Մամուլի տեսություն 25-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31981-Մամուլի_տեսություն_25_08_2016
Այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, Գերմանիան որոշել է  այդտեղից դուրս բերել  իր վեց կործանիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2016 12:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-08-2016

Այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, Գերմանիան որոշել է  այդտեղից դուրս բերել  իր վեց կործանիչները:

Ղոդս

Գերմանիան  պատրաստվում է իր ռմբակոծիչները դուրս բերել  Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից

«Ղոդս» թերթը գրում է.-Գերմանիայի դաշնային հանրապետության զինված ուժերը պատրաստվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից դուրս բերել «Տորնադո» տիպի իրենց 6 կործանիչները:Այդ մասին հայտնում է գերմանական Շպիգել  պարբերականը:

Այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, Գերմանիան որոշել է  այդտեղից դուրս բերել  իր վեց կործանիչները:

«Գերմանիայի բանակը  քննարկում է  իր  կործանիչների վերատեղակայման հարցը: Գերմանիայի  կործանիչների վերատեղակայման մյուս տարբերակը բանակի կողմից դիտարկվում է Հորդանանը կամ Կիպրոսը»,գրում է գերմանական պարբերականը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի դիրքորոշվել  իր  նախագծերի մանրամասների կապակցությամբ: Շպիգելը հղում անելով Գերմանիայի բանակի խոսնակին գրել է.« «Մենք կուզենայիք Թուրքիայից շարունակել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական առաքելությունը,բայց Ինջիրլիք ավիաբազան ունի այլընտրանքներ»: Նրա խոսքով՝ կործանիչների վերատեղակայման պատճառով ԻԼԻՊ-ի դեմ օդային գործողությունները կարող են նվազագույնը  երկու ամսով հետաձգվել:

Նշենք,որ գերմանական կործանիչները մասնակցել են ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողություններին:

Սոցիալ-դեմոկրատները մեծ ճնշում են գործադրել Մերկելի կառավարության նկատմամբ ,որպեսզի գերմանացի զինծառայողներին ու կործանիչները դուրս բերի Ինջիրլիք ավիաբազայից: Թուրքիան տակավին պնդում է իր դիրքորոշման վրա:Անկարան Բունդեսթագի պատգամավորներին թույլ չի տվել այցելել Ինջիրլիք ավիաբազա՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչվելու պատճառով: Սոցիալ-դեմոկրատների զինվորական խոսնակ՝ Ռայներ Առնոլդը ասել է.«Գերմանիայի կառավարությունը անհապաղ պետք է այլ ռազմաբազա տեղափոխի իր զինծառայողներին»:

Գերմանիա-Թուրքիա լարվածությունը սրվել է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Գերմանիան խստորեն քննադատել է հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի կառավարության  բռնությունները:

Մերկելն անցած ամիս հայտարարել է,որ Գերմանացի պատգամավորները պետք է իրավունք ունենան հանդիպել Ինջիրլիք ավիաբազայում գտնվող 250 գերմանացի զինծառայողների

---

Ղոդս

Սիոնիստական ռեժիմին անհանգստացնում է Իրան-Ռուսաստան սերտ հարաբերությունը և նրանց կողմից Բաշշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը

Սիոնիստական ռեժիմի ռազմական հարցերով մի փորձագետ ասել է.«Իսրայելին անհանգստացնում է Իրանի ու Ռուսաստանի սերտ հարաբերությունը և նրանց կողմից Բաշշար Ասադի ղեկավարած Սիրիային ցուցաբերվող հովանավորությունը»:

Իսրայելի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում, այդ ռեժիմի ռազմական հարցերի փորձագետ՝ Ամիր Բար Շալոմն ասել է.«Երկու օր առաջ Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի հակազդեցությունը նորություն չէ, և այս տարածքն ավելի վաղ և նույնիսկ Իսրայելի ռեժիմի  պատերազմի նախկին նախարար՝ Մոշե Յաալոնի օրոք էլ նման հակազդեցությունների ականատես է եղել»:

Շալումը նշել է,որ եթե ուշադրությամբ դիտենք Իսրայելի հակազդեցությունը կնկատենք ,որ խաղի ոչ մի կանոն չի խախտվել : Նրա խոսքով՝ Իսրայելը հավատարիմ է  իբր թե   Լիբանանի կամ Սիրիայի նկատմամբ կանխարգելման չափանիշին :

--- 

Hayeli.am

 

ԱՄՆ-ի պատասխանը Թուրքիային. «Երանի Գյուլենը ԱՄՆ-ում չլիներ»

 

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ժամանել է Անկարա: Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպումներում քննարկվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող՝ իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցն ու Սիրիայի վերջին զարգացումները:

«Երանի Գյուլենը ոչ թե ԱՄՆ-ում, այլ մեկ ուրիշ երկրում լիներ»,- նշել է ԱՄՆ-ի փոխնախագահը, անդրադառնալով Գյուլենի արտահանձնման խնդրին։ Բայդենը հավելել է՝ հարցի շուրջ որոշումը դաշնային դատարանն է կայացնելու։ «Հաշվի առնելով բոլոր ապացույցները՝ դիմելու ենք ամերիկյան դատարան։ Դրա համար ժամանակ է պետք։ Հավատում եմ, որ թուրք ժողովուրդը զայրացած է, սակայն, գործընթացը շարունակվելու է»,- ասել է Բայդենը, հավելելով՝ ԱՄՆ-ն ոչ մեկին պաշտպանելու նպատակ չունի, սակայն, պարտավոր է հավատարիմ մնալ իր օրենքներին։

Թուրքիայի արդարադատության նախարարությունն արդեն երկու անգամ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել, իրենց պնդմամբ, հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ Ֆեթուլահ Գյուլենին։ Հարցի շուրջ բանակցելու նպատակով նախօրեին Թուրքիա է այցելել ԱՄՆ-ի հատուկ պատվիրակությունը։

Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հեղաշրջման փորձի հետևում հենց Գյուլենն է կանգնած, և անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրան։ «Արդեն 85 փաթեթ փաստաթուղթ ենք ուղարկել ԱՄՆ։ Մենք շարունակելու ենք փաստաթղթեր ուղարկել հուլիսի 15-ին հաջորդող զարգացումների վերաբերյալ։ Թուրքիան և ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ են, և Գյուլենին ապաստան տալով, ԱՄՆ-ը ոչինչ չի շահելու։ Այս մասին այսօր կրկին ասելու ենք»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ։

Հուլիսյան հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիա այցելած առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին կանգառը թուրքական Մեջլիսն է եղել։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ հանդիպումից հետո Բայդենը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ շրջել է խորհրդարանի շենքի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ վնասված հատվածով։

ԱՄՆ-ի փոխնախագահը նշել է, որ կցանկանար Թուրքիա այցելել հուլիսյան դեպքերի հաջորդ օրը։ Բայդենն ընդգծել է՝ հուլիսի 15-ը Թուրքիայի սեպտեմբերի 11-ն էր։ Մեջլիս կատարած այցից հետո Ջո Բայդենը վարչապետական «Չանքայա» պալատում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Թուրքական «Միլիյեթը» գրում է, որ պալատ գնալու ճանապարհին մի խումբ ցուցարարներ պաստառներով և սուլոցներով են դիմավորել ամերիկացի պաշտոնյային՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ։

Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Բայդենը և Յըլդըրըմը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ ԱՄՆ-ի փոխնախագահն աջակցություն է հայտնել հեղաշրջման փորձ ապրած Թուրքիայի ղեկավարությանը, ընդգծելով՝ Թուրքիա է եկել թուրք-ամերիկյան բարեկամությունը ողջ աշխարհին ցույց տալու համար։ «Թուրք ժողովուրդը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ չունի»,- ասել է նա։ Բայդենը հերքել է լուրերը, թե ԱՄՆ-ը տեղյակ է եղել Թուրքիայում ծրագրվող հեղաշրջման մասին։ «Եթե ԱՄՆ-ը նախապես տեղեկություն ունենար, ապա հնարավոր ամեն ինչ կաներ՝ հեղաշրջման փորձը կանխելու համար»,- Թուրքիայում հայտարարել է Բայդենը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայի ներսում քրդերի նոր միությունը և որ պետք է պահպանվի երկրի տարածքային ամբողջականությունը: Յըլդըրըմը նաև ընդգծել է, որ Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու համար պետք է գտնվի համատեղ լուծում: Բայդենը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն քրդերին պարզ հասկանալ է տվել, որ նրանք պետք է վերադարձնեն իրենց վերահսկողության տակ վերցրած Եփրատ գետից արևելք Սիրիայի Մանբիջ քաղաքը ԱՄՆ-ի կողմից աջակցության վերականգնման համար:

Անկարայում գտնվող նախագահական նստավայրում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը։ Այն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 2 ժամ ու 25 րոպե։ Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսում Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է նվազագույնը կալանավորի Ֆեթուլլահ Գյուլենին, քանի որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունի հանցագործների կալանավորման ու արտահանձնման մասին համաձայնագիր։ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն դրական կվերաբերվի Թուրքիայի այդ պահանջին։ Իսկ Բայդենն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն հեղաշրջման փորձի առաջին պահից գտնվել է իր դաշնակից Թուրքիայի իշխանությունների կողքին։ Բայդենի խոսքերով՝ Գյուլենի արտահանձնման հարցով զբաղվում են իրավաբանները, քանի որ դա իրավական հարց է։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի 31-ին: Այդ օրը Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական ֆուտբոլային խաղ։ Հաղորդվում է, որ Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ներկա կլինի այդ հանդիպմանը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

Մետաքսյա Շալունց

 

---  

 

