Ռուսաստանը փորձում է նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Ռուսաստանը փորձումէ նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները : Վերջերս Մոսկվան չեղարկել է միջուկային ու էներգետիկայի շուրջ համագործակցության մասին Վաշինգտոնի հետ համաձայնությունը: Այդ քայլը հաջորդել է պլուտոնիումի պաշարների կրճատման համար մի այլ համաձայնագրի գործադրման առկախմանը:
Սա Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերություններում լարվածության սրման վերջին ապացույցը կարող է համարվել: Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի ստորագրությունը կրող այս համաձայնագրի առկախման հրամանագրում ընդգծված է, որ այն պատասխան քայլ է Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի դերակատարության պատրվակով ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցներին:
Վերլուծաբանների համոզմամբ, այս քայլն իր նշանակությամբ զիջում է երկուշաբթի օրը Մոսկվայի կողմից սպառազինական կիրառության պլուտոնիումի պաշարների ոչնչացման մասին համաձայնագրի առկախմանը, ինչը նաև խորհրդանշում էր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնումը: Վերջին շաբաթներին Ուկրաինայի հարցով, ինչպես նաև Սիրիայում հրադադարի ձախողման և Հալեպում Ռուսաստանի ու Սիրիայի միջոցով իրականացվող ավիահարվածների շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններում տիրող լարվածությունը սրվել է:
Սա հանգեցրել է միմյանց դեմ ուղղված երկու երկրի պատժամիջոցներին: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ առկախում է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունները, Ռուսաստանն էլ երկուշաբթի օրը ԱՄՆ-ի թշնամական քայլերի և կայացած համաձայնությունը չհարգելու պատճառով առկախեց սպառազինական կիրառության պլոտոնիումի պաշարների ծավալի կրճատման մասին համաձայնագիրը:
Միջազգային շատ հարցերում, հատկապես Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերի կապակցությամբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները սրվելով թվում է, որ ռուսները ցուցադրելով ԱՄՆ-ի պահանջներին ընդդիմանալու իրենց վճռականությունը, հատկապես Սիրիայի ճգնաժամում գործնական նախաձեռնություններից բացի նաև Վաշինգտոնին ազդարարող խորհրդանշական քայլերի են դիմում:
Միջուկային ու գիտական հարցերին վերաբերող երկու համաձայնագրերի, այսինքն` միջուկային ու էներգետիկ բնագավառում հետազոտությունների ուղղությամբ համագործակցության և պլուտոնիումի պաշարների կրճատման մասին համաձայնագրերի առկախումը, Մոսկվայի կողմից Վաշինգտոնին ուղղված զգուշացում է համարվում առ այն, որ Ռուսաստանը լուռ ու անտարբեր չէ ԱՄՆ-ի թշնամական քայլերի դիմաց ու Վաշինգտոնի ցանկացած քայլ հանդիպելու է առավել խիստ պատասխանի:
Հատկապես ամերիկացիների համար մեծ նշանակություն ու զգայնություն վայելող պլուտոնիումի պաշարների կրճատման շուրջ համաձայնագրի բեկանմամբ, Մոսկվան ճնշման տակ է դրել ԱՄՆ-ի կառավարությանը:
2014 թվականին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները սաստիկ կերպով լարվել են: Այս պահին Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ երկու կողմերի տարաձայնությունները հասել են իրենց գագաթնակետին: Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ԱՄՆ-ի անկեղծ չլինելը և Մոսկվայի դեմ ուղղված նրա սպառնալիքները զայրույթ են պատճառել Կրեմլի իշխանություններին: Նկատի առնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով կնքված համաձայնագրի ձախողումը, Վաշինգտոնի պետայրերը սուր են ճոճում Մոսկվայի դեմ և դիմում են տարբեր սպառնալիքների:
Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի իշխանություններն էլ ընդգծել են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ներկա պայմաններում Սիրիայի ճգնաժամի հարցով խոր տարաձայնություններ ունեն:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա ընթացքը վկայում է բոլոր բնագավառներում փոխադարձ հարաբերությունների մակարդակի խիստ նվազման մասին: