Մամուլի տեսություն 6.01.2024
Երեկ տեղի ունեցավ Իրանի Քերման նահանգում ահաբեկչության տասնյակ զոհերի հուղարկավորության արարողությունը։ Այսօրվա իրանական մամուլի մեծ մասը բազմաթիվ հոդվածներով մանրամասն ուսումնասիրել է ԻԼԻՊ-ի հետ Իսրայելի և Ամերիկայի հարաբերությունները՝ որպես Քերմանում ահաբեկչական հարձակումներ իրականացրած ԻԼԻՊ-ի կնքահայրեր:
Քեյհան
Նեթանյահուի կաբինետի անդամները պատերազմի պայմաններում ընդհարվել են. Մոսադի նախկին ղեկավար ասել է. Ամոթալի է
Ըստ տեղեկությունների, որոնք «արտահոսել են» Նեթանյահուի կաբինետի վերջին գաղտնի նիստից, որը Մոսադի նախկին ղեկավարն «ամոթալի» է բնութագրել, կաբինետի անդամներն այնպես են ընդհարվել, որ Նեթանյահուն անմիջապես կարգադրել է դադարեցնել նիստը՝ ֆիզիկական բախումը կանխելու համար։
«Հոկտեմբերի 7-ի օպերացիայի մղձավանջը», ավելի քան 3 ամիս անց, դեռևս հանգիստ չի տալւս սիոնիստներին, և կուլիսային լուրերի մերթընդմերթ արտահոսքը ցույց է տալիս «դժոխային պայմանների» փոքր մասը, որի մեջ հայտնվել է Իսրայելը։ Այն որ մի քանի պաղեստինցի երիտասարդներ ինչպես կարողացան հոկտեմբերի 7-ին 40 կիլոմետր ներթափանցել Իսրայելի տարածքի խորքը և սպանել ու վիրավորել մի քանի հազար սիոնիստների, և միևնույն ժամանակ մահճակալից հանել ու իրենց հետ տարել են մի քանի բարձրաստիճան զինվորականների՝ մայորներից և գնդապետներից սկսած մինչև բրիգադային գեներալներ, որոնց հագին կար միայն անդրավարտիք, նվաստացուցիչ ու ցավալի է հավակնոտ սիոնիստների համար, և նրանք չգիտեն ինչպես դուրս գալ այս վիճակից։ Թերևս Գազայում կանանց և երեխաների խելահեղ սպանությունը հիստերիկ արձագանք է այս «նվաստացմանը»։
Ջավան
Քերմանը ավելի ուժեղ ասպարեզ դուրս եկավ
Քերմանում ահաբեկիչների իրականացրած կոտորածից մեկ օր անց այս քաղաքի բնակիչները ավելի մեծ թվով ու հուժկու կերպով կրկին հավաքվեցին պայթյունների վայրը՝ բացականչելու իրենց վաղեմի ուղերձը, որը չեն կարողանում լսել Ամերիկան ու համաշխարհային սիոնիզմը, այն է․ «Մենք Իմամ Հոսեյնի ազգն ենք ու Հաջ Ղասեմ Սոլեյմանիի զինվորները։ Մենք ասպարեզը չենք լքի և ձեզ կստիպենք զղջալ ոճրագործության համար»։
Վաթան Էմրուզ
Ինչպիսի՞ն է ԻԼԻՊ-ի հարաբերությունները Ամերիկայի և Իսրայելի հետ:
Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, կրկին ակտիվացրել է ահաբեկչական ուժերի, հատկապես ԻԼԻՊ-ի հետ Իսրայելի հարաբերությունների հարցը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Թել Ավիվը շատ հատուկ հարաբերություններ է ունեցել թաքֆիրական ուժերի հետ, ինչպիսիք են ԻԼԻՊ-ը և Ջաբհաթ ալ-Նուսրան: Մյուս կողմից, Ամերիկան միշտ Իրաքում և Սիրիայում աջակցել է ԻԼԻՊ-ին։ 2014 թվականին գերմանական Spiegel ամսագիրը հրապարակել է ԻԼԻՊ-ի կառուցվածքի մասին հոդված, որը կարեւոր տեղեկություններ է պարունակում որոշ երկրների հետ ԻԼԻՊ-ի հարաբերությունների մասին։ Այն վայրում, որտեղ այդ տարի սպանվել էր ԻԼԻՊ-ի մտածող դեմքը, հայտնաբերվել են որոշակի նկարներ, քարտեզներ և փաստաթղթեր, որոնք բացահայտում էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող հայտնի ահաբեկչական խմբավորման ծրագիրը։
Իրան
Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակացույցի որոշում
Երեկ Իրաքի վարչապետը, մասնակցելով հաղթանակի հրամանատարների նահատակության չորրորդ տարելիցի հիշատակի արարողությանը, ընդգծել է, որ Բաղդադի կառավարությունը չի հրաժարվի այս երկրում միջազգային կոալիցիայի ներկայությանը վերջ դնելու մտքից։ Որովհետեւ դրա գոյության հիմնավորումներն սպառվել են։
Aysor.am
Արցախի պետական կառույցների գոյատևումը Մայր Հայաստանում պետք է հիմքը լինի վերադարձի. Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ, և տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։
Այս մասին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագի ժամանակ իր քարոզի ժամանակ հայտարարեց պատարագիչ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ցավով շեշտելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները դիմավորում են իրենց փայփայած օջախներից հեռու։
Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
Tert.am
Խաղաղության պայմանագրով Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, դրանով Բաքուն նոր հարձակման է նախապատրաստվում. Իշխան
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ՝ այդ փաստաթուղթը չպետք է անվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։
«Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- պնդեց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին Ադրբեջանական ԶՈւ–ն շարունակելու է մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմնա Բաքվի բանտում։
«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,-նշեց նա՝ շեշտելով, որ խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա՝ Հայաստանի՝ 29, 800 քառակուսի կիլոմետր տարածի մասին:
Panorama.am
Բողոքի ձայն՝ Ադրբեջանը Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընդգրկելու փաստով
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը վրդովմունք է արտահայտել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընդգրկելու փաստին։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է այն մասին, որ Ադրբեջանն ընդգրկվել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում։ Այս որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատելուց և էթնիկ զտման իրականացումից հետո կրոնական ազատության լուրջ խախտումներ իրականացնելու մեջ ներգրավման կամ դրանք հանդուրժելու հիմքով:
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը, որ նախկինում ևս բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին, այժմ ևս ահազանգում է, որ Ադրբեջանում կրոնական գործունեության կարգավորումների առնչությամբ լուրջ մտավախություններ կան։
Միջազգային հանրության և իրավարարության բաղադրիչ հանդիսացող Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի նման արձանագրումը չափազանց կարևոր քայլ է Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցագործությունների վերհանման և համարժեք գնահատական տրամադրելու առումով։
Armenpress.am
Հյուսիսային Կորեան երկրորդ օրն անընդմեջ գնդակոծում է Հարավային Կորեայի հետ սահմանը
Հյուսիսային Կորեան 2-րդ օրն անընդմեջ ափամերձ հրետանային կրակ է բացում Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող կղզու տարածքում՝ Դեղին ծովի ուղղությամբ արձակելով 60 արկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբային պետերի կոմիտեն։
Տեղեկատվության համաձայն՝ խոսքը առափնյա հրետանու մասին է։
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առափնյա հրետանին մոտ 200 արկ էր արձակել հարավկորեական Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում։