Մամուլի տեսություն 05-09-2016
Թուրքական տանկերի ու զրահատեխնիկայի մուտքը սահմանամերձ Ջերաբլուս քաղաք փաստորեն Սիրիայի հյուսիսում նոր ճակատ է բացել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ:
Ղոդս
Սիրիական անվերջանալի ճակատամարտը
Թուրքիան անցած շաբաթ մեծ քանակությամբ տանկեր գործուղելով արևմտյան հատված, սահմանամերձ Ջերաբլուս քաղաքը դուրս բերեց ԻԼԻՊ-ի վերահսկողությունից: Թուրքական տանկերի ու զրահատեխնիկայի մուտքը սահմանամերձ Ջերաբլուս քաղաք փաստորեն Սիրիայի հյուսիսում նոր ճակատ է բացել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ: «Ալ Ջազիրա» հեռուստակայանի հաղորդմամբ՝ Անկարայի միջամտություններն ավելի ընդլայնվեցին այն բանից հետո, երբ այդ երկրի զորքերը սիրիական խռովարար խմբերի համագործակցությամբ ռազմավարական Ջերաբլուս քաղաքը հետ վերցրեցին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից: Այդ գործընթացը շարունակվելով պատճառ է դարձել, որ սիրիացի խռովարարները կարողանան շաբաթ օրն իրենց ձեռքը վերցնել Թուրքիայի մի քանի սահմանամերձ գյուղեր:
«Սուլթան Մորադ» խռովարար խմբի հրամանատար՝ Ահմեդ Օսմանը ,որ բացահայտորեն խոսում է Անկարայի հետ միավորվելու մասին, Ալ Ջազիրա հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հրամանատարության տակ գտնվող ուժերին հաջողվել է իրենց ձեռքը վերցնել «Ալ Ֆերսան»-ի նման գյուղերի վերահսկողությունը:Նա հավակնել է,թե իր ուժերը Ջերաբլուսն ազատագրելուց հետո առաջխաղացում են ունեցել դեպի արևմուտք և ավելի քան 17 գյուղեր մաքրել են ԻԼԻՊ-ի ուժերից և մտադիր են կարճ ժամանակամիջոցում իրականացնել իրենց վերջնական նպատակը,որն է՝ «Ջերաբլուս» և «Ալ Ռայ» քաղաքների միջև գտնվող գյուղերի գրավումը:Նշվում է,թե «Սուլթան Մորադ» խումբը Սիրիայի ազատ բանակ կոչվող մյուս խռովարար խմբերի համագործակցությամբ ներկայումս ԻԼԻՊ-ի ուժերից ամբողջությամբ մաքրել է այդ երկու քաղաքները:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբ այն պայմաններում է հաստատել այդ հաղորդումները,երբ թվում է,որ շաբաթ օրը Թուրքիայի մեծ թվով տանկերի մուտքը Սիրիայի տարածք այդ երկրի վճռակամությունն է ցույց տալիս Սիրիայի պատերազմի ճակատ ներթափանցելու համար: Սիրիայի ազատ բանակ կոչվող ուժերը հույս ունեն, որ Թուրքիայի բանակի օգնությամբ կկարողանան յուրացնել ամիսներ շարունակ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ջերաբլուս և Ալ Ռայ քաղաքների միջև ընկած 90 կիլոմետր տարածքը : Ընդսմին Օսմանն ասել է,որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները դույզն չափով չեն դիմադրել Թուրքիայի հատուկ նշանակության ուժերին, կործանիչներին ու տանկերի առախաղացմանը և Թուրքիայի կողմից խռովարարներին ցուցաբերվող օդային աջակցությունը տեսնելով նրանք անմիջապես լքել են իրենց հսկողության տակ գտնվող սահմանամերձ գյուղերը:
---
Armradio.am
Հայաստանը երեք տարի առաջ հայտարարեց ԵՏՄ- ին միանալու մասին
Ի՞ նչ տվեց Հայաստանի տնտեսությանը Եվրասիական տնտեսական միությունը: Վիճակագրությունը՝ նույնն է, կարծիքները՝ տարբեր: Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ որևէ երկրի հետ ընդհանուր սահման չունի։ Այս հանգամանքը դժվարություններ է ստեղծում, որը չի հերքում անգամ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Հայաստանը ԵՏՄ երկրների հետ կապող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, որը պարբերաբար, հատկապես հայ տնտեսվարողների համար կենսական նշանակության ժամանակահատվածում, գրեթե միշտ փակ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է՝ արտահանման մասով Մաքսային միությունը Հայաստանին համարյա ոչինչ չտվեց։
Տարիներ շարունակ եվրաինտեգրման ճանապարհով գնացող Հայաստանը երեք տարի առաջ ,սեպտեմբերին փոխեց իր ուղին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու պետության որոշման մասին: Հայաստանը ԵԱՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը ստորագրեց 2014թ. հոկտեմբերի 10-ին, իսկ ԵԱՏՄ-ին միացավ 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների մեջ առանձնահատկություն ունեցող միակ երկիրն է՝ անդամ երկրներից և ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունի: Իսկ այն, որ սա իրենից դժվարություն է ներկայացնում, խոստովանում է անգամ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությունը ժամանակային առումով համընկավ Ռուսաստանում սկսված տնտեսական անկման հետ, որոնք պայմանավորված էին ինչպես նավթի միջազգային գների անկումով, ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցներով, այնպես էլ այս երկրում ի հայտ եկած տնտեսության կառուցվածքային խնդիրներով։
Եվրոպականից դեպի Եվրաինտեգրում անցման մասին հայտարարությունից անցել է երեք տարի։ Փորձագետների գնահատականները, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանի արտահանման հիմնական գործընկերը եղել ու մնում է ՌԴ-ն: ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի , Ղազախստանի, Ղրղզստանի հետ առանձնապես արտահանման ծավալների աճ չի գրանցվել:
Իսկ այն, որ ՌԴ արտահանման ծավալներն ավելացել են, այս տարվա օգոստոսի 10-ին Մոսկվայում հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ հակառակ տնտեսությունում տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ վեց ամիսների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ մոտ 90 տոկոսով, և փաստացիորեն հասել է կես տարվա պատմական առավելագույնին:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ընդգծում է՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ՝ անկում, անկում է արձանագրվել նաև արտաքին շրջանառության ոլորտում, ինչպես նաև ավելացել է պետական պարտքը:
---
Tert.am
Թուրքիայում մամուլի ազատության և ընդդիմադիրների դեմ գործողությունների վերաբերյալ զգուշացումներ ենք ուղղել Էրդողանին. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը, որի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին:
Նա պատմել է, որ ԱՄՆ պատվիրակությունն ու ինքն անձամբ որոշակի զգուշացումներ են ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և խորհուրդ տվել վերանայել մամուլի ազատության և երկրի ընդդիմադիրների դեմ գործողությունները:
«Իհարկե, երկիրը քաղաքական ցնցումներ է ապրել: Ամեն ինչ պետք է նորից կառուցել: Այս փուլում շատ կարևոր է, թե ինչպես կգործեն: Մենք, լինելով բարեկամ երկիր, մեր պարտքն ենք համարում ճիշտ զգուշացումներ կատարել որոշակի հարցերում»,- ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: