ՄԱԿ-ի նոր նախագիծը Հալեպի վերաբերյալ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի ավագ խորհրդականը տեղեկացրել է ահաբեկիչներից Հալեպը փրկելու համար այդ կազմակերպության չորս կետից բաղկացած նախագծի վերաբերյալ:
Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավար Յան Էգլենդն ասել է.-«Չորս կետից բաղկացած նախագծում նախատեսված է բժշկական սարքավորումներ ու սննդամթերք առաքել Հալեպ, բուժանձնակազմ գործուղել այդ քաղաք և Հալեպի արևելյան հատվածից հիվանդներին դուրս բերել»:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի նոր նախագծի մասին հայտարարվել է, երբ Հալեպում ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով հրադադարի նախագծերը տապալվել են:
Հալեպում ծանր իրավիճակ է տիրում: Քաղաքի արևելյան շրջաններում ահաբեկչական խմբավորումները, որոնք շրջապատվել են Սիրիայի բանակի կողմից ամեն օր ռմբակոծում են քաղաքի արևմտյան մասերը: Ահաբեկիչները Սիրիայի քաղաքացիներին օգտագործում են, որպես կենդանի վահան:
Նման պայմաններում Ռաքայում և Հալեպում ԱՄՆ բանակի կործանիչները հարձակվում են բնակելի շրջանների վրա: Տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի կեղծ վերաբերմունքը լուրջ կասկածների տեղիք է տվել այդ երկրի պաշտոնյաների շրջանում ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարի կապակցությամբ:
Սիրիայի իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել Սիրիայի բանակայիններին և ամրապնդել ահաբեկիչների դիրքերն այդ երկրում: Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի բանակը ակնառու հաջողություններ է ունեցել Սիրիայի տարբեր շրջաններն ահաբեկիչներից մաքրելու գործում: Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի հաջողություններն անհանգստացնում են ահաբեկիչների հովանավորներին՝ այդ թվում ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ը մտադիր է խոչընդոտել Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը և հող նախապատրաստել ահաբեկիչներին ռազմական օգնություն ցուցաբերելու համար: ԱՄՆ-ի կատարած քայլերն ու մշակած պլանները ավելի աղետալի վիճակ են ստեղծել տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայի Հալեպ քաղաքում:
Ստացված տեղեկությունները վկայում են ՄԱԿ-ի խորհրդակցությունները շարունակվելու և այդ կազմակերպության կողմից Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու ու այդ երկրի որոշ շրջաններում հրադադար հաստատելու քայլերի մասին: Դա այն դեպքում, երբ Սիրիայի կառավարության ընդդիմադիրները չեն աջակցում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: Իսկ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան մտադիր է նախապայմաններ առաջադրել Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավարի կողմից հրադադարի հաստատման վերաբերյալ ներկայացված նախագծին համաձայնելու համար:
Սիրիայի կառավարության ընդդիմադիրների կոալիցիան բազմիցս ընդգծել է, որ ճանապարհի քարտեզում պետք է ապահով շրջաններ ստեղծել Սիրիայի որոշ հատվածներում, որտեղ արգելված կլինի Սիրիայի ժողովրդական ու պետական ուժերի և նրանց պատկանող զինտեխնիկայի առկայությունը: Փաստորեն, Սիրիայի կառավարության ընդդիմադիրները մտադիր են նման նախապայմաններ առաջադրելով ՄԱԿ-ի ներկայացրած նախագիծը ծառայեցնել իրենց անջատողական նպատակներին և փրկվել կատարյալ պարտությունից: