Մամուլի տեսություն 06-10-2016
Լրագրող՝ Գիլ Թեմարին ասել է.«Իսրայելի նկատմամբ Օբամայի վերաբերմունքը նմանում է ծնողների կողմից իրենց զավակներին ցուցաբերվող վերաբերմունքին,որոնք իրենց զավակին սփոփելու համար շոկոլադ են տալիս նրան»:
Ղոդս
ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվելիք 10-ամյա օգնությունը կամրապնդի Սպիտակ Տան և Թելավիվի հարաբերությունները
Իսրայելի ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու մասին 10-ամյա ժամկետով համաձայնագիրն ամրապնդում է Սպիտակ Տան և Թելավիվի հարաբերությունները։ Նյու Յորքում Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքի լրագրող՝ Գիլ Թեմարին այդ մասին ասել է․-«Նեթանյահուի հետ 10 ամիս տևած գերլարված բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի կողմից 2019-2029 թթ․-ին Իսրայելին ռազմական օգնություն հատկացվելու մասին համաձայնագիր ստորագրվեց»։
Նշենք,որ Միացյալ Նահանգների իշխանությունները առաջիկա տասնամյակում Իսրայելի ռեժիմին 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն, ինչը, Վաշինգտոնի բնորոշմամբ, ռեկորդային բարձր ցուցանիշ է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։
Հայտնի է, որ նախորդ պայմանագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները 30 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Թել Ավիվին: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը հավելյալ 5 մլրդ է հատկացրել Իսրայելի ռեժիմին: Նոր պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը այլևս իրավունք չի ունենա հավելյալ գումար ստանալ ԱՄՆ-ից:
Նշվում է նաև, որ ռեժիմը այլևս չի կարող ամերիկյան կողմից ստացած ռազմական օգնության որոշակի մասը ծախսել սեփական զինամթերքի արտադրության վրա: Փոխարենը՝ Թել Ավիվը պետք է զինամթերք գնի ԱՄՆ-ից:
Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ-ից խնդրել էր 45 մլրդ դոլարի ռազմական օգնություն:
Լրագրող՝ Գիլ Թեմարին ասել է.«Իսրայելի նկատմամբ Օբամայի վերաբերմունքը նմանում է ծնողների կողմից իրենց զավակներին ցուցաբերվող վերաբերմունքին,որոնք իրենց զավակին սփոփելու համար շոկոլադ են տալիս նրան և ասում են «էլ ուրիշ բան չուզե՛ս»:
Լրագրողի խոսքերով՝ Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերիին հղած նամակում գրել է.«Իսրայելի շահերը պահանջում են հավատարիմ մնալ պայմանավորվածություններին: Ուստի մենք ձեր խոստացած գումարը կստանանք և չենք խախտի սահմանված շրջանակը, իսկ ավելի շատ օգնության կարիք ունենալու դեպքում ոչ թե Կոնգրեսին այլ քեզ կդիմենք»:
«Այս պայմանագրում նշված հետաքրքիր կետն այն է,որ առաջիկա երկու տարում նախքան համաձայնագրի իրագործման ժամկետը, եթե Կոնգրեսում Իսրայելի բարեկամները ինչ-որ գումար տրամադրեն Թելավիվին,ապա վերջինս պարտավոր է այդ գումարը վերադարձնել ԱՄՆ-ին: Իսկ մյուս ուշագրավ կետն այն է,որ արդյոք ԱՄՆ նոր նախագահը ինչ-որ պարտավորություն կունենա այդ պայմանագրի նկատմամբ թե՞ կարող է այն չեղյալ հայտարարել: Սակայն նման որոշումները ԱՄՆ-ի նախագահների պատմության մեջ աննախընթաց է», եզրափակում է լրագրողը:
---
News.am
Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում. հայկական համայնքը՝ դրական արդյունքների սպասումով
Վրաստանում հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Ընտրողները չորսամյա ժամկետով կձեւավորեն 150 պատգամավորից կազմված նոր խորհրդարանը։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 26 հայ թեկնածու։
