Ազարի 16-ը ՝Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարի պատմության մի էջը
Ազարի տասնվեցը իրանական օրացույցում համընկնում է 1332 (1953) թվականին շահական ռեժիմի ուժերի կողմից Թեհրանի համալսարան ներխուժելու և ուսանողների դեմ արյունահեղ գործողություններ կատարելու պատմական օրվա հետ։
Այդ օրը տեղի ունեցած գործողությունների ընթացքում շահական ռեժիմի անվտանգությունը պահպանող ուժերի հետ բախման արդյունքում տեղի ունեցած կրակոցներից զոհվեցին Թեհրանի պետական համալսարանի երեք ուսանողներ։ Այդ դեպքը, որը տեղի ունեցավ Իրանի կառավարության դեմ անգլո-ամերիկյան հեղաշրջումից և Իրանի օրինական վարչապետ՝ Մոսադղեղի կառավարության տապալումից չորս ամիս անց, շրջադարձային եղավ շահի ռեժիմի տոտալիտար քաղաքական համակարգի համար։ Սակայն ի՞նչն էր այդ ժամանակահատվածում բողոքի շարժման դրդապատճառը և ինչո՞ւ ազարի 16-ը վերածվեց ազդեցիկ մի շարժման:
Ազարի 16-ը մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես իմպերիալիստական համակարգի դեմ ուսանողական հեղափոխական շարժման և Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության դեմ պայքարի օր: Այս ազդեցիկ շարժման ելակետը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության էությունը ըմբռնելու մեջ պետք է փնտրել։ Ուսանողների մոտ ԱՄՆ-ի քաղաքական հայացքների մասին իրական ճանաչողություն էր ձևավորվել, որը մարմնավորվեց ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Ռիչարդ Նիքսոնի Թեհրան կատարած ուղևորության դեմ մի խումբ ուսանողների բողոքի ակցիայով:
Ազարի 16-ը վերածվել է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության դեմ Իրանի ժողովրդի պատմական պայքարի խորհրդանիշը և հռչակվել է որպես Ուսանողի օր:
Պատմությունը լիովին ըմբռնելու համար այն պետք է համակողմանիորեն ուսումնասիրել և հայացք նետել 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման արդյունքում Մոսադդեղի ազգային կառավարության կործանումից հետո Շահի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի ժամանակացույցին:
1950-ական թվականներին Իրանի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը Իրանի օրինական կառավարության դեմ անգլո-ամերիկյան հեղաշրջումն էր։ Այդ իրադարձությունն Իրանի հետագա քաղաքական զարգացման համար ուղղակի նշանակություն ունեցավ:
ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Էյզենհաուերը 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսում ունեցած ելույթում տեղեկացրեց իր օգնական Նիքսոնի Իրան կատարելիք ուղևորության մասին՝ ասելով. «Նիքսոնի այցը Իրանում քաղաքական հուսադրող հաղթանակի արդյունքները քննարկելու համար է, հույս ունենանք, որ այսուհետ իրավիճակի կայունացման ուղղությամբ ավելի գործնական քայլեր կկատարվեն»:
Այս արտահայտությունները վկայում են, որ Իրանի քաղաքական զարգացումները օգոստոսի 19-ի հեղաշրջումից հետո պիտի այնպես ուղորդվեին, որ հող նախապատրաստեին Իրանի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և ռազմական տարբեր բնագավառներում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման համար:
Հենց այս հարցն էլ Իրանի ժողովրդի և հատկապես ուսանողների զայրույթի պատճառը դարձավ:
Իրանի այդ ժամանակաշրջանի պատմությունը ուսումնասիրելով պարզվում է, որ ԱՄՆ լուրջ նախապատրաստվել էր այս քաղաքական իրադարձությանը, քանի որ հեղաշրջմանը հաջորդած տարիների ընթացքում ԱՄՆ-ից դեպի Իրան ուղղվեց ամերիկացի տնտեսական ու ռազմական խորհրդատուների և մասնագետների մեծ հոսք:
Հեղաշրջումից հետո շահը Սպիտակ տանը հղած նամակում ԱՄՆ-ից շտապ օժանդակություն խնդրեց՝ տիրող իրավիճակը բնութագրելով որպես «Իրանի տնտեսական ու ֆինանսական անբարենպաստ վիճակ»։ Նամակին ի պատասխան ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Էյզենհաուերը 45 միլիոն դոլար անվերադարձ օգնություն է տրամադրում Իրանին: ԱՄՆ-ի վերջնական նպատակն էր լիարժեքորեն իր ազդեցությունը հաստատել Իրանում, ինչը միևնույն ժամանակ զուգորդվում էր Իրանի հասարակության դեմ քաղաքական բռնաճնշումներով: Իրականում ԱՄՆ-ի հետ շահի ռեժիմի հարաբերությունները ձևավորվեցին պատմական այս ժամանակահատվածից հետո և հող նախապատրաստեցին Իրանում ԱՄՆ-ի ազդեցության մեծացման համար:
Թեհրանի համալսարանի ուսանողները Նիքսոնի ուղևորության, ինչպես նաև Իրանի նավթի արդյունաբերության ազգայնացման շարժման պատճառով Իրան-Բրիտանիա հարաբերությունների խզման մասին տեղեկության հրապարակումից հետո բողոքի ցույց կազմակերպեցին: Սակայն այդ բողոքները ուսանողների դեմ կատարված գործողություններով և դաժան բռնությունների կիրառմամբ արյան գույն ստացան: Համալսարանում զինված ուժերի ներկայության դեմ ուսանողների բողոքները ոչ միայն անտեսվեցին, այլև նրանց ձերբակալելու համար ոստիկանական ուժեր մտան Տեխնիկական ֆակուլտետի շենքը: Տեխնիկական ֆակուլտետում ուսանողների և ոստիկանության ուժերի միջև բախումները սաստկացան և նրանք կրակեցին ուսանողների վրա, որի հետևանքով սպանվեցին երեք ուսանողներ՝ Մոսթաֆա Բոզորգնյան, Ազար Շարյաթ Ռազավին և Ահմեդ Ղանդչին:
Այս ցավալի իրադարձություններին զուգահեռ ազար ամսվա 17-ին՝ Նիքսոնի Թեհրան ժամանելուց հետո մայրաքաղաքի բոլոր համալսարանները դասադուլ հայտարարեցին։ Նիքսոնը անգամ իրավաբանության պատվո դոկտորի աստիճան ստանալու համար ներկայացավ Թեհրանի համալսարանի իրավաբանության ու քաղաքագիտության ֆակուլտետ։ ԱՄՆ նախագահի տեղակալի այցի կապակցությամբ օրաթերթերից մեկը «Երեք կաթիլ արյուն» խորագրով բաց նամակ է ուղղում նրան։ Նամակում, ակնարկելով իրանցիների հյուրասիրության ավանդույթներին և հյուրի ոտքերի առջև մատաղ անելու սովորությանը, գրված էր. «Պարոն Նիքսոն, Ձեր ներկայությունն այնքան արժեքավոր ու ցանկալի էր, որ Ձեր ոտքերի առջև զոհեցին այս երկրի լավագույն երիտասարդ ուսանողներից երեքին»:
Նման ցավալի նախադեպը պատճառ հանդիսացավ, որպեսզի ազար ամսվա 16-ը ուսանողի օր հռչակվի:
Ավելի քան կես դար է անցել այդ դեպքից, սակայն այդ օրը ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության և իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի փառահեղ օր է համարվում: Քանզի ազարի 16-ի դեպքը շրջադարձային նշանակություն ունեցավ Իրանում ուսանողության ազատամիտ ինքնության ձևավորման գործում:
Այսպիսով հեղափոխական այս շարժումը ելակետ դարձավ Իրանի ուսանողության համար, որը ևս մեկ անգամ արտահայտվեց 1979 թվականին։
Իմամ Խոմեյնիի գլխավորած իսլամական հեղափոխության հաղթանակով և ուսանողների թափած արյամբ նոր էջ բացվեց Իրանի պատմության մեջ:
Իրանի ժողովրդի պայքարի պատմության մեջ ազար ամսվա 16-ի հավերժացումը վկայում է իսլամական հեղափոխության պատմության ցանկացած ժամանակահատվածում իմպերիալիզմի դեմ պայքարի ասպարեզում Իրանի ժողովրդի կենսունակության և ակտիվության մասին: ԻԻՀ համակարգն իր հակաիմպերիալիստական էությամբ արտացոլում է Իրանի ժողովրդի խաղաղասիրությունն ու փոխըմբռնման գնալու պատրաստակամությունը:
Պետք է նշել, որ Ազար ամսվա 16-ի դեպքերը ևս մեկ էջով ավելացրեցին Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական պատմությունը, որը դեռ շարունակվում է: Իրանցիները զգայուն են իմպերիալիստական քաղաքականության նկատմամբ և միշտ պատրաստ են պայքարել նմանատիպ դրսևորումների դեմ։ Ասվածի ապացույցը աբան ամսվա 13-ն է, որը Իրանի օրացույցում նշված է, որպես համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օր՝ հիշեցնելով Իրանի իսլամական հեղափոխության պատմության կարևոր մի իրադարձություն: Այս իրադարձություններից յուրաքանչյուրը վկայում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի հաստատակամ պայքարն ավելի քան երեք տասնամյակ շարունակվելու մասին:
Ընդհանուր գնահատական տալով կարելի է ասել, որ ԱՄՆ-ի վարած այսօրվա քաղաքականությունը համարվում է նույն նպատակների շարունակությունը:
Օհայոի Հայդելբերգի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Առնոլդ Օլիվերը համոզված է, որ նախքան Իրանի հետ ամերիկացիների թշնամությունը հասնի անդարձելի կետի, ԱՄՆ-ն իրապես կարիք ունի Իրանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի գիտակից ու տրամաբանական ազգային քննարկման: Այդ քննարկումը պետք է սկսվի 1953 թվականին հաջորդած կարևոր իրադարձություններից և հասնի մինչև մեր օրերը։
Նա ասել է. «Այս իրադարձություններին անաչառ գնահատական տալը կպարզի թե ինչու է Իրանի ժողովուրդն ատում ԱՄՆ-ի պետայրերին»:
Իրականում ԱՄՆ-ի ներկայիս և անցյալի քաղաքականությունները բազմաթիվ ընդհանրություններ ունեն, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ն դեռ շարունակում է Իրանին նայել անցած դարի իրողությունների համատեքստում:
Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն այս ամբողջ տարիների ընթացքում երբևէ չի դադարել: Վերջին տարիների ընթացքում ավելի են բացահայտվում ԱՄՆ-ի իմպերիալիստական էության մաս կազմող և թշնամական վերաբերմունքի պատճառ հանդիսացող տարբեր պատճառներ:
Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ լինի դա միջուկային հարցը, թե Իրանի հետ ուղղակի բանակցային գործընթացը ապացուցում է, որ ԱՄՆ-ի հայացքը դեպի Իրանը միշտ վերից է եղել։ Այս ամենի պատճառը, անկասկած, Իրանի հանդեպ թշնամական քաղաքականությունն է:
Իրականությունն այն է, որ իսլամական հեղափոխությանը հաջորդած բոլոր տարիների ընթացքում Իրանի հանդեպ ԱՄՆ-ի հայացքը մշտապես եղել է ապակառուցողական և մշակվել է իմպերիալիստական քաղաքականության սկզբունքից ելնելով: