Մամուլի տեսություն 20-09-2016
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ կատարված հարձակումը սխալմունք է համարել։
Շարղ
ԱՄՆ-ն Սիրիայում կանգնել է խաղաղության ու պատերազմի երկընտրանքի առջև
Թեև մինչև սեպտեմբերի 17-ը Սիրիայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությունն շարունակում էր մնալ ուժի մեջ, բայց պատերազմի դաշտում ու քաղաքական ասպարեզում տեղի ունեցած զարգացումները լավ բան չեն խոստանում։ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հետ կապված շրջանակները , ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները և սիրիացի խռովարար խմբերը հենց սկզբից բացասական դիրքորոշում են որդեգրել հրադադարի համաձայնության վերաբեյալ և համոզված են, որ Ջոն Քերին ընկրկել է ՌԴ-ի և Սերգեյ Լավրովի պահանջների դիմաց և ընդհանրապես այդ համաձայնությունը Մոսկվայի ու Դամասկոսի ցանկության ուղղությամբ է։
Նշենք,որ սեպտեմբերի 17-ի երեկոյան ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են Սիրիական բանակի դիրքերը: Կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ։ Զոհվել է 62 զինվորական, վիրավորվել է մոտ 100 մարդ: Պենտագոնը տեղի ունեցածը համարել է «սխալմունք»: ԱՄՆ Պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ կոալիցիան վստահ է եղել, թե հարվածներ են հասցնում ԻԼԻՊ-ի դիրքերին։
Հաշվի առնելով այդ կործանիչների արդիական տեխնոլոգիայով օժտված լինելու փաստը , սխալվելու հնարավորությունը շատ փոքր է, հատկապես, որ Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները գործել են՝ ելնելով սեփական հետախուզական տվյալներից և պոտենցիալ թիրախներին հետևել են մի քանի օր: Ամենայնդեպս այդ հարձակումից հետո, ԻԼԻՊ-ի ուժերին հաջողվել է օգտագործել այդ հնարավորությունը և գրավել Դեյր Էլ-Զորի օգանավակայանի մերձակա բարձունքները։ ԱՄՆ-ում ընդունել են շաբաթ օրը սիրիական Դեյր էլ-Զոր քաղաքի մոտ կատարված ավիահարվածների փաստը, և այն սխալմունք են որակել, իսկ ՌԴ նախարարությունում հայտնել են, որ եթե կառավարական զորքերի ուղղությամբ հարվածները եղել են սխալ համակարգման հետևանքով, ապա դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում համակարգել Ռուսաստանի հետ ահաբեկիչների դեմ գործողությունները:
Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ հարձակումը նույնիսկ եթե դիտավորյալ էլ չի եղել, կարելի է ասել ,որ դա վկայում է այն մասին ,որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետախուզական համակարգը չափազանց թույլ ու անգործունակ է՝ Սիրիայում ահաբեկիչների դիրքերը զանազանելու և թիրախավորելու գործում ու միայն ենթադրություններով է առաջնորդվում։Ամենայն դեպս վերջին դեպքը ահազանգ է ուղղված բոլոր թշնամի կողմերին, և եթե այդ ձայնը չհասնի նրանց ականջին,ապա հնարավոր չէ հուսալի հեռանկար ակնկալել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։
----
News.am
NYT. Եվրոպացիները կորցնում են հավատը ԵՄ-ի հանդեպ
Ահաբեկչությունների, Աֆրիկայից ու Մերձավոր արեւելքից միգրացիոն հոսքերի, գործազրկության ու տնտեսական աճի ցածր տեմպերի ֆոնին միլիոնավոր եվրոպացիներ սկսում են մտածել, որ ԵՄ-ն իրենց հուսախաբ է արել, գրում է The New York Times–ը:
Նշում են, որ Բրատիսլավայում գագաթնաժողովի ժամանակ եվրոպական առաջնորդները միությունում ստեղծված իրավիճակը խիստ արտահայտություններով են բնութագրել: Եվ այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այն անվանել է «կրիտիկական», իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է ԵՄ «էքսիստենցիոնալ ճգնաժամի» մասին:
Հիասթափված եվրոպացիները ավելի հաճախ են հույսեր կապում պոպուլիստական շարժումների ու ազգայնական քաղաքական գործիչների հետ ,որոնք խոստանում են պաշտպանել նրանց աշխատատեղերը, կենսակերպն ու անվտանգությունը, ասվում է հոդվածում: Որպեսզի ԵՄ-ն կարողանա գոյատեւել, նրա առաջնորդներին անհրաժեշտ է մարդկանց վստահություն ներշնչել խնդիրներ լուծելու իրենց ունակության հանդեպ:
NYT-ն հիշում է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի խոսքն այն մասին,որ փոփոխությունները կարող են «լուրջ հեղաշրջման հանգեցնել՝ հեռացնելով ազատությունից ու այլ հիմնարար արժեքներից, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»: Արեւելյան Եվրոպայում, օրինակ Հունգարիայոմ ու Լեհաստանում, այդ հեղաշրջումը արդեն կատարվում է, գրում է պարբերականը: Հաջորդ տարի ծրագրված ազգային ընտրությունները Ֆրանսիայում, Գերմանիայում ու Նիդեռլանդներում տագնապ են առաջացնում, ու միության առաջնորդները հույս ունեն, որ Սլովակիայում հայտարարված՝ Եվրոպայի անվտանգության ամրապնդման մասին ծրագրերը կհամոզեն ընտրողներին, որ նրանց համար ԵՄ-ում ավելի անվտանգ կլինի, քան դրա սահմաններից դուրս:
Ընդհանուր առմամբ թերթը անցած գագաթնաժողովը գնահատում է որպես ոչ արդյունավետ: ԵՄ առաջնորդները պայմանավորվել են միայն այն մասին, որ մինչեւ մարտին ծրագված հաջորդ հանդիպումը նոր ծրագիր կմշակեն, որն ունակ կլինի միությանը նոր շնչառություն հաղորդել: Հաշվի առնելով ներկա ճգնաժամի ծավալները, դա հաստատ բավական չէ, համարում է NYT–ն: Եթե եվրոպացի առաջնորդներին չհաջողվի մոտ ապագայում իրականացնել իրենց ծրագրերը, ապա նրանց հանդիպումը 2017-ին կարող է մխիթարական չլինել:
---
Hayatsk.info
FT. ԱՄՆ–ում աճում է Պուտինին համակրողների թիվը
Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Financial Times -ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների թիվը ԱՄՆ-ում աճում է, մինչ արեւմտյան առաջնորդները չեն դադարում քննադատել նրան։
Այսպես՝ օգոստոսին YouGov–ի եւ The Economist–ի համատեղ հարցումների համաձայն՝ գրանցված հանրապետականների միայն 27 տոկոսն է բացասաբար վերաբերվում Ռուսաստանի նախագահին։ Ընդ որում, 2 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 66 տոկոս։
Բացի այդ, հարցման արդյունքում պարզվել է, որ հանրապետականների 85 տոկոսը Պուտինին ուժեղ առաջնորդ է համարում, այնինչ միայն 18 տոկոսն է նման կարծիք հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցներին, ապա նրանց շրջանում Պուտինին աջակցողների թիվն ավելի մեծ է։ Թրամփի յուրաքանչյուր երրորդ համախոհ դրական կարծիք ունի Պուտինի մասին։ Financial Times–ը նշում է, որ Պուտինի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է այն շրջանում, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա են։ Հատկանշական է, որ Թրամփի որոշ համախոհներ նշել են, որ այդ հակասություներն իրենց մոտ Պուտինի նկատմամբ ավելի մեծ համակրանք են առաջացրել։
---