Մամուլի տեսությունը 10-09-2016
Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները:
Շարղ
Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը աշխարհի երկրների խոշորացույցի տակ
Հարավային Կորեայի նախագահ՝ Պակ Կըն Հեն իր հարևան երկիր՝ հյուսիսային Կորեային մեղադրել է խափանարարական քայլեր իրականացնելու մեջ: Նա ասել է.«Հյուսիսային Կորեան այդ քայլով թափ է հաղորդում իր ոչնչացմանը»: Հարավային Կորեայի կառավարությունը նաև վարչապետի նախագահությամբ արտակարգ նիստ է հրավիրել քննարկելու Հս. Կորեայի նոր փորձարկման ծավալները:
Նշենք,որ Հս. Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն:
4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական զորավարժարանի շրջանում:
Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները:
Հս. Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ այդ երկրի բանակը երկրաշարժի մասին լուրերը հրապարակվելուց հետո, նիստ գումարեց ճգնաժամային կառավարման թիմի մասնակցությամբ:
Հս. Կորեայի սադրիչ գործողությունները «լուրջ հետևանքներ» կունենան: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ մեկնաբանելով այդ օրը Փխենյանի կողմից իրականացված հերթական միջուկային փորձարկումը:
Ճապոնիան Պեկինում դիվանագիտական ուղիներով Հյուսիսային Կորեային վճռական բողոք է հայտնել նոր միջուկային փորձարկման կապակցությամբ:
Հայաստանը ևս իր խորը մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Այդ մասին ասվում է Հս.Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։
«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին»,- նշել է նա։
----
Armedia.am
Ռաքքայի ազատագրման շուրջ թուրք-ամերիկյան համաձայնությունում ամեն ինչ միանշանակ չէ. Արաբագետ
Եթե Ռաքքան ազատագրվի, ԻՊ-ի անելիքները Սիրիայում մեծ հաշվով հավասարվում են զրոյի: Այս մասիս ԱՐՄԵԴԻԱ-ի հետ զրույցում նշել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել Ռաքքայի ազատագրման համար համատեղ գործողություն իրականացնելու հարցում: Արաբագետը պարզաբանել է, որ վերահսկելով Ռաքքան՝ կոալիցիան կզրկի ԻՊ-ին այլ վայրերում դիրքեր ունենալուց: Աստիճանաբար ԻՊ-ը պետք է հեռանա Սիրիայից՝ հավանաբար դեպի Իրաք: Սա մեծ նշանակություն կունենա, այդ թվում նաև սիրիական հակամարտության հետագա կարգավորման վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ընդունել Սիրիայի Ռաքքա քաղաքը ԻՊ-ի զինյալներից հետ վերցնելու համար համատեղ գործողություն անցկացնելու Վաշինգտոնի առաջարկը:
«ԻՊ-ի գլխավոր կենտրոնը Ռաքքան է: Օբաման ինձ ասաց, որ ցանկանում է մեզ հետ համատեղ ինչ-որ բան անել Ռաքքայի հարցում: Մենք պատասխանեցինք, որ մեր կողմից խնդիրներ չկան: Մենք առաջարկել ենք, որ մեր զինվորականները հավաքվեն և քննարկեն, թե ինչպես է անհրաժեշտ լուծել հարցը: Թուրքիան պետք է ցույց տա, որ գոյություն ունի տարածաշրջանում և իրավունք չունի հետքայլ անելու»,- հայտարարել է Էրդողանը:
Սարգիս Գրիգորյանն այս կապակցությամբ նշում է, որ չնայած համաձայնություն՝ որպես այդպիսին, կա, սակայն ամեն ինչ միանշանակ չէ, մասնավորապես հարց է, թե ով կիրականացնի այդ գործողությունը ցամաքում. այստեղ լուրջ հակասություններ կան թուրքական միջամտության, քրդերի դիրքորոշման հետ կապված: «Միացյալ Նահանգները ասում էր, որ քրդերը պետք է մասնակցեն դեպի ԻՊ մայրաքաղաք Ռաքքա գրոհին: Շատ հնարավոր է, որ Թուրքիան ևս դրդի քրդերին դեպի Ռաքքա գրոհել, քանի որ այն շատ ծանր է լինելու: Ռաքքայում ԻՊ-ի բավականին լուրջ ռեսուրսներ կան կուտակված, և ԻՊ-ն ուղղակի չի հանձնվի: Ռաքքայի համար բավականին լուրջ բախումներ կգնան», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողություններից հետո քրդերը դժվար թե աչքի ընկնեն նման ակտիվությամբ:
Փորձագիտական շրջանակներում Ռաքքայի ազատագրումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից համարում են սիրիական հակամարտության կարգավորման ամերիկյան սցենարի իրագործման նախապայմաններից մեկը:
----
Hayeli.am
Գարո Փայլանը Ֆրեզնոյում կմասնակցի «Թուրքիան և հայերը» քննարկմանը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը կմասնակցի Ֆրեզնոյի պետական համալսարանում սեպտեմբերի 27-ին կայանալիք «Թուրքիան և հայերը» խորագրով քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն` քննարկումը Հայագիտության ծրագրի աշնանային դասախոսությունների մի մասն է կազմում:
Փայլանը կներկայացնի Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները,մարտահրավերները, որոնց բախվում է Թուրքիայի հայ համայնքը, կխոսի հայ-թուրքական հարաբերությունների և քրդական հարցի մասին:
Գարո Փայլանը ԺԴԿ-ի հիմնադիր անդամ է և Ստամբուլի 3-րդ թաղամասը ներկայացնող պատգամավորն է: Որպես Թուրքիայում հայ համայնքի ակտիվ անդամ` Փայլանը երկար տարիներ պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար` բարձրաձայնելով քրդական ևհայկական հարցերի մասին: