 20 երկիր, այդ թվում Թուրքմենստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան և Չինաստան: Նա նաև մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին:
Իրանն ունի բազում և նշանակալի տարածաշրջանային հնարավորթյուններ, ներառյալ աշխարհագրությունը, մշակույթը և բնական ռեսուրսները, որոնք նրան մղում են դեպի ներտարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցություն և փոխգործակցություն։ Ելնելով դրանից՝ Իրանի 13-րդ շրջանի կառավարությունն ավելի քան 2 տարի առաջ իր գործունեությունն սկսելուց ի վեր, առաջնահերթություն է տվել տարածաշրջանի իր հարեւաններին և երկրներին և հետևում է նրանց հետ հարաբերությունների ընդլայնմանը՝ երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում։
Տաջիկստանը համարվում է Իրանի քաղաքական, տնտեսական և անվտանգային համագործակցության ուղեծրում գտնվող երկրների շարքում, և երկու երկրները շարունակական հաղորդակցության մեջ են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Վերջին տարիներին ամրապնդվել են երկու երկրների հարաբերությունները։
Իրանի 13-րդ շրջանի կառավարության օրոք հարևանության քաղաքականության շրջանակում Իրանի և Տաջիկստանի հարաբերությունները դուրս են եկել լճացումից և գտնվում են համագործակցության զարգացման ճանապարհին։ 2021 թվականի սեպտեմբերին ԻԻՀ նախագահի Տաջիկստան կատարած այցը նոր էջ բացեց Թեհրանի և Դուշանբեի համակողմանի համագործակցության պատմության մեջ և այս ուղևորության ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցության 18 փաստաթուղթ։
Անցած երկու տարիների ընթացքում երկու երկրների միջև զգալի համագործակցություն է իրականացվել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, կողմերի միջև փոխանակվել են բազմաթիվ պատվիրակություններ։ Այս ընթացքում Դուշանբեում և Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Տաջիկստանի տնտեսական համագործակցության 14-րդ և 15-րդ համատեղ հանձնաժողովները։

Տաջիկստանը տնտեսական առումով մի երկիր է,որը կարող է Կենտրոնական Ասիայում դառնալ Իրանի համար խոշոր տնտեսական գործընկեր, և կարող է Իրանի հարավային նավահանգիստներով բաց ջրեր մուտք գործել։ Վիճակագրությունը վկայում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների աճի մասին։ Տաջիկստանի նախագահությանը կից վիճակագրական կազմակերպության զեկույցի համաձայն՝ այս երկրի և Իրանի միջև առևտրային փոխանակումների ծավալը 2023 թվականի առաջին 9 ամիսներին հասել է ավելի քան 175 միլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 11,4 տոկոսով։
Իրանը և Տաջիկստանը լավ համագործակցություն ունեն նաև տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ECO) և Շանհայի համագործակցության կազմակերպությունը և այդ կազմակերպություններում աջակցում են միմյանց դիրքորոշումներին: Ակնհայտ է, որ Իրանի և Տաջիկստանի պաշտոնյաների կամքից բացի, երկու երկրների միջև մշակութային, կրոնական ու պատմական վաղեմի կապերը, նույնպես հարմար հարթակ են ստեղծել հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Տաջիկստան կարող է խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը։