Մամուլի տեսություն – 15.01.2024
«Իրանի կողմից Ամերիկայի նվաստացումից» մինչև «Իսրայելին աջակցող ամերիկյան մեգակորպորացիաների հսկայական կորուստը» այսօրվա իրանական մամուլում։
Քեյհան օրաթերթ
Fox News-ը խոստովանում է, որ Իրանը նվաստացնում է Ամերիկային
Անդրադառնալով Կարմիր ծովում նավերի վրա Եմենի դիմադրության հարձակումների ավելացմանը՝ Fox News-ը պնդել է, որ Իրանը ֆինանսավորում է միլիցիոն խմբավորումներին, ինչպիսիք են Եմենի հութիները՝ շրջանցելով պատժամիջոցները։
2018-ին ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը և նրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, կրճատեցին Իրանի նավթի արտահանումը կիսով չափ, իսկ ՀՆԱ-ն՝ 6%-ով իջեց և տնտեսությունը խորը անկման մեջ գցեց: Բայդենի ընտրությունից հետո նավթի արտահանումը 2021 թվականին աճել է մինչև 1,2 միլիոն բարել, մասամբ այն պատճառով, որ Թրամփի դուրս գալը թուլացրել է Չինաստանի և իրանական նավթի մի շարք այլ սպառողների պարտավորությունները, և մասամբ այն պատճառով, որ Իրանը շրջանցելու ավելի շատ հնարավորություններ ունի:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Գազայի պատերազմի հետևանքով ամերիկյան մեգակորպորացիաների հսկայական կորուստը համաշխարհային կարգի փլուզման նոր նշանն է
Սիոնիստական ռեժիմի հետ համախոհ բազմազգ ընկերությունների դեմ ժողովրդական բոյկոտը ցույց է տալիս իր իրական ազդեցությունը համաշխարհային շուկաներում։ Միևնույն ժամանակ Իսրայելին աջակցող ընկերությունները, ինչպիսիք են McDonald's-ը, Starbucks-ը կամ Unilever-ը, որոնց հիմնական եկամուտը հիմնված է ցանցային մասնաճյուղերի վաճառքի վրա, զգալի վնասներ են կրել։
Ջավան օրաթերթ
Իսրայելն Գազայի արմատներն է թիրախավորել
Ներկայումս Գազայի չորս թանգարաններից երկուսը հողին են հավասարվել, որոնցից մեկը Ռաֆահի թանգարանն է, որն ուներ ոսկու, զարդերի և մետաղադրամների հավաքածու: Ավերվել է 104 մզկիթ։ Չեն խնայվել նաև հին եկեղեցիները։ Դրանցից մեկը Հույն ուղղափառ եկեղեցին էր, որը համարվում էր աշխարհի երրորդ ամենահին եկեղեցին։ Ձմռան սկիզբն ու անձրեւները նույնպես մեծացնում են ավերածությունների քանակը։
Շարղ օրաթերթ
Շանհայի համագործակցության կազմակերպության աջակցությունը Թայվանի նկատմամբ Չինաստանի դիրքորոշմանը
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։
Tert.am
Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել․ Տիգրան Աբրահամյան
այաստանի իշխանությունները, ըստ քաղաքական նպատակահարմարության, փորձում են սեփական ձևով մեկնաբանել իրադարձությունների ընթացքը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ կա կոնկրետ պահանջ, որն իջեցված է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ։ Ադրբեջանը պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել շատ մեծ փոփոխություն, Ադրբեջանի իշխանությունները նաև որոշակի գաղտնազերծում են անում։ Սա կամ ենթադրում է ՀՀ-ի կողմից շատ մեծ տարածքային զիջումներ, կամ այն, որ Ադրբեջանը կգնա արկածախնդրության ճանապարհով։ Վերջին 10 օրվա իրադարձությունները, պաշտոնական Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել ու ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել»,- ասաց պատգամավորը։
Աբրահամյանը կարծում է, որ բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում։
«Բաքվի ու Երևանի իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազակներ էր փոխանցվում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդհանուր փաստաթղթից փորձ է արվում դուրս բերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջակմանը վերաբերող դրույթը։ Սրանք ՀՀ-Ադրբեջան բանակցությունների առանցքային երկու դրույթներն էին։ Միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհով, բայց եթե այդ կարևոր դրույթները դուրս են մնում այդ փաստաթղթից, նշանակում է, որ եղած սպառալիքները չեն վերանում»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Tert.am
Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքն առաջին 3 օրը կլինի անվճար․ Ռուստամ Բադասյան
ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այս մասին «Պետական տուրքի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Օրենքի նախագծով՝ առաջարկվում է տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից:
«Առաջարկում ենք, որ պետական տուրքի բարձրացման արդյունքում ունենանք մի իրավիճակ, որ ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում մաքսատանը հերթեր չառաջանան և տնտեսվարողները չունենան ժամանակի և ֆինանսական կորուստներ»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Ռուստամ Բադասյանը նաև հայտնեց, որ նախագծի առաջինից երկրորդ քննարկման ժամանակ փոփոխություն է արվել, ըստ որի՝ նախագծի ընդունման դեպքում Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքը առաջին երեք օրը կլինի անվճար։
tert.am
ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք․ «Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց:
«ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը լի է կետադրական, իմաստային սխալներով։ ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, իսկ մենք բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից։ Խոսքն այսօր ոչ միայն մեր թատրոնին է վերաբերում, խոսքն արժեքներին է վերաբերում։ Նրանք թքած ունեն մեր բացարձակ արժեքի, մեր ինքնության վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։
Համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային, կրթական օջախի ճակատագիրը։ Մեր թատրոնի անձնակազմն իրար շատ սիրում ու հարգում է, այնտեղ, որտեղ սեր ու միասնություն կա, իրենից ուժ է ենթադրում, իսկ իրենք ատում են սերն ու միասնականությունը, սիրում են աղճատված, պարտված վիճակ»,- ասաց «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։
news.am
Ես չեմ զարմանա, եթե Փաշինյանի իշխանությունը Րաֆֆու, Նժդեհի գրքերը խարույկների վրա այրի. Ավետիք Չալաբյան
Այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, օրինակ՝ հարձակում է սկսում եկեղեցու դեմ, ձերբակալում են գեներալներին, փակում են թատրոնները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով նույնպես ներկա էր «Գոյ» թատրոնի կոլեկտիվի կազմակերպած բողոքի ակցիային, որով պահանջում են չմիավորել «Գոյ» և Սունդուկյան թատրոնները։
«Թատրոնը և ընդհանրապես մշակութային ցանկացած կոլեկտիվ հասարակության կարևոր մաս է, թույլ է տալիս միասին մեզ զգալ հասարակություն, զգալ որակյալ հասարակություն, մշակութային և ինտելեկտուալ հասարակություն։ Հիմա այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, այս ամենը ինձ հիշեցնում է 30-ականների նացիստական Գերմանիան, երբ որ բերում էին քաղաքների կենտրոններում խարույկներ էին վառում և իրենց դուր չեկած հեղինակների գրքերը գցում էին խարույկների մեջ։ Ես չեմ զարմանա, որ եթե Փաշինյանի իշխանությունը կարողանա վերարտադրվել, ինչ-որ ժամանակ հետո Րաֆֆու, Նժդեհի գրքերը այրեն, Նժդեհի, Նեմեսիսի արձանները հանեն, որովհետև իրենց բովանդակությունը, գործունեության ոճը դա է»,-ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ թատրոնի կոլեկտիվն անկախ քաղաքացիական ձայն ունի և նրա գոյությունը ֆինանսական չնչին ծախս է պահանջում։ «Գոյ» թատրոնը հարվածի տակ է ընկել, քանի որ այս նյութապաշտ իշխանության դոկտրինի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն այսօր այստեղ է, որպեսզի «Գոյ» թատրոնը շարունակի իր գործունեությունը:
news.am
Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք: Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Կազմվել է քննչական խումբ։
Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»։
Ավելի Վաղ ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։