Մամուլի տեսություն 08,03,2024
(last modified Fri, 08 Mar 2024 14:14:58 GMT )
Մարտ 08, 2024 17:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08,03,2024

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը խոստովանել է, որ հրեա ավանաբնակները Նեթանյահուի կաբինետի աջակցությամբ հրկիզում են անմեղ պաղեստինցիների ունեցվածքը և սպանում նրանց։

 

Շարղ

Իսրայելի նախկին վարչապետ. Նեթանյահուն ձգտում է բոլոր պաղեստինցիներին վտարել Հորդանան գետի արևմտյան ափից

«Ալ Ջազիրա»-ն գրել է, որ Իսրայելի նախկին վարչապետ և Նեթանյահուի խիստ քննադատ Էհուդ Օլմերտը զգուշացրել է, որ Իսրայելի ներկայիս առաջնորդը կարող է վտանգել Եգիպտոսի հետ երկրի երկարամյա խաղաղության պայմանագիրը, եթե ռազմական գործողությունը ընդլայնվի մինչև Ռաֆահ:

Օլմերտը, ով ելույթ է ունեցել իսրայելական Haaretz հրատարակության փոդքաստում, ասել է, որ Նեթանյահուն և ռազմական կաբինետում նրա դաշնակիցները չեն ցանկանում դադարեցնել պատերազմը և նույնիսկ ցանկանում են ավելի հեռուն գնալ՝ սրելով լարվածությունը Հորդանան գետի արևմտյան ափում:

Օլմերտը նաև ասել է, որ հրեա ավանաբնակները հրկիզում են անմեղ պաղեստինցիների ունեցվածքը և սպանում նրանց։ Այս բոլոր մարդկանց ուղղակիորեն և հրապարակայնորեն աջակցում են Նեթանյահուի կաբինետի կառավարությունն ու նախարարները։

 

Դոնյայե Էղթեսադ

Ամենավտանգավոր խաղը Երկիր մոլորակի վրա/ Իրան-ԱՄՆ ստվերային պատերազմը

New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանը ամերիկյան այս թերթում գրել է. «Կա ևս մեկ պատերազմ, որը սկսվել է Իսրայելի և Համասի միջև պատերազմից անմիջապես հետո:

Մերձավորարևելքում այս մյուս պատերազմում Իրանը և նրա միջնորդված ուժերը առճակատվում են Սիրիայում, Հորդանանում և Իրաքում ամերիկյան բազաների փոքրամասշտաբ ցանցի դեմ:

Իրաքում Իրանին մոտ կանգնած այս շիա զինյալները և Եմենում Հութիների շարժումը կարող են մահացու սպառնալիք չթվալ, բայց մի խաբվեք:

Նրանք սովորել են զինվել, հարմարվել և օգտագործել աշխարհի ամենաբարդ ճշգրիտ զենքերը:

Իրանի կողմից տրամադրված այս ենթադրյալ զենքերը կարող են թիրախավորել 500 մղոն հեռավորության վրա գտնվող օբյեկտները :

Ամերիկացիները գուցե չգիտեն, որ իրենք պատերազմում են Իրանի դեմ, բայց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը, անշուշտ, գիտի, որ իր միջնորդված ուժերի միջոցով ստվերային պատերազմի մեջ է մտնում ԱՄՆ-ի դեմ, և եթե այդ իրանական միջնորդված ուժերից որևէ մեկին հաջողվի հարձակվել մի ամերիկյան ռազմանավի կամ Հորդանանում կամ Սիրիայում ամերիկյան բազաների վրա, ապա կարող է զանգվածային կորուստսներ պատճառել ԱՄՆ-ի զորքերին:

 

Էթեմադ

Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու օգտին

Շվեյցարիայի խորհրդարանը 21 կողմ, 19 դեմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց ռուսական սառեցված ակտիվները  Ուկրաինային փոխանցելու հարցին։

 

Էթեմադ

Անցած ամիսը գրանցվել է պատմության մեջ «ամենատաք» փետրվարը

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ անցյալ ամիսն պատմության մեջ ամենատաք փետրվարն է գրանցվել։

Սա արդեն իններորդ անընդմեջ ամիսն է, ինչ գլոբալ ջերմաստիճանը հասնում է ամենաբարձր մակարդակին։

 

Armenpress.am

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների միջև հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, այն դեպքում, երբ երկու պատվիրակություններն էլ տարբեր ուղղություններով վարեցին բանակցություններ այլ գործընկերների հետ, ուստի այդ ակնհայտ ու վիզուալ դետալն անգամ խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ, ինչին նպաստել են որոշակի գործոններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին և Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ Մոսկվան ակնկալում է Երևանից հստակեցում տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ում փոխադարձության սկզբունքով պայմանավորվածությունների կատարման և այդ կառույցներում Հայաստանի հետագա մասնակցության հարցում։

«Անթալիայում ՌԴ արտգործնախարարի խոսքում կար հստակ անդրադարձ կովկասյան թեմատիկային և հատկապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր դրույթներին՝ առանձին շեշտադրումներով։ Խոսքը վերաբերում էր հատկապես ՀՀ-ի ու ՌԴ-ի և Ռուսաստանի նախաձեռնած համագործակցային տարբեր ձևաչափերի համատեքստում հետագա փոխգործակցությանը։ Անդրադարձ կար նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակին, ինչի առթիվ հնչեցին տարբեր ուղերձներ, որոնք պետք է դիտարկել երկու մակարդակում։ Առաջինն ավելի շատ քարոզչական հարթությունում է, որի նպատակն առկա լարվածության հետ կապված լայն քաղաքական և փորձագիտական բանավեճի հրահրումն է, որպեսզի երկու երկրներում սկսեն քննարկումներ, թե արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ՌԴ-ի հետ կապված բոլոր ձևաչափերում Հայաստանի մասնակցության վերանայումը»,- ասաց Պետրոսյանը։

 

24news.am

Փաշինյանի հետ փակ նիստում քննարկվել է «անկլավների» հարցը․ Բաքուն իմպերատիվ պահանջել է զիջել դրանք․ 24news.am

Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը քննարկվել է սահմանազատման հարցերով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակության միջև այսօր հայ-ադրբեջանական սահմանին կայացած հանդիպումը, այս մասին հայտնում է 24news.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ադրբեջանցիները հանդիպմանը իմպերատիվ պահանջ են դրել՝ զիջել Տավուշի երկայնքով գտնվող, այսպես կոչված, անկլավները, և իրենք իրենց կողմից պատրաստ չեն ընդունել, որ հայկական կողմը նույնպես ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։

«Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ հատկապես այս հարցն է քննարկվել ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ»,- հայտնում է աղբյուրը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանում կայացած հանդիպմանը քննարկվել են  Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո թե՛ իշխող խմբակցության պատգամավորները, թե կառավարության անդամները լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարվել են մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվել փակ հանդիպմանը։

 

News.am

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը օգուտ կբերի․ Միրզոյան

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը։ Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- ասել է Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:

Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ դրանք ակնհայտ են։

«Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

 

Armenpress.am

Պատրաստ ենք աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, որի շրջանակում կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել:

Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,-ասել է ԱԳ նախարարը:

Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ իրավիճակն Արևելյան Եվրոպայում: