Մեկնաբանություն - Իրանի նախազգուշացումը Գազայի ապագայի հարցում ԱՄՆ-ի ցանկացած միջամտության կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Գազայի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը հենց նրա ժողովրդի գործն է, և ԱՄՆ-ի միջամտությունն այս ոլորտում դատապարտված է ձախողման։
Կիրակի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ Գազայի ժողովուրդը պետք է որոշի Գազայի ապագան ՀԱՄԱՍ-ի միջոցով՝ որպես այդ տարածաշրջանի օրինական, լեգիտիմ կառավարություն, որը ձևավորվել է հանրային ձայների հիման վրա, և Միացյալ Նահանգները որևէ իրավունք չունի միջամտելու և Գազայի ժողովրդի համար որոշումներ կայացնելու հարցում:
Այսօր ՀԱՄԱՍ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չորրորդ և վերջին օրն է։ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հրադադարի ավարտից հետո Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը, սակայն նա անուղղակի ողջունել է սիոնիստ գերիների ազատ արձակման դիմաց հրադադարի երկարաձգումը։
Այս հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը պնդեց, որ «երկու պետությունների ստեղծման» լուծումը սիոնիստների և պաղեստինցիների համար երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու միակ միջոցն է, և ԱՄՆ-ն չի հրաժարվի այդ նպատակից։
Թեև ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաները հրաժարվում են հստակ և ճշգրիտ հայտարարություններ անել Գազայի հետ կապված իրենց ծրագրերի մասին, սակայն ԶԼՄ-ների հաղորդումներից և շրջանառվող խոսքերից կարելի է պատկերացնել այս առնչությամբ որոշ գաղափարներ և տարբերակներ։
Սիոնիստական իշխանությունները նշում են, որ մտադիր չեն գրավել Գազան, բայց նաև ասել են, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո ՀԱՄԱՍ-ի իշխանության շարունակությունն անընդունելի է։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է.-«Մենք չենք կարող վերադառնալ նախկին իրավիճակին, որտեղ Գազայի կառավարումն իրականացվում է ՀԱՄԱՍ-ի կողմից... Մենք նաև չենք կարող Գազայի կառավարումը հանձնել Իսրայելին, ինչպես առաջարկում են հենց իսրայելցիները»։
Նման հայտարարությունները ցույց են տալիս, որ ամերիկացիները, որպես Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակման հիմնական գործոն և այս ամենի բեմահարթակի ղեկավար, դիտարկում են այս տարածաշրջանի ապագայի համար տարբեր տարբերակներ։ Պաղեստինի ինքնավար վարչակազմի կողմից Գազայի հատվածի վերահսկողությունը, ՄԱԿ-ի կողմից Գազայի հատվածի ժամանակավոր կառավարումը, Գազայի հատվածում խաղաղապահ ուժերի տեղակայումը կամ Գազայի հատվածի վերահսկողությունը Արևմուտքի դաշնակից հանդիսացող որոշ արաբական երկրներին վստահելը, տարբերակներ են, որոնք մինչ այժմ քննարկվել են Գազայի ապագայի վերաբերյալ:
Սակայն կարևորն այն է, որ այս բոլոր տարբերակների ընդհանուր կետը ՀԱՄԱՍ-ին իշխանությունից հեռացնելն է և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի անտեսումը, մինչդեռ ՀԱՄԱՍ շարժումը, որպես պաղեստինյան դիմադրության առանցքի մի մաս և արմատավորված գաղափարական հոսանք ու մտայնություն, չի կարող անհետանալ, և Գազայի հատվածի պատերազմից հետո այս շարժման ժողովրդականությունը նույնիսկ մեծացել է։ Սիոնիստական 12-րդ ալիքի կողմից հրապարակված «Օրադ» հետազոտական կենտրոնի հարցումը ցույց է տալիս, որ պատերազմի արդյունքում ՀԱՄԱՍ-ի նկատմամբ աջակցությունն այժմ բարձր մակարդակի վրա է ոչ միայն Գազայի հատվածում, այլև Հորդանան գետի արեւմտյան ափին։ Այս հարցման մասնակիցների 90 տոկոսը հայտարարել է, որ սատարում է այս շարժմանը։
Փաստն այն է, որ վերջին յոթ տասնամյակում պաղեստինցիները եկել են այն եզրակացության, որ այլ ճանապարհ չկա, քան պայքարել սիոնիստ օկուպանտների դեմ։ Տարիների բանակցությունները և խաղաղությանն ուղղված ջանքերը, որոնք հանգեցրին Քեմփ Դեյվիդում և Օսլոյում համաձայնությունների, ոչ մի արդյունք չունեցան Պաղեստինի ժողովրդի համար, քանի որ ոչ միայն նրանից խլեցին ինքնորոշման իրավունքը, այլև պատճառ դարձան, որ սիոնիստները շարունակեն իրենց ծավալապաշտական նկրտումներն ու հանցագործությունները։
Ըստ այդմ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, աջակցելով պաղեստինցիների դիմադրությանը՝ իրենց հողերը վերադարձնելու համար, և ընդգծելով Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության օրինականությունն ու լեգիտիմությունը, որը իշխանության է եկել ժողովրդի ձայներով, Գազայի ապագայի հարցում ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն բնութագրել է որպես պաղեստինցիների դեմ այս երկրի հանցագործությունների շարունակություն: