Մամուլի տեսություն 14․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209156-Մամուլի_տեսություն_14_11_2023
Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի շատ երկրների, նույնիսկ նախկինում Ամերիկայի բարեկամներն ու դաշնակիցները համարվող պետությունների,  այդ թվում  Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի արտաքին քաղաքականությունը փոխվել և բազմակողմանի է դարձել։ Միացյալ Նահանգների այս ավանդական գործընկերներն այլեւս չեն ցանկանում լինել Վաշինգտոնի հովանու ներքո։
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 17:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14․11․2023

Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի շատ երկրների, նույնիսկ նախկինում Ամերիկայի բարեկամներն ու դաշնակիցները համարվող պետությունների,  այդ թվում  Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի արտաքին քաղաքականությունը փոխվել և բազմակողմանի է դարձել։ Միացյալ Նահանգների այս ավանդական գործընկերներն այլեւս չեն ցանկանում լինել Վաշինգտոնի հովանու ներքո։

Դոնյայե Էղթեսադ

Գազայի պատերազմը կփոխի՞ արդյոք Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունը

New York Times թերթը, անդրադառնալով Մերձավոր Արևելքի փոփոխվող աշխարհաքաղաքականությանը, գրում է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները, որպես երկու իսլամական երկրներ, մի կողմ թողեցին իրենց պատմական թշնամանքը Ռիադի կողմից կազմակերպված գագաթնաժողովում, որպեսզի միասնական դիրքորոշում ներկայացնեն Իսրայելի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու դեմ։ Այս պատկերը, որը նախկինում հազվադեպ կարելի էր գտնել, վկայում է մի նոր աշխարհակարգի մասին, որը կառավարություններին, դերակատարներին և ակտիվիստներին դրդել է համագործակցության, դաշինքների ու երբեմն էլ հակասական կոալիցիաների ստեղծման»:

Վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքի շատ երկրների արտաքին քաղաքականությունը թեքվել է դեպի բազմակողմանիություն: Նույնիսկ ԱՄՆ-ի ավանդական գործընկերներին, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, այլևս չեն գոհացնում Վաշինգտոնի ջանքերը՝ իր ղեկավարությամբ մենաշնորհային դաշինքներ ստեղծելու ուղղությամբ:

 

Էթեմադ

YouTube-ին և Meta-ին դատի են տվել Եվրամիության օգտատերերին լրտեսելու համար

Օգտատերերի տվյալների գաղտնիության հարցերով մի խորհրդատու Եվրոպայում քրեական մեղադրանք է ներկայացրել YouTube-ի և Meta-ի դեմ։ Իռլանդիայի քաղաքացին պնդել է, որ YouTube-ը լրտեսում է ԵՄ քաղաքացիներին՝ անօրինական կերպով հետևելով նրանց՝ գովազդային արգելափակումները բացահայտելու նպատակով: Նա նաև դատի է տվել Meta-ին, առանց թույլտվության, օգտատերերի տվյալները հավաքագրելու համար:

Ալեքսանդր Հանֆը դատական ​​հայց է ներկայացրել YouTube-ի և Meta-ի դեմ՝ Իռլանդիայի Համակարգչային չարաշահման մասին օրենքի համաձայն: Օգտատերերի տվյալների գաղտնիության հարցերով փորձագետն այս գործի վերաբերյալ ասում է, որ Հանֆը մտադիր է քրեական հայց ներկայացնել Իռլանդիայի ազգային ոստիկանությանը: Հաղորդվում է, որ ոստիկանությունն ընդունել է նրա բողոքը՝ պահանջելով լրացուցիչ տեղեկություններ։

 

Քեյհան

Իսրայելի դեմ համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորումն ավելի մեծ ձախողում է, քան հոկտեմբերի 7-ի գործողությունը

Եթե ​​ «Ալ-Աղսայի փոթորկի» գործողությունը համարենք  Սիոնիստական ​​ռեժիմի՝ մեծ հավակնություններ ունեցող բանակի հեղինակության ու հեգեմոնիայի  փլուզման պատճառը և այն դիտարկենք որպես Թել Ավիվի մեծ պարտություն, ապա Պաղեստինի նկատմամբ համաշխարհային աջակցության ալիքը ավելի մեծ պարտություն է սիոնիստներ համար։ Այս անգամ համաշխարհային հասարակական կարծիքը վճռականորեն աջակցում է պաղեստինցիներին, իսկ պատմվածքների պատերազմում Իսրայելի անկարողությունը սրվել է Նեթանյահուի ներքին լեգիտիմության կորստով և արտերկրում ռազմական հանցագործություններ կատարելու շեշտադրմամբ:

 

Վաթան Էմրուզ

Ամերիկյան կարգեր և ամերիկյան հանցագործությունԵրբ Ամերիկան ինքն է ​​խախտում իր հավակնած աշխարհակարգի բոլոր սկզբունքները

Ամերիկայի ծեր ու զառամյալ ղեկավարները արդեն 2 տասնամյակ է, ինչ շարունակում են հարվածել իրենց իսկ կերտած միջազգային կարգերին։ Այն, ինչի ականատեսն ենք այս օրերին Գազայում, վայրագության ու արյունահեղության ցուցադրություն է, որը Միացյալ Նահանգները ստեղծել է Մերձավոր Արևելքում իր կատաղած շների միջոցով՝ իրենց կարծիքով վախեցնելու աշխարհի 8 միլիարդ բնակչությանը, որպեսզի նրանք որևէ կերպ չմտածեն արևմտյան կարգերի նկատմամբ անհնազանդություն գործելու  մասին, սակայն նրանք չէին մտածել այն մասին, որ ճնշված պաղեստինցիների դեմ այս հակամարդկային բռնությունը ինչ-որ չափից անցնելով՝ այն կմիավորի մարդկանց ավելի մեծ թվով զանգվածների ամերիկյան կամ գուցե արևմտյան ցանկացած դրսևորման դեմ։

 

Mamul.am

«Էն, ինչի համար Փաշինյանը Մոսկվա չի գնում, էդ օրակարգով իրեն քարշ են տալու բրյուսելյան ծուղակ»․ քաղաքագետ

Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին. օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը, օրեր առաջ այս մասին հայտնել էր «Ազատություն»-ը՝ հղում կատարելով Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյայի։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս թեմային՝ ասել է. «Այսինքն, Ադրբեջանը ոչ թե Բրյուսելի հարթակից փախչում է, այլ պահանջ է դրել Բրյուսելի առաջ, որ կգամ բանակցությունների, եթե էդ հարցը լինի օրակարգում: Այսինքն, եթե Բրյուսելում տեղի ունենան բանակցություններ, միջանցքի հարցը լինելու է: Այսինքն, էն, ինչի համար Փաշինյանը Մոսկվա չի գնում, էդ օրակարգով, հերթական անգամ, իրեն քարշ են տալու դեպի բրյուսելյան ծուղակ»:

 

Hraparak.am

Սամվել Շահրամանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել և, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչև սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։
     Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերևս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների և Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել»:

 

Armenpress.am

Մենք վերահաստատում ենք համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու հարցում ՄԹ-ի հետ սերտորեն աշխատելու հանձնառությունը. ՀՀ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։

Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք այստեղ ենք երկու կարևոր առիթներով. առաջին հերթին նշելու Լոնդոնի սրտում գտնվող Հայաստանի նոր դեսպանության բացումը: Մեզ համար այս շինությունը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորագույն հանգրվանը և ի ցույց է դնում այն նշանակությունը, որը մենք տալիս ենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման վրա հիմնված մեր հարաբերությունների խորացմանը:

Այս տարի Հայաստանն ու Մեծ Բրիտանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, սակայն մեր կապերը դարերի պատմություն ունեն։ Այս լուրջ հիմքերի վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։

 

News.am

«Գործընթացը տեղից շարժվում է»․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրի մասին

Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու  վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում  ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասել է Հովհաննիսյանը։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

 

Armenpress.am

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: