Մամուլի տեսություն 09-11-2016
Ավարտվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասկանդալային և ամենակոշտ քարոզարշավը: Հաղթեց Դոնալդ Թրամփը։ Նա դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։
«Ջամ-ե Ջամ»
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը և այդ երկրի առջև ծառացած մարտահրավերները
«Ջամ-ե Ջամ» թերթը գրում է.- Ավարտվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասկանդալային, ամենացածրորակ և ամենակոշտ քարոզարշավը: Հաղթեց Դոնալդ Թրամփը։ Նա դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։ «Երկրաշարժ», այսպես են բնութագրում լրատվամիջոցները ԱՄՆ-ում այսօր կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Սակայն նաև ակնհայտ էր, որ ԱՄՆ-ում Օբամայից հիասթափությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ հասարակությունն ընտրեց Հանրապետական կուսակցության թեկնածուին:ԱՄՆ-ի ընտրություններն ապացուցեցին ,որ այդ երկրում տիրում է դասակարգային ահռելի տարբերություն և տնտեսական ճեղքվածք: ԱՄՆ նախագահի առջևում են բազում մարտահրավերներ: Նա առողջապահական ծառայությունների և գործազրկության ու ռասայական խնդիրների կարգավորման ոլորտներում իր ծրագրերի իրականացման համար պետք է հաղթահարի բազմաթիվ խնդիրներ: Իսկ միջազգային առումով ևս ԱՄՆ-ն հայտնվելու է դժվարին իրավիճակում:
Միջին Արևելքում ԱՄՆ-ի գործունեությունը ցույց տվեց,որ այդ երկիրը կորցրել է իր ազդեցությունը ճգնաժամային օջախներում իր նպատակներն իրականացնելու համար : Իսկ Չինաստանը մեծ մարտահրավեր է ԱՄՆ-ի կառավարության համար: ՌԴ-ի քաղաքականությունները ԱՄՆ-ին դժվար կացության մեջ են դրել: Եվ այս բոլոր մարտահրավերները ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առջևում են:
«Ռեսալաթ»
Ավստրիայի ԱԳ նախարարը փակեց Թուրքիայի դոսիեն
«Ռեսալաթ» թերթը գրում է.-Թուրքիայի կառավարության կողմից «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահների ձերբակալումից հետո, ծայր աստիճան սրվել է Եվրամիություն-Անկարա առճակատումը:Որոշ եվրոպացի ղեկավարներ մինչ այժմ լռություն են պահպանել ,իսկ նրանց մեծ մասը դատապարտել են Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները: Ավստրիայի ԱԳ նախարար՝ Սեբասիտան Կուրցը հայտարարել է,որ Անկարան տեղ չունի Եվրամիությունում:Կուրցը պահանջել է արագ ու բացահայտ հակազդեցություն ցուցաբերել Թուրքիայի վերջին իրադարձություններին: Նրա խոսքերով՝ Թուրքիան իր այդ քայլերով ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: «Ես վստահ եմ, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին չի լինի»,- ասել է նա` հավելելով, որ նման տեսակետն իր հետ կիսում են Եվրոպայի շատ երկրների կառավարությունների ղեկավարներ: Կուրցի համոզմամբ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ է նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը: Էմիգրանտների հարցով Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած պայմանագիրը փխրուն որակելով Կուրցն ասել է.«Մենք չպետք է հենվենք Թուրքիային ,այլև պետք է կարողանանք ինքներս լուծել էմիգրանտների հարցը»:
---
«Ջոմհուրի Էսլամի»
Գարդիան.«Թող Բրիտանիան չխորացնի Եմենի ճգնաժամը»
«Ջոմհուրի Էսլամի» թերթը գրում է.- Բրիտանական Գարդիան օրաթերթի խմբագրական հոդվածի հեղինակը զգուշացնելով Եմենում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ նշել է.«Բրիտանիան պետք է անհապաղ դադարեցնի զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային ,ինչի պատճառով զոհվում են Եմենի անմեղ քաղաքացիները»:«Եթե Բրիտանիան չի կարող կանխել ճգնաժամը , առնվազն կարող է չխորացնել այն» ասված է թերթում: Եմենում այնպիսի իրավիճակ է ստեղծվել ,որ չի կարելի աչք փակել այդ երկրի ժողովրդի տառապանքների վրա: «Այն ինչ ԱՄՆ-ն և Բրիտանիան ձեռք են բերել զենքի վաճառքից, դա Եմենի անմեղ ժողովրդի մեծաթիվ զոհերն են , դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումները և կասետային ռումբերի կիրառումը:
---
Armedia.am
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փոփոխության հարցը և Հայաստանի դիրքորոշումը
Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Օրեր առաջ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի երկիր չի կարող նույնքան դրական դերակատարում ունենալ, որքան Իրանը, բայց Իրանի միջնորդության հարցն այսօր օրակարգում առկա չէ»: Թեհրանը, որի դիրքորոշումը հակամարտության հարցում խարսխված է երկու առանցքային գործոնների՝ դրական չեզոքության և միջնորդական նախաձեռնողականության վրա, միջազգային պատժամիջոցներից ազատվելու արդյունքում տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն է ստացել: Տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ՝ միաժամանակ հանդես գալով տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ: Ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ պահպանելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ ապրիլյան պատերազմի օրերին Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց:
Նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը չնայած իր ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներին՝ շարունակում է տարաբնույթ գործողություններով միջամտել գործընթացին: Հասկանալի է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է հակամարտության կարգավորումն իր ուշադրության կենտրոնում պահի, բայց այդ ուշադրությունը չպետք է մեղմ ասած ապակառուցողական լինի:
Մյուս կողմից, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է աշխատանքները Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այլ հարթակներ, մասնավորապես` ՄԱԿ, ԵԽԽՎ, Իսլամական համագործակցության կազմակերպություն և այլ կառույցներ տեղափոխելու ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել ոչ թե նոր հարթակների կամ ձևաչափերի փնտրտուքին, այլ գործող և միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր բոլոր սադրանքների կանխարգելմանը: Առավել ևս որ բանակցային ձևաչափի փոփոխություն առանց հայկական կողմերի համաձայնության տեղի ունենալ չի կարող:
---
Armedia.am
Էրդողան. «Արևմուտքն իր արյունոտ ձեռքերին նայելու փոխարեն՝ Թուրքիային է նացիստ անվանում»
Ստամբուլի 20-րդ միջազգային գործարար համաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումների վերաբերյալ Արևմուտքի հնչեցրած քննադատություններին, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «CNN Türk»-ին:
«Առանց ամաչելու, առանց իրենց արյունոտ ձեռքերին նայելու՝ մեզ նացիստ են անվանում: Նացիստական գաղափարախոսությունը ոչ թե Արևելքում, այլ Արևմուտքում է ծագել և ողբերգությունների պատճառ դարձել: Մարդկանց մասսայական կոտորածների գաղափարի բնօրրանը ոչ թե Արևելքն է, այլ Արևմուտքը»:
Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին:
«Այս ընտրություններով Ամերիկայում նոր ժամանակաշրջան է սկսվում: Մաղթում եմ, որպեսզի ամերիկացիների այս ընտրությունն աջակցի ազատությանն ու ժողովրդավարությանն, ինչպես նաև՝ նպաստի մեր տարածաշրջանի զարգացմանը միտված դրական քայլերի ձեռնարկմանը: Ուզում եմ հավատալ, որ բարին սա է», -նշել է Թուրքիայի նախագահը: