Մամուլի տեսություն – 21.12.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211164-Մամուլի_տեսություն_21.12.2023
Իրանի հարավային և հյուսիսային ափերի, կղզիների և գետերի ավելի քան 5800 կիլոմետրը կարող է մեծացնել ծովային առևտրի ոլորտից Իր անի ծովային տնտեսության բաժինը համախառն ներքին արդյունքում:
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 18:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 21.12.2023

Իրանի հարավային և հյուսիսային ափերի, կղզիների և գետերի ավելի քան 5800 կիլոմետրը կարող է մեծացնել ծովային առևտրի ոլորտից Իր անի ծովային տնտեսության բաժինը համախառն ներքին արդյունքում:

Իրան օրաթերթ

Կանադայի մարդու իրավունքների ժեստը Գազայի պատերազմի ժամանակ

 

Կանադայի մարդու իրավունքների հակաիրանական բանաձեւը, որն ամեն տարի բարձրացվում է Իսլամական Հանրապետության դեմ, հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին քվեարկության ժամանակ, որին հաջողվել է ստանալ միայն 78 դրական ձայն։ Այս քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի 193 անդամներից 98-ը դեմ են քվեարկել և ձեռնպահ են մնացել այս բանաձևից։ Անդամների դրական ձայների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է եղել, իսկ բացասական ու ձեռնպահ ձայների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ։ Քանի որ նախորդ բանաձեւը հաստատվել էր 80 կողմ, 30 դեմ, 68 ձեռնպահ ձայներով։

Էթեմադ օրաթերթ

Իսրայելցի պատգամավոր. Նեթանյահուն պետք է անհապաղ պաշտոնից հեռանա

 

Իսրայելի խորհրդարանի անդամներից մեկն ասել է. «Երբ վարչապետը ձախողում է և շարունակում է ձախողել, դա ապացուցում է, որ նա որակավորված չէ իր պաշտոնին և սխալ մարդ է սխալ տեղում, սխալ պահին: Նրան պետք է անհապաղ ազատել աշխատանքից»։

Նա հավելեց. «Բրիտանացիները մեզ այս դասը տվեցին, երբ նրանք պաշտոնանկ արեցին իրենց վարչապետ Չեմբերլենին 1940 թվականի մայիսի 10-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից մոտ 9 ամիս հետո: Հիմա Նեթանյահուն խայտառակություն է: Որպես վարչապետ՝ Նեթանյահուն բեռ է դարձել կառավարության և հասարակության համար»։

Քեյհան օրաթերթ

Ամերիկայում սնանկության 30 տոկոս աճ է գրանցվել

 

ԱՄՆ վիճակագրության ազգային բյուրոյի վիճակագրության համաձայն՝ Financial Times-ը հայտնել է, որ աշխարհի ընկերությունները բախվել են սնանկության ալիքի՝ երկնիշ տեմպերով, որը չի նկատվել վերջին տասնամյակների ընթացքում։ Ամերիկյան բիզնեսի սնանկացումը 12 ամսում մինչև սեպտեմբեր նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:

Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի համար այս ցուցանիշը հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 25 տոկոս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամերիկյան այս մարմնի հաշվետվության համաձայն՝ սեպտեմբերին ավարտվող ինն ամիսներին Եվրամիությունում սնանկացած ընկերությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ տարիների ընթացքում։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Ծով՝ Տնտեսական շարժիչ

 

Իրանի կողմից ծովի հնարավորությունից օգտվելն անտեսվել է վերջին տարիներին։ Փորձագետները կարծում են, որ չնայած Իրանն ունի ավելի քան 5800 կիլոմետր հարավային և հյուսիսային ափեր, կղզիներ և գետեր, սակայն անհրաժեշտ է բարելավել ծովային տնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում ծովային առևտրի ոլորտից։ Մինչդեռ ամենազարգացած քաղաքները, ամենազարգացած գործարաններն ու տնտեսական գործունեությունը ձևավորվում են ափերի կողքին և որոշում են այդ երկրների աճը։

Ծովային տնտեսությունը այն կարևոր խնդիրներից է, որը կարող է հանգեցնել երկրի տնտեսական զարգացմանը: Սա այն հարցն է, որի վրա շեշտադրում է նաև հեղափոխության գերագույն առաջնորդը և վերջերս սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումով և Նպատակահարմարության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո՝ երկրի երեք ուժերի ղեկավարներին հայտարարեց ծովային զարգացման ընդհանուր քաղաքականությունը:

tert.am

Ռուս խաղաղապահները բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավորն են. Գերասիմով

 

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավորն են. այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ճեպազրույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքներին։

«Այս տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ 24 ժամվա ընթացքում ձեռք բերվեց հրադադար (Արցախում-Խմբ.)։ Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումն իր տեղակայման վայրեր, իսկ հետո՝ Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք։ Գրեթե 300 վիրավորի խաղաղապահներն ավիատրանսպորտով տեղափոխել են հիվանդանոցներ։

Միևնույն ժամանակ, մեր զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր»,- ասել է Գերասիմովը։

tert.am

Շվեդիայում թալանել են հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին

 

Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանել են ենթարկել Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցին։

Այս մասին գրում են շվեդական լրատվամիջոցները։

Նշվում է, որ եկեղկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, նյութական և ոչ նյութական արժեքներ։

«Շատ անսպասելի էր, հիմա Սուրբ ծնունդից առաջ շատ տխուր է կանգնել դատարկ խորանի առջև»- ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը:

Հայտնի չէ, թե քանի հանցագործ է ներգրավված այս գործում ։ Գողը կամ գողերն ամենայն հավանականությամբ եկեղեցի են մտել եկեղեցուն կից սենյակի պատուհանից։ Այս վայրն օգտագործվում է մկրտությունների, հարսանիքների և այլ միջոցառումների համար։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

news.am

Մոսկվան շարունակում է ջանքերը Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանագրի կնքման ուղղությամբը. ՌԴ Գլխավոր շտաբի պետ

 

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է Երեւանի եւ Բաքվի միջեւ ամենասուր հակասությունների լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված աշխատանքը։

 

Ելույթ ունենալով օտարերկրյա զինվորական կցորդների համար ընթացող ճեպազրույցում՝ գեներալը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական տրեկում նպատակասլաց աշխատանք է իրականացնում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական առավել սուր հակասությունների կարգավորման ուղղությամբ։

«Անդրկովկասում իրադրությունը մնում է լարված, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։

Նրա խոսքով՝ ռուսական զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում։

news.am

Բլինքեն. ԱՄՆ-ն գրեթե ժամանակ ու գումար չունի Ուկրաինային օգնելու համար

 

ԱՄՆ-ն գործնականում սպառել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները, ուստի ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավանություն տա  Կիևին  նոր հատկացումներին։ Այս մասին Պետդեպարտամենտում տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք գրեթե սպառել ենք [Կիևին աջակցելու համար] մեզ անհրաժեշտ գումարները, և մենք  համարյա  ժամանակ չունենք»,- ասել է նա: Այդ կապակցությամբ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հնարավորինս արագ քննարկի Ուկրաինային նոր օգնություն հատկացնելու հարցը։

armenpress.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

 

 Երևան է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։

2023 թվականին Մինսկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկայացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։

armenpress.am

ԱՄՆ ևս 16 նահանգներում դատարանները քննարկում են ընտրություններին Թրամփի մասնակցությունն արգելելու վերաբերյալ հայցերը

 

ԱՄՆ առնվազն 16 նահանգների դատարանները քննարկում են 2024 թվականի նախագահական ընտրություններին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունն արգելելու վերաբերյալ հայցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ քննարկվող հայցերի՝ նախկին նախագահը պետության ղեկավար ընտրվելու իրավունք չունի, քանի որ 2021 թ․ հունվարի 6-ի դեպքերի ժամանակ «ներգրավված է եղել խռովության մեջ», ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի՝ Կոլորադո նահանգում Թրամփը չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին․ դրանք պետք է տեղի ունենան մարտի սկզբին, և արդյունքում պետք է կուսակցությունն առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։

Թրամփի քարոզչական թիմը հայտնել է, որ կբողոքարկի Կոլորադոյի դատարանի որոշումը։ Արդյունքում նահանգի գերագույն դատարանը կարող է հետաձգել իր որոշումը մինչև հունվարի 4-ը՝ սպասելով ԱՄՆ գերագույն դատարանի որոշմանը: Եթե ԱՄՆ Գերագույն դատարանը որոշի քննել գործը, ապա Կոլորադոյի դատարանի որոշումը ժամանակավորապես կկասեցվի, և Թրամփը կկարողանա առաջադրել իր թեկնածությունը ներկուսակցական ընտրություններին, մինչև Գերագույն դատարանը վերջնական որոշում չկայացնի։ Բողոքարկման արդյունքում, հավանաբար, կսառեցվեն նաև մյուս դատական հայցերը։

2021 թ․ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ է զոհվել։