Մեկնաբանություն- Իրանն ու Կուբան՝ շատ հեռու, բայց շատ մոտ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210248-Մեկնաբանություն_Իրանն_ու_Կուբան_շատ_հեռու_բայց_շատ_մոտ
Իրանի և Կուբայի նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 7 փաստաթուղթ և համատեղ հայտարարություն ռազմավարական և երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 18:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանն ու Կուբան՝ շատ հեռու, բայց շատ մոտ

Իրանի և Կուբայի նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության 7 փաստաթուղթ և համատեղ հայտարարություն ռազմավարական և երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, ով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հրավերով կիրակի գիշերը ժամանել է Թեհրան, այսօր երկուշաբթի հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս ուղեւորությունը տեղի է ունեցել Կուբայի հանգուցյալ նախագահ Ֆիդել Կաստրոյի Իրան կատարած այցից մոտ 22 տարի անց։

َԱրտաքին քաղաքականության մեջ իսլամական և հարևան երկրներին առաջնահերթություն տալուց բացի, Իրանի 13-րդ կառավարությունը նաև ընդգծում է համագործակցության ընդլայնումը դաշնակից և համախոհ երկրների հետ, ինչպիսին է Կուբան:

Աշխարհագրության տեսանկյունից իրարից հեռու երկրներ՝ Իրանն ու Կուբան հետապնդում են ընդհանուր իդեալներ, ինչպիսիք են անկախության ձգտումը և ազատության շարժումներին աջակցելը, ինչը նրանց ավելի է մոտեցրել քաղաքական և տնտեսական առումով:

Իրանի և Կուբայի միջև հարաբերություններն ամրապնդվեցին 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից և Չմիավորման շարժմանը Իրանի անդամակցությունից հետո, որի անդամները կիսում էին հակաիմպերիալիստական ​​նույն տեսակետը։ Այդ հարաբերություններն այսօր շարունակվում են տարբեր ոլորտներում:

ԱՄՆ-ի միջամտողական մոտեցումների դեմ պայքարը համարվում է Թեհրանի և Հավանայի ընդհանուր հարցերից մեկը։ 1960-ականների սկզբից Միացյալ Նահանգները էմբարգո դրեց Կուբայի վրա՝ Վաշինգտոնից անկախ և հեղափոխական քաղաքականություն դրսևորելու պատճառով, և այդ պատժամիջոցներն ավելի լայն կիրառեց 1980-ականների սկզբից՝ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո։

Իհարկե, Իրանն ու Կուբան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական ճնշումներին, կարողացել են համեմատաբար հաջող մոդել ցույց տալ ներքին ուժին ապավինելու և ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության չեզոքացման ոլորտում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կուբացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանի և Կուբայի միջև հարաբերությունների ամրապնդումը պատժամիջոցների չեզոքացման պատճառ կարող է դառնալ։ Նախագահ Ռայիսին ասել է․-Երկու երկրների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ նրանք երկուսն էլ դեմ են իմպերիալիստական համակարգին։ Կուբան երկար տարիներ դիմագրավում է գերիշխանությունն ու ընչաքաղցությունը, և Կուբայի ժողովրդի ու կառավարության դիմադրությունը գովելի է։

ԻԻՀ նախագահն ասել է․-Մեր դիմադրությունը և գերիշխող համակարգին դիմակայելը պատժամիջոցներ է առաջացրել Իրանի և Կուբայի ժողովուրդների նկատմամբ։ԱՄՆ-ն կարծում է, որ կարող է կանգնեցնել մեր երկրներին՝ պատժամիջոցներ կիրառելով, բայց սա գերիշխող համակարգի սխալ հաշվարկն է։ Էմբարգոյի մեջ գտնվող երկրների հարաբերությունների ամրապնդումը կարող է պատճառ դառնալ պատժամիջոցների չեզոքացման։

Նշենք, որ Իրանի և Կուբայի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ռազմավարական ծրագրի փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների առևտրի պալատների ղեկավարների կողմից։ Այս փաստաթուղթը կօգնի ընդլայնել երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները և կհեշտացնի երկու երկրների ընկերությունների հարաբերությունները։

Ակնհայտ է, որ Իրանի և Կուբայի տնտեսական հարաբերություններում առկա են սննդի, դեղագործության, հանքարդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ներդրումների հնարավորություններ, և երկու երկրների իշխանությունները ևս վճռակամ են ընդլայնել հարաբերությունները։

Կուբայի նախագահը նաև Իրան կատարած իր պաշտոնական այցը գնահատել է որպես «տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման հնարավորություն՝ ի շահ երկու ժողովուրդների»։