News.am

Ինչո՞ւ Թուրքիան գործողություն սկսեց Սիրիայում. մեկնաբանում է թուրքագետը

Սիրիա օդային ու հրետանային հարվածներից հետո ցամաքային գործողություններ սկսելու պատճառները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքիան օգոստոսի 24-ի վաղ առավոտյան օդային ու հրետանային հարձակումներից հետո տանկային ստորաբաժանում մտցեր Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս ավան, որը գտնվում էր «Իսլամական պետության» հսկողության տակ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, թե գործողության նպատակն է Ջերաբլուսը «մաքրել»  «Իսլամական պետության» զինյալներից եւ արդեն օրվա կեսից հետո թուրքական տանկերի ուղեկցությամբ Ջերաբլուս մտան այսպես ասած «Սիրիական ազատ բանակի» ու թուրքմեններից կազմված ջոկատները թեւերին կարմիր ու կապույտ ժապավեններով։

Թուրքիան այս անգամ եւս աշխարհին փորձեց մոլորեցնել՝ հայտարարելով, թե գործողության թիրախը ԻՊ-ն է։ Սակայն ԻՊ-ը մի քանի տարի է այդտեղ գտնվում եւ մշտապես օգտվել է Թուրքիայի լոյալ վերաբերմունքից եւ ավելին ստացել է լոգիստիկ աջակցություն։

Թուրքիայի նպատակը այս գործողությունով Սիրիայի քրդերից կազմված զինված ուժերը՝ YPG-ին հասկացնի հեռանալ Եփրատի արեւմտյան ափից, քանի որ վերջին շրջանում քրդական ուժերը Եփրատի արեւելյան ափից անցել էին արեմտյան ափ ու հաջող գործողություններով «Իսլամական պետությունից» վերցնում էին կարեւոր քաղաքներ ու շրջաններ։ Հենց այս հանգամանքն էլ Թուրքիային անհանգստացրել էր, քանի որ վտանգ կա, որ քրդերը Սիրիայի հյուսիսով միջանցք կստեղծեն դեպի Միջերկրական ծով եւ Թուրքիայի հարավային սահմանները կշփվեն քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներով։

Թուրքիան նախկինում էլ, օգոստոսի 24-ի գործողությունները սկսելուց ժամեր անց էլ հայտարարեց, որ եթե Սիրիայի քրդերից կազմված զինված ուժերը  (YPG) չլքեն Եփրատի արեւմտյան ափը, ապա Թուրքիան անհրաժեշտ գործողությունների կդիմի։ Այսինքն, Թուրքիան անուղղակի ձեւով խոստովանեց, որ գործողության նպատակը հենց քրդերն են, իսկ «Իսլամական պետությունը» ուղղակի այդ գործողությունը քողարկելու համար է։ Մանավանդ, որ Ջերաբլուսում ՒՊ-ը գրեթե ուժեր չուներ եւ մոտ օրերս քրդերը պատրաստվում էին այն եւս վերցնել։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Թուրքիան ցամաքային գործողության ժամանակ օգտագործում է այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» ու թուրքմենական ջոկատները։ Թուրքիան փորձում է ուժեղացնել այդ խմբավորումների դիրքերը Ջերաբլուսում եւ շրջակայքում ընդդեմ քրդերի։

Ո՞ւմ համաձայնությամբ Թուրքիան գործողություն սկսեց Սիրիայում

Բոլորին հայտնի է, որ Սիրիայի տարածքը փաստացի գտնվում է ռուսական ուժերի հսկողության տակ եւ ցանկացած խախտում արժանանալու է պատասխանի։ Ուրեմն Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է Թուրքիային։ Մանավանդ հաշվի առնել է պետք, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո թուրքական կողմը հրաժարվում է պահանջել Ասադի հրաժարականը, իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, թե Սիրիայում առանց ՌԴ-ի չի կարող լուծում լինել։ Ասադի հրաժարականի պահանջից հրաժարվելու գինը ամենայն հավանականությամբ կարող է լինել քրդական ուժերին Եփրատի արեւմտյան ափ դուրս գալը խոչընդոտելը։  Քրդերի հետագա առաջխաղացումը խոչընդոտելու հարցում կարծես թե համաձայնություն է տվել թե Իրանը, թե ԱՄՆ-ը, թե Ասադը։ Սակայն հիշյալ կողմերը Թուրքիային թույլ չեն տա ընդարձակվել իր գործողություններում, երբ այն դուրս գա պայմանավորվածությունների շրջանակներից։

Չպետք է մոռանալ, որ Սիրիայի քրդերից կազմված զինված ուժերին՝ YPG-ին բացահայտ աջակցում է թե, ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը եւ խնդիրն այստեղ միայն Եփրատի արեւմտյան ափից հետքաշվելն է։

Ի՞նչ կարեւորություն ունի Ջերաբլուսը եւ Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը

Ջերաբլուսը Թուրքիայի սահմանին հաշված կիլոմետրեր է հեռու եւ ունի ընդամենը 10 հազար բնակչություն, իսկ Ջերաբլուսում մոտավոր հաշվարկներով կար «Իսլամական պետության» ընդամենը 200 զինյալ։ Այսինքն, Ջերաբլուսի գործողության գլխավոր նպատակն այն է, որ թույլ չտալ որ այն քրդերը վերցնեն։

Հետեւաբար, «Եփրատի վահան» գործողությունը լուրջ գործողություն չէ, առավել եւս ուղղված չէ «Իսլամական պետության դեմ։Նրա հիմնական թիրախը հենց Սիրիայի քրդերն են։