Մամուլի տեսություն 11-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38074-Մամուլի_տեսություն_11_10_2016
Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները շարունակում աջակցել Իսրայելի ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2016 12:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-10-2016

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները շարունակում աջակցել Իսրայելի ռեժիմին:

 

Ղոդս

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները շարունակում  աջակցել Իսրայելի ռեժիմին

Դեռ մի քանի օր առաջ էր,երբ ստորագրվեց Իսրայելի ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու մասին 10-ամյա ժամկետով  խոշորագույն փաթեթը։ Վաշինգտոնի և Թելավիվի ստորագրած պայմանագրով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները առաջիկա տասնամյակում Իսրայելի ռեժիմին 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն, ինչը, ռեկորդային բարձր ցուցանիշ է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։Այդ համաձայնագիրը Վաշինգտոնի պարտավորությունն է ցույց տալիս Իսրայելի նկատմամբ՝ ընդդեմ Իսլամական պետությունների։Այս ամենից բացի, կան նաև այլ հարցեր ,որոնք խորհելու տեղիք են տալիս։ Վերջին տարիների ընթացքում Բարաք Օբաման Նեթանյահուի հետ երկու գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություն է ունեցել։ Առաջինը պաղեստինյան տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումն է, իսկ երկրորդը՝ Իրանի հետ միջուկային համաձայնությունը։ Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին Իսրայելի ռեժիմի ավանաշինությունը որակել է «ապարտեիդ», իսկ Նեթանյահուն Միջուկային համաձայնությունը համարել է «Պատմական մեծ սխալ»։

Վաշինգտոնի կողմից Իսրայելի ռեժիմին ցուցաբերվող քաղաքական աջակցության թուլացման  և Գազայի շրջափակման պատճառով այդ ռեժիմի նկատմամբ միջազգային տրամադրությունների փոխվելու արդյունքում Եվրախորհրդարանը խորհրդանշնական քայլ կատարեց՝ Պաղեստինը ,որպես անկախ պետություն ճանաչելով։Ամենայնդեպս վերջին ամիսներին ի՞նչ է պատահել,ի՞նչպես կարելի է բացատրել ԱՄՆ-ի կառավարության վերջին քայլը։

2017 թվականին ավարտվում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ռեժիմին ցուցաբերվող ռազմական օգնության մասին պայմանագրի ժամկետը և Իսրայելը մեծ քանակությամբ ռազմական օգնություն ստանալու համար ստիպված էր բարելավվել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Իհարկե Նեթանյահուն կարող էր սպասել ու հաջորդ նախագահի հետ ստորագրել 38 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիրը, բայց նա այդ քայլին չգնաց ու նախքան նախագահական ընտրությունների անցկացումը համաձայանգիր կնքեց, որպեսզի ԱՄՆ-ում սիոնիստական լոբբին կարողանա առավելագույնս շահել  երկու կուսակցությունների թեկնածուների մրցապայքարից։ Քանի դեռ Իսլամական երկրները չեն կարողացել երաշխավորել իրենց միասնությունը, տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը  կկառավարվի արտասահմանյան պետությունների կողմից և բնականաբար այդ պետություններն էլ իրենց որոշումներում կառաջնորդվեն  ոչ թե մուսուլմանների այլ  սեփական շահերով․-եզրափակում է «Ղոդս»-ի հոդվածագիրը։

---

Armenpress.am

Հայաստանն Իրանին առաջարկում է դեպի Եվրոպա երկաթուղային փոխադրումների հնարավորություններ

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մասնակցել է Թեհրանում կայացած հայկական ապրանքների ու ծառայությունների «Armenia EXPO-2016» ցուցահանդեսին, որի ընթացքում ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով Իրանից դեպի եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների հնարավորությունները:

«Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև: Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ են ունեցել նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբադին:

Ելույթներում կարևորվել է ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվել են Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:

Մասնավորապես, Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը շեշտել է, որ Հայաստան-Իրան փոխադրումների բազմամոդալ միջանցքը կարող է օգտագործվել ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար: Դիվանագետը կարծում է, որ այդ ծրագրի գործարկումն իրատեսական է: «Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունը, որն իրականացնում է իրանական շուկայի բեռնափոխադրումների 60 տոկոսը, պատրաստվում է այցելել Երևան և մեր երկրի համապատասխան կառույցների հետ քննարկել այս հարցը: Ես այս հարցում լավատեսորեն եմ տրամադրված»,- ասել է դեսպան Թումանյանը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն շեշտել է, որ իրանական կողմին իրենց ընկերության կողմից առաջարկված այլընտրանքային փոխադրումների ճանապարհը մեծ հետաքրքրություն է առաջացրել: «Երբ ես նրանց առաջարկեցի այդ ուղին, նույնիսկ չգիտեի, որ այն պատմական է Իրանի համար. նրանք այն անվանում էին «Համեմունքների ճանապարհ», ինչպես օրինակ չինացիների մոտ կա Մետաքսի ճանապարհ: Մենք իրանական կողմին Թուրքիայով դեպի Եվրոպա գնացող այլընտրանքային ճանապարհ ենք առաջարկել, որն առավել անվտանգ է և ձեռնտու»,- ասել է Վալկոն:

2008թ. փետրվարին Երևանում «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պայմանագիր է ստորագրվել, որով հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցվել է ռուսական ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներին»: Պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է` փոխադարձ համաձայնությամբ առաջին 20 տարին աշխատելուց հետո 10 տարով երկարաձգման իրավունքով: 

---

Aysor.am

ՌԴ ՊՆ-ում Վաշինգտոնի հրաժարումը Մոսկվայի հետ Սիրիայի հարցով համագործակցությունից «պյուռոսյան հաղթանակ» են անվանել

 

Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունից Վաշինգտոնի հրաժարումից շահել են միայն ահաբեկիչները՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը Պեկինում ընթացող անվտանգության ֆորումի ժամանակ, հայտնում է РИА Новостри-ն։

Նա ափսոսանք է հայտնել, որ սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով նման դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները դադարեցվել են Վաշինգտոնի կողմից։

«Ամերիկացիները հրաժարվել են առանձնացնել կոալիցիայի հետ համագործակցող ընդդիմությանն ու «Ջեբհաթ ալ-Նուսրայի» (ՌԴ-ում և մի շարք այլ երկրներոմ արգելված. խմբ) ահաբեկիչներին, ինչպես նաև նպաստել «Կաստելլո» ճանապարհի ապաարգելափակմանը, որը Հալեպի կարևորագույն մարդասիրական զարկերակն է», - ասել է Անտոնովը։

Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ուժային գործողությունների կողմնակիցները «պյուռոսյան հաղթանակ» են տարել՝ ընդհատելով Ռուսաստանի հետ երկխոսությունը սիրիական խնդրի կարգավորման հարցով։

«Նման քայլը ափսոսանք և հիասթափություն է առաջացնում… Վաշինգտոնի նման ապակառուցողական գործողություններից շահում են ահաբեկիչները: Ահա թե ինչու է կարևոր մի կողմ դնել էմոցիաներն ու ևս մեկ անգամ կշռադատել ահաբեկչության դեմ համատեղ պայքարի բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը։ Խոսքը Վաշինգտոնինն է», - եզրափակել է նա։