Մամուլի տեսություն  11-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34312-Մամուլի_տեսություն_11_09_2016
ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 16:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11-09-2016

ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել:

 

Շարղ

Հրադադարը՝ հաղթաթուղթ Հիլարի Քլինթոնի համար

 

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով պայմանավորվածությունները կարող են կարևոր իրադարձություն լինել միջազգային համակարգի և իհարկե Միջինարևելյան տարածաշրջանի երկրների համար,քանի որ Սիրիայի դոսիեն անցած քանի տարիների ընթացքում զգալիորեն իր ազդեցության տակ է առել տարածաշրջանի կարևոր  տեղաշարժերը:  Միջազգային հարցերով փորձագետ՝ Ալի Բիգդելին Շարղ օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և  ՌԴ-ի պայմանավորվածություններն ունեն ներքին ու արտաքին երկու կողմեր: Առերևույթ Օբաման ջանքեր է գործադրում նախագահական ընտրությունների շեմին մի հաղթաթուղթ պատրաստել Հիլարի Քլինթոնի համար ,որը սեղմ մրցակցության մեջ է Դոնալդ Թրամփի հետ: Իսկ Կրեմլն  իր ցանկություններին հասնելու համար, ԱՄՆ-ի և արևմուտքի հետ գործակցություններում,որպես միջոց է օգտագործում այս ճգնաժամային երկիրը»: «Ռուսաստանը նպատակ ունի ՆԱՏՕ-ին հեռացնել իր սահմաններից և արևելյան Եվրոպայում ստեղծել վերահսկման բազա ,ինչու չէ նաև ակնկալում է,որ պատժամիջոցները սահմանափակվեն: Այս խնդիրները չկարգավորվելու դեպքում բացառվում է Սիրիայում խաղաղության հաստատումը»,համոզված է փորձագետը:

«Փաստորեն Բաշշար Ասադի իշխանության ղեկին մնալու հարցը երկու կողմերի տարաձայնություններից է»,ասում է փորձագետը:Նրա խոսքերով՝ ամերիկացիները փորձում են դրական պատկերացում ստեղծել Սաուդյան Արաբիայի կառավարության մոտ, որը պահանջում է Ասադի իշխանությունից հեռանալը: Դա այն դեպքում ,երբ Վլադիմիր Պուտինը Բաշշար Ասադին է ճանաչում Սիրիայի ժողովրդի ընտրյալ նախագահը: Այդ տարաձայնություններն այն դեպքում կկարգավորվեն ,երբ  ԱՄՆ-ն վերջ դնի ՌԴ-ին ուղղած սպառնալիքներին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքին: Այդ երկրի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է,որ պատրաստ է ուղղակի բանակցել Ասադի հետ,քանի որ մտահոգվում է այն հարցով ,որ կարող է իր երկրի սահմանների մոտ քրդամետ պետություն ստեղծվի, այդիսկ պատճառով նախընտրում է Ասադը շարունակի մնալ իշխանության ղեկին,որպեսզի պահպանվի այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Ուրեմն կարելի է ասել ,որ Թուրքիան և Իրանը  ցանկանում են  Ասադը շարունակի կառավարել Սիրիան ,իսկ Սաուդյան Արաբիայի և Կատարի համար ցանկալի է Սիրիան առանց Ասադի,-եզրակափակում է միջազգային հարցերով փորձագետը:

---- 

Tert.am

Le Figaro. «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»
Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Ղարաբաղում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել:

Ներկայացնում ենք ֆրանսիացի լրագրողի  հոդվածից հատվածներ։

2007 թվականից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։2016 թվականի ապրիլին նա դիմակայել է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակմանը։ Հրադադարը փխրուն է...

Լրագրողը նշում է․-«2016 թ․ սեպտեմբերի 2-ն է ։ Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանություններն 11430 կմ2 տարածքով և 150.000 բնակչությամբ ` Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը:

Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դե ֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Անձնավորությունն այս համեստ է, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2001թթ.-ին եղել է Ներքին Գործերի նախարար, այնուհետև 2001-2007թթ-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Ղարաբաղը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է: 95 % հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունն երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988թվականին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Ղարաբաղը 1991թ-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը):

Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի: Օրհասական այս օրերին ղարաբաղցի Նախագահն իր կեցվածքով վստահություն է ներշնչում իր ժողովրդին:
Ի դեպ, 1960 թվականին Ստեփանակերտում ծնված խորհրդային բանակում պարտադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Ղարաբաղյան գոյապայքարի ընթացքում նա դարձավ զինվորական գործիչ: 1991-1994 թթ հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը:
Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր անկեղծացել է. «Մեր Նախագահը մշտապես անկախության համար պայքար է մղել, այդ թվում եւ ֆիզիկապես ներկա է եղել մարտին, եւ մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու եւ անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվոր է:

---

Tert.am

Բավարիայի վարչապետը բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

 

Բավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Խորսթ Զեեխոֆերը բացառել է ԵՄ-ի և Թուրքիայի հետագա մերձեցումը:

«Թուրքիայի` ԵՄ-ին ամբողջական անդամակցությունը բացառվում է»,- ասել է վարչապետը:

Նշվում է, որ Անկարան տվյալ փուլում չի բավարարում մի շարք պայմանների, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի համար: Ընդ որում, Թուրքիայի հանդեպ ավելի խիստ վարքը չի բացառում փախստականների հարցով Բրյուսելի հետ համաձայնագրի պայմանների կատարումը, կարծում են միությունում:

Ընդ որում, Բավարիայի վարչապետը Միության ղեկավարությունից ստացել է փախստականների հարցով իր ուղղվածության ամբողջական աջակցությունը:

Նրա խոսքով, բնակչությունը պահանջում է որոշակի քաղաքական ուղենիշներ: Միությունն այս փուլում կարող է ապահովել Գերմանիայի քաղաքացիներին այդ պահանջը, վստահ է Զեեխոֆերը:

 

---

News.am
ՀՀ խոշորագույն քաղաքական ճգնաժամը երկար տարիներ անց. Zeit–ը՝ վարչապետի հրաժարականի մասին

 

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին եւ դրանով ճանապարհ բացեց համաձայնության կառավարության ձեւավորման համար. սա երկար տարիների ընթացքում Հայաստանի խոշորագույն քաղաքական ճգնաժամն էր, գրում է Die Zeit գերմանական պարբերականը՝ հավելելով, որ այս որոշումը սպասելի էր հուլիսին Ոստիկանության գնդի գրավման դեպքերից հետո։

«Երկրի նախագահն իր հերթին օգոստոսին խոստացել էր, որ ձեւավորելու է «ազգային միասնության» կառավարություն։ Թեպետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ոչ մի կերպ չհիշատակեց իրեն փոխարինողի մասին, սակայն արդեն հայտարարվել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմի»  գլխավոր տնօրեն՝ Կարեն Կարապետյանը»,– շարունակում է թերթը։

Spiegel–ն իր հերթին տեղի ունեցածը կապում է հուլիսյան դեպքերի հետ՝ նշելով, որ շաբաթներ շարունակված լարված վիճակից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ ասելով, որ ինքն ի վիճակի չէ երկրի առաջ ծառացած խնդիրների համար լուծում գտնել։