Աննախադեպ թվով հայ թեկնածուների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին պետք է դրական ազդեցություն ունենա երկրի հայկական համայնքի վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ վիրահայերը, մասնավորապես, Ջավախքի հայերը երկրի լիիրավ քաղաքացիներ են, այդուհանդերձ մինչեւ հիմա նրանք ներգրավված չեն եղել երկրի ներքաղաքական կյանքին։ «Նրանք միշտ դուրս են մնացել ներքաղաքական գործընթացներից։ Հիմա Վրաստանի քաղաքական ուժերն ավելի առողջ մոտեցում են ցուցաբերում՝ հայերին ներգրավելով ներքաղաքական գործընթացներին, ներառելով նրանց համամասնական ցուցակների ցուցակների անցողիկ տեղերում։ Դրանով իսկ քաղաքական ուժերը կարող են ստանալ հայերի ձայները, իսկ մյուս կողմից դա շահավետ կլինի հայկական համայնքի համար, որը խորհրդարանում իր ներկայացուցիչներին կունենա»,– ասել է Թորոսյանը։
Բացի այդ, հայերն առաջադրվել են եւ մեծամասնական ընտրական համակարգով, ինչը, Թորոսյանի կարծիքով, պակաս կարեւոր չէ։
Թբիլիսիում առաջադրվել են 8 հայ թեկնածու: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ համարում գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանն է: Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ համարը Թբիլիսիում զբաղեցնում է քաղաքացիական ակտիվիստ Միխեիլ Ավագյանը։
Թբիլիսիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է լրագրող Էդգար Բարսեղյանը, որը ներկայացնում է «Թաատա Բուրչուլաձե. Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Մայրաքաղաքում նույն դաշինքից առաջադրված են եւս երկու հայ թեկնածուներ՝ Սերգո Խաչատրյանը եւ Արթուր Սարգսյանը:
Նշենք, որ այն քաղաքական կուսակցությունը կամ ընտրական դաշինքը, որն ընտրություններում ամենալավ արդյունքները կգրանցի, վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք կստանա: Հոկտեմբերի 8-ին Աջարիայում ընտրողները կընտրեն տեղական օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը:
Վրաստանում գործում է խառը ընտրակարգ՝ խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են այն կուսակցությունների համամասնական ցուցակներից, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը, իսկ մնացած 73 մեծամասնական պատգամավորներին կընտրեն միամանդատ ընտրատարածքներում:
Խորհրդարանական ընտրություններում ընտրողները պետք է լրացնեն երկու քվեաթերթիկ՝ մեկը տվյալ ընտրատարածքի համապատասխան մեծամասնական պատգամավորի, մյուսը՝ կուսակցության կամ ընտրական դաշինքի օգտին:
Մեծամասնական 73 մանդատի համար կպայքարեն 816 թեկնածուներ: Մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորի թեկնածուն առաջին իսկ փուլում պետք է ստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:
Երկրորդ փուլը լավագույն արդյունքներ գրանցած թեկնածուների միջեւ կանցկացվի այն դեպքում, եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Երկրորդ փուլը պետք է անցկացվի առաջին փուլից առավելագույնը 25 օր հետո:
Կուսակցական ցուցակներով, այսինքն՝ համամասնական ընտրակարգով խորհրդարանում պետք է տեղաբաշխվեն ընդամենը 77 մանդատներ:
Հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 19 քաղաքական կուսակցություններ եւ 6 ընտրական դաշինքներ:
---
News.am
Հռոմի պապը Կովկասում խաղաղության հաստատման հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վրաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո լրագրողների հետ խոսել է տպավորությունների և արդյունքների մասին: Պապը մասնավորապես խոսել է Կովկասում հակամարտությունների առկայության և դրանք կարգավորելու անհրաժեշտության մասին, գրում է «Արմենպրեսը»՝ Catholic News Agnecy-ին հղումով: «Դիմելով Ադրբեջանի իշխանություններին` ես հույս ունեմ, որ բաց հարցերը կարող են ստանալ ճիշտ լուծումներ և բոլոր կովկասյան ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի մեջ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նա Վրաստան և Ադրբեջան կատարած այցը որակել է որպես լրացում հունիսին Հայաստան կատարած այցին` ընդգծելով, որ Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով` նրանց խաղաղության և եղբայրության կոչ է արել: