Մամուլի տեսություն  09-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37846-Մամուլի_տեսություն_09_10_2016
Հրապարակած հաղորդագրությամբ Եմենում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը  նախազգուշացնելով այդ երկրում խոլերայի տարածման կապակցությամբ ասել է.-«Այս հիվանդության տարածումը բազում խնդիրների առջև կկանգնեցնի հատկապես եմենցի երեխաներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2016 16:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  09-10-2016

Հրապարակած հաղորդագրությամբ Եմենում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը  նախազգուշացնելով այդ երկրում խոլերայի տարածման կապակցությամբ ասել է.-«Այս հիվանդության տարածումը բազում խնդիրների առջև կկանգնեցնի հատկապես եմենցի երեխաներին»:

Համշահրի

«Եմենին խոլերա է սպառնում» ՅՈՒՆԻՍԵՖ

«Համշահրի» օրաթերթը գրում է,- Որոշ հաղորդումներ վկայում են,որ  Եմենի մի քանի բնակիչներ վարակվել են խոլերայով,ինչը պատճառ է դարձել ,որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն զգուշացնի այդ պատերազմական երկրում հատկապես երեխաների շրջանում  խոլերայի համաճարակի տարածման վտանգի կապակցությամբ:

Հրապարակած հաղորդագրությամբ Եմենում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը  նախազգուշացնելով այդ երկրում խոլերայի տարածման կապակցությամբ ասել է.-«Այս հիվանդության տարածումը բազում խնդիրների առջև կկանգնեցնի հատկապես եմենցի երեխաներին  և այսօր Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ՝ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է խոլերայով տառապող հիվանդների բուժման և համաճարակի տարածումը կանխելու գործին»:

Ըստ հաղորդագրության՝ եմենցի  պատասխանատուները տեղեկացրել են, որ Սանաայում խոլերայի  մի քանի դեպք է գրանցվել և քանի հոգու մոտ էլ խոլերայի կասկածելի նշաններ են հայտնաբերվել:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն և իր գործընկերները փորձում են ճշգրիտ տվյալներ ներկայացնել համաճարակի տարածման վերաբերյալ ,քանզի եթե չվերահսկվի հիվանդությունը կարող է մի քանի ժամվա ընթացքում մահանան վարակվածների 15 տոկոսը»,ասված է հաղորդագրության մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է.«Եմենում Ռիադի կողմից իրականացվող հարձակումների հետևանքով առողջապահության մակարդակը իջել  է, հետևաբար երեխաներն ավելի քան մեծահասակները հայտնվել են վտանգի առջև»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը համապատասխան մարմիններին կոչ է արել  աջակցել Եմենի բուժկենտրոններին՝ հիվանդությունը կանխելու համար: Նա ընդգծել է,որ ըմպելի ջրի ապահովման բնագավառում Մանկական հիմնադրամը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

ՄԱԿ-ի գլխավոր մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայանը Ջիբութի, Եմեն և Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո, նախազգուշացրել է Եմենում տիրող ծանր պայմանների և հատկապես Ալ Հոդեյդայում երեխաների թերսնման կապակցությամբ: Նա ասել է.«Ես Եմենում հանդիպեցի երեխաների,որոնք առաջին հայացքից թվում էին ,թե մեկ-երկու տարեկան են, սակայն պարզվում է,որ նրանք ոչ թե մեկ-երկու այլև 7-8 տարեկան են: Դա ցավալի է: Ներկայումս նույնիսկ  բարդացել է օժանդակություն Եմեն առաքումը»,գրել է Համշահրի թերթը:

--- 

Armradio.am

Ինչո՞ւ են հայերը մնում  Հալեպում


Հալեպում ստեղծված իրավիճակը գերտերությունների անհամաձայնության հետևանք է՝ պնդում են արաբագետները՝ փաստելով, որ սեպտեմբերյան զինադադարի հաստատմամբ և խախտմամբ, ռուս և ամերիկյան հարաբերություններում կրկին ուժային վերադասավորումներ սկսվեցին:

Այս անգամ կարծես ռուսական կողմը օգտվելով ԱՄՆ- ում սպասվող նախագահական ընտրություններից, նախահարձակ գործողություններ է իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի հետ համատեղ: Չնայած որ՝ դիվանագիտական խողովակներով մեղադրանքները չեն դադարում, բայց գործնականում կառավարական ուժերը Հալեպի արևելյան որոշ շրջանների վրա վերահսկողություն են սահմանել:

Այս օրերին ամենահաճախը ռմբակոծվում են Հալեպի հայկական թաղամասերը:

Ինչո՞ւ նրանք դուրս չեն գալիս պատերազմական գոտուց։ Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ հալեպահայերը չեն ցանկանում, քանի որ նրանք բազմաթիվ պարտականություններ ունեն այդ պետության առջև: Խոսքը զինապարտության, բանկային և նման բազմաթիվ խնդիրների մասին է: «Ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Նրանք գիտեն, որ անհրաժեշտ է դիմել հյուպատոսարանին կամ «շտապ օգնության» համակարգողին»,- օրեր առաջ ասել էր Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ հակադրվելով այն տեսակետին, որ հալեպահայերը ցանկանում են գոյատևել արկերի տակ, բայց չվերադառնալ սոցիալապես անապահով Հայաստան:

Երբեմնի 250 հազար համայնք ունեցող Սիրիայի Հանրապետությունում այսօր բնակվում է 20 հազար հայ: Հրապարակախոս Հակոբ Միքայելյանը չի բացառում, որ շատ հալեպահայեր ուղղակի քաղաքը չեն լքում, քանի որ Սիրիայում ունենք ահռելի քանակության պատմամշակութային արժեքներ` հոգեւոր բաղադրիչով: Եթե սիրիահայերը դուրս եկան` դրանք կորած են: «Եթե ամբողջությամբ համայնքը լքի երկիրը՝ Սիրիայում էլ ոչինչ չունենք անելու»,- ցավով նշում է Միքայելյանը ու շեշտում, որ տեղի կազմակերպությունները հաշվի առնելով անվտանգության խնդիրը և գաղութը պահելու հարցը, դիմել են հայերին, որ ցանկացողները կարող են հեռանալ:

---  

Hayeli.am

Ընտրության երկրորդ փուլ՝ Վրաստանում

Վրաստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 519 հազ 243 ձայն կամ ձայների 49,92%-ը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» օգտին քվեարկել է 277 հազ 721 քաղաքացի կամ ընտրողների 26,7%-ը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Ինչ վերաբերում է մեծամասնական թեկնածուներին, ապա 50-ից ավելի տեղամասերում ընտրություններն ընթանալու են երկրորդ փուլով, որովհետև թեկնածուներից և ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը։
Ախալցխա-Ադիգենի ընդհանուր ընտրատեղամասերում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Ախալցխայում, որտեղ հայազգի թեկնածու չէր առաջադրվել, համամասնական համակարգով «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ընտրողների 40,93%, իսկ «Վրացական երազանքը»՝ 46,67% ձայները։

Մեծամասնական ընտրակարգով «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Վաժա Չիտաշվիլին ստացել է ձայների 44.92%, իսկ նախկին քաղաքապետ, իշխանության թեկնածու Գիորգի Կոպաձեն ստացել է 35,88% ձայն։
Հետևաբար, 50%-ը չհաղթահարելու պատճառով նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ: